«Կարդինալ Աղաճանեան» կենտրոնում տեղի ունեցաւ Սբ. Խորանի սպասաւորների եռօրեայ հոգևոր կրթութիւն
Յունիսի 28-30-ը Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Կարդինալ Աղաճանեան» կենտրոնում կազմակերպուեց Սուրբ Խորանի սպասաւորների պատրաստութիւն և հոգևոր կրթութիւն՝ նախաձեռնութեամբ Փանիկի հայ կաթողիկէների ժողովապետ և Առաջնորդութեան երիտասարդաց խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի: Մասնակցեցին մօտ վեց տասնեակ պատանիներ՝ Հայաստանի տարբեր կաթողիկէ համայնքներից՝ իրենց հոգևորականների հետ միասին:
Առաջին օրը պաշտօնական բացման արարողութեան ժամանակ Հ. Գառնիկն իր խօսքում յստակեցրեց այս եռօրեայ կրթութեան նպատակը, որն ինչպէս ամէն տարի, նոյն տրամաբանութեան մէջ է.
«Ճանաչել Քրիստոսի Անձը, առաւել զարգացնել Տիրոջ հետ մտերիմ յարաբերութիւնը, առաւել հմտանալ Խորանի ծառայութեան առաքելութեան մէջ, որպէսզի մի օր զգան կոչում՝ ծառայելու Աստծուն՝ որպէս հոգևորականներ»:
Գերպ. Հ. Եղիա Վրդ. Դերձակեանը, Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսեանը և Տ. Յովսէփ Քհն. Գալստեանը ևս ողջունեցին սպասաւորներին և խօսեցին այս օրերի կարևորութեան, Խորանի սպասաւորութիւնը ամենայն լրջութեամբ և երկիւղածութեամբ մօտենալու անհրաժեշտութեան մասին:
Օրուայ երկրորդ կէսին Սուրբ Պատարագ մատուցեց Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը: Ապա Տ. Նարեկը բանախօսեց «Սպասաւորութիւնը՝ ծառայութիւն Եկեղեցում» թեմայով՝ ընդգծելով սպասաւորների լաւ պատրաստուածութեան կարևորութիւնը, որպէսզի օրինակ ծառայեն նաև իրենց տարեկիցներին, Սուրբ Սեղանի առջև ամեն բան ճշգրիտ կատարելու մասին: Սպասաւորներն Աստծոյ ծառաներ են, որոնք կոչուած են օգնելու քահանաներին՝ մատուցելու Պատարագը:
Խորանի սպասաւորութեան և երգեցողութեան դասընթացները վարեցին Յովհաննէս Միքայելեանը և Գևորգ Թովմասեանը: Երեկոյեան միասին աղօթեցինք Վարդարանի աղօթքը՝ սպասաւորների դիտաւորութեամբ: Ընթրիքից յետոյ սպասաւորները դիտեցին մի փաստագրական ֆիլմ՝ Սրբուհի Մայր Թերեզայի մասին:
Երկրորդ օրը սկսուեց Սուրբ Պատարագով, որ մատուցուեց ձեռամբ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչեանի:
Նախաճաշից յետոյ հոգևոր կոչման մասին բանախօսեց Սրբոց Հրեշտակապաետաց Միացեալ Հոգևոր ճեմարանի փոխ տեսուչ Գերպ. Հ. Պետրոս Վրդ. Մարաշլեանը, նաև ճեմարանական Սիմավոն Մկրտչեանը: Օրուայ երկրորդ կէսին սպասաւորները նաև դիտեցին մի ֆիլմ, որը ներկայացնում էր Միացեալ Հոգևոր Ճեմարանի ներկայիս գործունէութիւնը, տեսուչ Գերպ. Հ. Մաշոց Վրդ. Զահթերեանի խօսքը և առիթն ունեցան մտածելու քահանայական ծառայութեան մասին: Հ. Պետրոսի բանախօսութիւնից յետոյ մի քանի պատանիներ յայտնեցին իրենց մտքերը՝ քահանայական ծառայութեան պատրաստուելու մասին:
Իմ բանախօսութեան մէջ ես սպասաւորների ուշադրութիւնը հրաւիրեցի Յիսուսի Սուրբ Սրտի նկատմամբ ջերմեռանդութեան վրայ՝ սպասաւորներին անուանելով «Յիսուսի Սուրբ Սրտի հրավառ, լուսաշող մասնիկներ», ինչպէս վերնագրել էի նաև թեման:
Խօսեցի Յիսուսի Սրտի մասին՝ որպէս աստուածային ողորմութեան կատարեալ արտայայտութիւն, որտեղ տեղ ունի իւրաքանչիւր մարդ արարած, և մանաւանդ Խորանի սպասաւորները, որոնք կատարում են հրեշտակների գործը՝ երկրի վրայ և կոչուած են մարդկանց փոխանցելու Յիսուսի սէրը՝ Սուրբ Խորհուրդների, մանաւանդ, Սուրբ Զոհի մատակարարմանը իրենց մասնակցութեամբ: Կատարեցինք նաև Սուրբ Սրտին նուիրման, Լիթանիայի աղօթքները, իսկ ընթրիքից յետոյ՝ Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւն:
Երրորդ օրը սկսուեց Սուրբ Պատարագի մատուցմամբ՝ ձեռամբ Գերպ. Հ. Եղիա Վրդ. Դերձակեանի: Երգեցողութեան դասընթացից յետոյ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչեանը խօսեց «Սրտով սպասաւորում եմ Սուրբ Խորանին» վերնագրով թեմայով, որտեղ ընդգծել է ծառայութեան անկեղծութեան, սրտաբուխ, ոչ ձևական լինելու մասին, քանի որ սրանք սպասաւորութեան այն յատկանիշներն են, որոնք նմանեցնում են հրեշտակների երկնային դասերին, որոնք անդադար փառաբանում են Տիրոջը՝ Երկնքում:
Սպասաւորներին տրուեց նաև բացատրութիւն՝ եկեղեցական սպասքի և զգեստների մասին, քանի որ ամեն տարի նոր պատանիներ են գալիս և միշտ կարիքը կա սովորեցնելու ծառայութեանը առնչուող բոլոր մանրամասները: Հայր Գառնիկը գոհունակութեամբ ամփոփեց եռօրեայ կրթութիւնը և աղօթեց, որ լինի արդիւնաւէտ համայնքային հոգևոր ծառայութեան մէջ:
Տ. Յովսէփ Քհն. Գալստեան
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ