Առաջնորդական Տեղապահ է նշանակուել Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը 2021թ. սեպտեմբերի 23-ին Հռոմում կայացած Հայ Կաթողիկէ Սինդոոսի ընտրութիւնների արդիւնքում ընտրուեց Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ անունով, բայց Պատրիարք Կաթողիկոսի պարտականութիւններին զուգահեռ, Հռոմի Սուրբ Աթոռի տնօրինութեամբ, կշարունակի կատարել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի կաթողիկէ հայոց Առաջնորդի պարտականութիւնները՝ մինչև Եպիսկոպոսաց Սինոդի յաջորդ գումարումը՝ նոր Առաջնորդ Եպիսկոպոս ընտրելու համար:
Մինչ այդ 2021թ. նոյեմբերի 2-ի որոշմամբ Ամեն. Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը որպէս իր տեղապահ նշանակեց Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսեփեանին, ով հանդէս է գալու Կաթողիկոս Պատրիարքի անունից և Առաջնորդութեան ընթացիկ հարցերի վերաբերեալ որոշումներ է կայացնելու՝ Կաթողիկոս Պատրիարքի հետ խորհրդակցելուց յետոյ:
Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսեփեանի կենսագրութիւնը
Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը՝ աւազանի անունով Գառնիկ Յովսէփեան, ծնուել է 1976 թուականի մայիս 20-ին՝ Սուրիոյ Մելիքիէ քաղաքում: Նախնական կրթութիւնը ստացել է տեղի ծխական դպրոցում՝ Եփրատի Ազգային վարժարանում:
1987-1990թթ. սովորել է Հալէպի Մխիթարեան վարժարանում, ապրել՝ Զմմառու Միաբանութեան Սուրբ Վարդանանց փոքր դպրեվանքում, որի մեծաւորն էր Հ. Էմմանուէլ Վրդ. Տապպաղեանը:
1990-1995թթ. ուսանել է Վիեննայի Մխիթարեան Միաբանութեան նորընծայարանում: Վիեննայի «Հագէր Միւլլէր» Պետական Բարձրագոյն Դպրոցը յաջողութեամբ աւարտելուց յետոյ մեկնել է Լիբանան՝ Զմմառ, եւ Պօղոսեան Հայրերի կաճառում հետեւել Փիլիսոփայութեան նախապատրաստական դասընթացքներին:
1996թ. մեկնել է Հռոմի Լեւոնեան Քահանայապետական հայ վարժարան եւ բարձրագոյն կրթութիւնը շարունակել Հռոմի Սուրբ Թովմաս Աքուինացու Քահանայապետական համալսարանում՝ ուսանելով Աստուածաբանութիւն եւ Փիլիսոփայութիւն: 6-ամեայ համալսարանական դասընթացը աւարտել է 2002 թ.՝ ստանալով Փիլիսոփայութեան եւ Աստուածաբանութեան բակալաւրի աստիճան:
2002 թուականի սեպտեմբեր 14-ին՝ Սուրիոյ Բարձր Ճեզիրէի թեմում օծուել է կուսակրօն քահանայ՝ ձեռամբ Արհի. Տէր Պետրոս Արքեպս. Միրիաթեանի: Նոյն թուականին ստանձնել է Սուրիոյ Հասաքիէ քաղաքի Սուրբ Ընտանեաց Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ ժողովրդապետի պաշտօնը եւ ծառայել մինչեւ 2012 թուականը:
2013 թուականին՝ որպէս ժողովրդապետ իր հոգեւոր առաքելութիւնն է շարունակել Գամիշլիի Սուրբ Յովսէփ Աթոռանիստ Եկեղեցւոյ մէջ:
2014 թուականի փետրուարին՝ տեղափոխուելով Մայր Հայրենիք, որպէս փոխժողովրդապետ իր հովուական գործունէութիւնն է սկսել Շիրակի մարզկենտրոն Գիւմրիում եւ Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիւանդանոցում, ծառայել է նաեւ Աշոցքի տարածաշրջանի Սարագիւղ, Բաւրա, Սիզաւէտ եւ Ղազանչի Հայ Կաթողիկէ համայնքներում:
2015 թուականի փետրուար 20-ին Հայր Գառնիկ Վրդ. Յովսէփեանը նշանակուեց Փանիկ համայնքի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ ժողովրդապետ-հոգեւոր հովիւ:
2015 թուականի հոկտեմբեր 12-ին՝ կղերական ժողովի ընթացքում, Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի կողմից նշանակուել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան Երիտասարդաց միութեան նախագահ եւ համակարգող:
2017 թուականի յունիս 18-ին՝ քահանայական ձեռնադրութեան 15-ամեակի կապակցութեամբ, Գերպ. Հայր Գառնիկ Վրդ. Յովսէփեանին շնորհուեց ծայրագոյն վարդապետի աստիճան՝ ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի եւ խարտաւիլակութեամբ՝ Վաստակաւոր Արքեպիսկոպոս Նշան Գարաքէհէեանի:
Աղբիւրը` armenianchurchco.com
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ