Սուրբ Կոյսի Աւետման տօնը` Գիւմրիի Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Տաճարին մէջ
Մարտի 25-ին` Սուրբ Կոյսի Աւետման տօնին, Գիւմրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցում տօնական Սուրբ Պատարագը մատուցեց Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների Աւագերեց Գերպ. Հ. Ներսէս Վրդ. Գալստեանը: Իր քարոզում Հայր Սուրբը հաստատաբների ուշադրութիւնը հրաւիրեց Աստուածամօր մայրութեան կերպարի վրայ: Մայրութիւնը Աւետման տօնի հիմնարար շեշտադրութիւնն է, ասաց Վարդապետը: Նա հրաւիրեց խորհրդածել Սուրբ Կոյս Մարիամի և Գաբրիէլ հրեշտակապետի երկխօսութեանն դրուագի վրայ.
«Երբ Գաբրիէլը Մարիամին փոխանցում է Աւետիսը, Մարիամը վախեցած է: Մենք տեսնում ենք, որ Մարիամը` որպէս դեռատի աղջիկ, դեռևս լիարժէք չի գիտակցում այդ աւետիսի մեծութիւնը, բայց կարողանում է վստահել Աստծուն և ասում է. «Ահաւասիկ, ես մնում եմ քո աղախինը, թող ինձ լինի քո խօսքի համաձայն»»:
Սուրբ Կոյսի մայրութեան մէջ թաքնուած է նաև քրիստոնեայ կնոջ մեծութիւնը: «Իւրաքանչիւր հայ կին և մայր պէտք է այսօր ինքն իրեն հարցնի, թէ որքանով է ինքը քայլում այն ճանապարհով, որով քայլեց Աստուածամայրը, որքանով է ինքը նման Սուրբ Կոյսին»,-հարց տուեց Վարդապետը և շարունակեց.
«Ինչպիսի՜ դժուարութիւնների միջով անցաւ Սուրբ Կոյսը` ի տես իր Որդու չարչարանքների, ինչպիսի՜ս սիրտ էր նրա սիրտը. սիրո՜ղ մայրական սիրտ էր, որը կանչուած էր մեծագոյն առաքելութեան: Եւ մենք տեսնում ենք, որ Տիրամայրն իր խոնարհութեամբ, հնազանդութեամբ ջնջեց առաջին կնոջ մեղքը, որի պատճառով մահը մտաւ աշխարհ: Մարիամը իրաւամբ եկեղեցու հայրերի կողմից կոչւում է Երկրորդ Եւա, կամ նոր կին, որովհետև նա ներկայացնում է նոր կնոջ և նոր մոր կերպար, ով կատարելապէս համաձայն է կատարելու Աստծոյ ծրագիրը` յանուն մարդկութեան փրկութեան»:
Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց
25 մարտի, 2025թ.
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ