Հոգևոր դասի հոգևոր կրթութիւն և աշխատաժողով
2024թ․ դեկտեմբերի 16-19-ը Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան մէջ տեղի ունեցան Սուրբ Ծննդեան տօնին ընդառաջ քահանայական հոգևոր կրթութեան և աշխատանքային ժողովների օրեր՝ նախագահութեամբ Արհի․ Տ․ Գէորգ Արքեպս․ Նորատունկեանի։ Մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում ծառայող վարդապետներն ու քահանաները։
Առաջին օրը նուիրուեց հոգևոր կրթութեանը՝ բանախօսութեամբ Առաջնորդ Հօր՝ <<Պատրաստում եմ իմ մսուրը>> բնաբանով։ Սրբազան Հայրը հոգևոր դասին հրաւիրեց ներամփոփ խորհրդածութեան նիւթ դարձնել հետևեալ կէտերը․
1․ ինչպիսի՞ն էր Յիսուս Մանկան ծննդեան քարայրը Բեթղեհէմում․ աւետարանական պատկերի յարուցած մտքերը և զգացումները,
2․ Յիսուսի մսուրը քահանան է,
3․ Յիսուսի մսուրը Եկեղեցին է և համայնքը, որտեղ ծառայում է քահանան,
4․ ի՞նչ կապ կայ Յիսուսի մսուրի և Խաչի միջև, ինչպէ՞ս է դա արտայայտւում հոգևոր հովիւի կեանքում։
Առաջնորդ Հայրը իր եղբայրակից հոգևորականներին հրաւիրեց այս չորս կէտերի շուրջ խորհրդածութիւնը պսակել հետևեալ յանձնառութեամբ․ սեփական քահանայական ծառայութիւնը վերարժևորել որպէս Յիսուսի ներկայութեան վայր՝ մի տեսակ մսուր, Աստուծոյ ժողովրդին Կենաց Հացով՝ Յիսուսով, ջամբելու հնարաւորութիւն, որը պէտք է օգտագործել առաքեալի ջերմեռանդութեամբ։ Առաջնորդ Հայրը նաև քահանաներին հրաւիրեց նորովի ընկալել Քրիստոսի հետ իրենց յարաբերութիւնները, նոր լոյսի տակ ընկալել սրբազան խորհուրդները, մանաւանդ, Սուրբ Հաղորդութիւնը, որի հետ քահանան առնչւում է ամենամտերիմ ձևով։
Այս և շատ այլ հարցերի շուրջ քահանայական դասը խորհրդածեց աղօթական և եղբայրական մթնոլորտի մէջ՝ յոյսի և նոր խանդավառութեամբ հայ կաթողիկէ համայնքների համար աշխատելու պատրաստակամութեամբ։
Յոյսի մասին դեկտեմբերի 18-ին առաւել մանրամասն խօսեց Հայաստանում և Վրաստանում Պապական Նուիրակ Արհ․ Տ․ Անտե Արքեպս․ Յոզիչը, ով ներկայ գտնուեց քահանայական աշխատանքային ժողովի բացմանը՝ Արհ․ Տ․ Գէորգ Արքեպս․ Նորատունկեանի հրաւէրով։ Նորին Գերազանցութիւն Պապական Նուիրակը, որպէս հիմք վերցնելով Ն.․ Ս.․ Ֆրանչիսկոս Պապի կողմից 2025-ը Յոյսի Յոբելենական տարի հռչակելու կոնդակի ուղերձը, խօսեց քրիստոնէական յոյյսի մասին և միասնաբար աշխատելու իր տեսլականի մասին։ Նա իր խօսքում ասաց․
«Ամենից առաջ այսօր անհրաժեշտ է բացայայտել քրիստոնէական յոյսի առկայութիւնը մեր հասարակութեան մէջ՝ ի պատասխան աշխարհի ժամանակակից մարտահրաւէրներին:
Այսօր ամենից առաջ ես հարցնում եմ ինքս ինձ.
Ինչպէ՞ս քայլել միասին և զարգացնել մեր փոքր համայնքները:
Ինչպէ՞ս կարող ենք յոյսով լցնել մեր հանդիպած նոր սերունդներին:
Մենք ունե՞նք Աստուծոյ յոյսը, թէ՞ պարզապէս լաւատես ենք:
Արդեօ՞ք մենք փորձում ենք զգուշանալ այն կեղծ յոյսերից, որ աշխարհը ներկայացնում է մեզ՝ մերկացնելով դրանց անպետքութիւնը և ցոյց տալով նրանց անիմաստութիւնը»։
Աշխատանքային ժողովներում հոգևոր հայրերը նախ․
-Առաջնորդ Հորը և եղբայրակիցներին ներկայացրեցին իրենց հովուական ծառայութեան դժուարութիւնները, մարտահրաւէրները, հովուական ծառայութեան սեփական տեսլականը, համայնքի հոգևոր զարգացման սեփական պատկերացումները,
- Յաջորդիւ կազմակերպուեցին խմբային քննարկումներ, որոնց արդիւնքում յստակեցուեցին Առաջնորդութեան առաջիկայ 5 տարիների Ընդհանուր Հովուական Ռազմավարութեան ուրուագիծը և առաջիկայ 1 տարուայ գործողութիւնների ծրագիրը։ Տեղի ունեցաւ Հովուական տեսլականի և առաքելութեան վերարժևորման միասնական փորձ՝ խնդրելով Սուրբ Հոգու առաջնորդութիւնը՝ հայ կաթողիկէ հաւատացեալներին առաջնորդելու համար դէպի առաւել հարուստ հոգևոր ապրում և սրբութիւն։
Առաջնորդ Հոր խնդրանքով նաև կազմուեց 2025-ի Յոյսի Յոբելենականն տարուայ գործողութիւնների ծրագիրը և կազմակերպչական յանձնախումբը։ Հոգևոր կրթութեան և աշխատանքային ժողովների օրերը փակուեցին Արհ․ Տ․ Գէորգ Արքեպս․ Նորատունկեանի օրհնութեամբ և միասնական աղօթքով՝ Առաջնորդութեան հոգևոր խնամքին յանձնուած հաւատաւոր ժողովրդի բարօրութեան համար։
Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց,
19․12․2024
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ