Հայ եկեղեցւոյ Խորհրդոց մատեանի պատմական հոլովոյթը. Հ. Մովսէս Վրդ. Տօնանեանի շաբաթական հաղորդաշարը (26)
ԻԶ. Հաղորում
Այսօրուայ հաղորդումի ընթացքին, պիտի անդրադառնանք հնաւանդ Մաշտոցի Կանոններու ակունքին:
Թ. և Ժ. դարերուն ընդօրինակուած՝ Երեւանի Մաշտոցեան Մատենադարանի և Վենետիկի երկաթագիր հազուագիւտ ձեռագիր Մաշտոցները մեզի հասած ամենավաղ ծիսական ժողովածուներն են: Հաւանաբար, այս հնաւանդ Մաշտոցներու մէկ մասը ձեւաւորուած է ըստ աւանդութեան Դ. դարուն, սուրբ Գրիգոր Լուսաւորչի օրոք, երբ կազմուած էր ծիսակատարութիւններու որոշակի համակարգ մը յունարէն և ասորերէն: Ե. դարուն, այս ժողովածուներն վերանայուեցան և հայացան Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթեւի կողմէ, ինչպէս կը գրէ Մ. Չամչեանց, իր Հայոց Պատմութեան մէջ (հ. Ա, Եր., 1985, էջ 768). «Այս ամենայն եկեղեցական կարգաւորութիւնք թէպէտ և ի սկզբանէ հետէ յաւուրց անտի Լուսաւորչին կային ի Հայս, բայց ըստ յունաց և ասորւոց, որպէս յայտ է ի բանից Կորեանն (Կորիւնի) և Փարպեցւոյն, իսկ Սուրբն Սահակ և Մեսրոպ ընդ որս և աշակերտք նոցին նորոգ եդին ի կարգ վայելուչ զամենայն, և զարդարեալ պայծաոացուցին զեկեղեցիս Հայաստանեայց»:
Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւն իրենց աշակերտներու օգնութեամբ անմիջական մասնակցութիւն բերին հայոց ծիսակատարութեան կարգաւորման, քանի առաջին հերթին քրիստոնէական հիմնական ծէսերը պէտք էին հայերէնի փոխուիլ, որ մինչ այդ կ'ըլլային յունարէն կամ ասորերէն: Զարբհանալեան իր Պատմութիւն հայոց հին դպրութեան (Դ. - ԺԳ. Դար) մէջ կը գրէ՝ թէ «Մեսրոպ իր այնչափ աշխատանաց մէջ անդադար էր և ի թարգմանութիւնս. ինքը առաջինը եղաւ որ իր աշակերտաց գլխաւորներուն հետ միասին հայերէն գրոց գիւտը յԱստուծոյ ընդունածին պէս, սուրբ գրոց թարգմանութեան ետեւէ եղաւ. դարձեալ ինքն եղաւ ազգային եկեղեցական ծիսարանը կարգի դնող այլևայլ աղօթքներու թարգմանութեամբ կամ ինքնագիր յօրինմամբ»:Իսկ Չամչեանց կ'աւելցնէ. «Զայս գիրք լրացոյց նա ինքն Սուրբն Մեսրոպ, զի ժողովեալ ի ձեռն աշակերտաց զնախնի հարց աղօթս և զկարգ ընթերցուածոց' յաւել և ինքն բազում ինչ. և հնութեամբ Սրբոյն Սահակայ արար ծիսարան պաշտամանց եկեղեցւոյն Հայոց. և զի ինքն Մեսրոպ՝ Մաշտոց կոչիւր, այն գիրք եւս յանուն նորա Մաշտոց կոչեցաւ և կոչի մինչեւ ցայսօր, յոր յաւել ինչ-ինչ և Յոհան Մանդակունին (478-490), և յետ ժամանակաց նաեւ այլք»: Յիրաւի, երանելի թարգմանիչն սուրբն Մեսրովբ Մաշտոցը սուրբ Խորհուրդներու մատակարարութեան գեղեցիկ կարգերը, և աստուածիմաստ օրէնքերը, օրհնութիւնները եւ աղօթները ըստ այլեւայլ պիտոյից հաւատացելոց Հայ Եկեղեցւոյ աւանդելուն համար, և իր ամենայն մասերով և յoրինուածքով գրապանծ և ոսկեգեղ հանդիսանալուն համար՝ իր մականուամբ յորջորջեցաւ Մաշտոց գիրք: Հետագային այս գործը շարունակեցին և լրացուցին անոր աշակերտները. ինչպէս նաեւ Մաշտոց Ա. Եղիվարդեցին (897-898), Մաշտոցը ճոխացնող՝ Գրիգոր Բ. Վկայասէրը (1066-1105), որ ԺԱ. դարուն ասորերենէ թարգմանեց և նոր խմբագրութեամբ ընդլայնեց Ս. Եփրեմի յօրինած Ոտնլուայի ամենահին կարգը: Սակայն ԺԸ. ԺԹ. դարերուն, «Ոտնլուան» հանուած է Մաշտոցէն և «Աւագ Շաբաթ» գիրքին կամ Ճաշոցին մէջ տեղադրուած է:
Այնուհետեւ, Ներսէս Դ. Շնորհալին (1166-1173), որ իր երաժշտական ստեղծագործութիւններով՝ ամբողջացուց ու կանոնաւորեց հայկական եկեղեցական երգերու տարուան պաշտամունքային բոլոր կարգերը, որուն համար «Երգեցող» պատուանունին եւս արժանացաւ, որ հազուագիւտ անձերու տրուած է պատմութեան ընթացքին: Վերջապէս՝ Գրիգոր Տաթեւացին (1346-1409) և այլ ոք:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ