«Մենք, նախ և առաջ, Քրիստոսի՜ ծառաներ ենք». Հոգևոր կրթութիւն` Յարութեան տօնին ընդառաջ
2025թ. մարտի 17-20-ը Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում հոգևոր դասի համար կազմակերպուեց Սուրբ Յարութեան տօնի պատրաստութեան հոգևոր կրթութիւն` օրհնութեամբ Առաջնորդ Հայր Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանի: Հոգևոր նիւթերի բանախօսն էր Հայաստանի Աւագերէց Գերպ. Հ. Ներսէս Վրդ. Գալստեանը: Ընդհանուր թեման էր «Հովուական կեանքի մարտահրաւէրները, յատկապէս, հաւատքի ապրումը` եկեղեցաշինութեան և հայրենաշինութեան իտէալականացմամբ:
Հոգևոր կրթութեան շեշտադրութիւնը քահանայի կամ վարդապետի կողմից իր հոգևոր ծառայութեան իմաստի և նպատակի վերարծարծումն ու վերարժևորումն էր` հետևեալ հիմնարար հարցադրումների հիման վրայ.
-ու՞մ եմ ես ծառայում, Տէր Յիսուս Քրիստոսի՞ն և Նրա Սուրբ Եկեղեցու՞ն, թե՞ ինձ կամ ուրիշին, կամ, գուցէ, այլ նպատակների համար, որոնք խորթ են քահանայութեանը,
-ինչպիսի՞ն է իմ քահանայական առաքելութիւնը, որքա՞ն խորն է իմ նուիրումը, որքա՞ն ժամանակ եմ տրամադրում իմ ծառայութեանը և մարդկանց հոգևոր կարիքներին,
-ի՞նչ կարող եմ անել աւելին` իմ հոգևոր հոգածութեանը յանձնուած ժողովրդի հոգևոր և բարոյական վերելքի համար, հոգևոր եկեղեցաշինութեան համար,
-արդյօ՞ք լիակատար ներդաշնակութեան կայ իմ քարոզի և իմ իրական կեանքի միջև,
-ինչպէ՞ս եմ ընկալում հայրենասիրութիւնը` հոգևոր տեսանկիւնից` որպէս քրիստոնեայ և որպէս Քրիստոսի ծառայ, քահանայ, որ ծառայում է իր հայրենիքում և հայրենի ժողովրդի համար:
Այս հիմնական հարցադրումներին զուգահեռ Հ. Ներսերն իր բանախօսութիւններում եղբայրակից քահանաների ուշադրութիւնը հրաւիրում էր քահանայական ծառայութեան իրական մարտահրաւէրների և խնդիրների վրայ, որոնց առերեսուելու փորձառութիւնն ունեցել է ոչ միայն ինքը, այլեւ` ամբողջ Առաջնորդութիւնը: Նրա կարծիքով, վերոյիշեալ հարցերի պատասխանների ճշգրտումը իւրաքանչիւր քահանայի համար կօգնի ճիշտ դիմագրաւել մարտահրաւէրներին` եկեղեցական տեսանկիւնից և Աստուծոյ համար ընդունելի լուծումներ գտնել խնդիրներին: Որպէսզի քահանան իսկապէս գործի որպէս Քրիստոսի հաւատարիմ ծառայ, հարկաւոր է, որ նա ձերբազատուի իրեն այդ ծառայութեան բնոյթից շեղող որևէ նպատակից կամ դրդապատճառից, որոնք կարող է աշխարհը ներկայացնել որպէս լուրջ մարտահրաւէր և խոչընդոտ` լիարժէք քահանայական ծառայութեան համար:
«Մենք, նախ և առաջ, Քրիստոսի՜ ծառաներ ենք, Քրիստոսի առաքեալներն ենք, հայրենի հայ կաթողիկէ ժողովրդի ծառաներն ենք, և մեր սեփական ես-ի կամ ընտանիքի մասին հոգատարութիւնը չպէտք է վնասի այս հիմնարար առաքելութեանը», շեշտում էր Հայր Ներսէսը:
Հայրենաշինութիւնը նրա դամբանախօսութիւնի վերջին հանգրուանն էր, որտեղ նրա խօսքը կառուցուեց հետևեալ հիմնարար սկզբունքի վրայ` հոգևորականը հայրենիքի պաշտպան է` զինուորի նման, հետևաբար իր աստուածաւանդ առաքելութեան ծիրի մէջ միշտ պէտք է միշտ լինի հայրենի արժէքները, հայրենական ինքնութիւնն ու դիմագիծը ամուր պահելու և ճոխացնելու նպատակը` Տիրոջ Աւետարանի լոյսի ներքոյ և ժողովրդի սրբացման տեսլականով:
Քննարկումների ընթացքում կարևոր միջամտութիւններ էր անում նաև Առաջնորդ Հայրը և նպաստում միասնական ընկալման, մի իւրօրինակ սիմֆոնիայի կամ ներդաշնակութեան ձևաւորմանը: Ի դէպ, հոգևոր կրթութեան օրերին մասնակից հոգևորականները գեղեցիկ առիթն ունեցան նաև ունկնդրելու Ժոզեֆ Հայդնի «Աշխարհի արարումը» սիմֆոնիան` Արամ Խաչատրեան համերգասրահում: Սրբազան Հայրը օրինակ բերելով այդ սիմֆոնիկ նուագախումբը և երգիչներին` բացատրեց իւրաքանչիւրի իւրայատուկ ծառայութեան և նուիրումի կարևորութիւնը, որպէսզի ընդհանուր առաքելութիւնը նմանուի մի հոգեզմայլ և աստուածային ներդաշնակ երաժշտութեան: Աստուծոյ արարչագործութիւնը ևս մի ներդաշնակութիւն է և կատարեալ աստուածային սիրոյ արդիւնք:
Հոգևոր կրթութեան աւարտին տեղի ունեցաւ նաև աշխատանքային ժողով` որոշ մարտահրաւէրներին առաւել գործնական ձևով արձագանքելու և հովուական ընդհանուր ռազմավարութիւնը վերանայելու նպատակով:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ