Որոնել

Կարդինալ Պենիամինօ Սթելլա Կարդինալ Պենիամինօ Սթելլա 

Ողորմածութիւնը կեդրոնական առանցք քահանայական կրթութեան մէջ:

Սուրբ Աթոռի գերատեսչութիւնների պատմութիւնը, նպատակը եւ պիւտճէն. հայեացք ներսից: Ինչպէս են գործում այն գերատեսչութիւնները, որոնք աջակցում են Սրբազան Քահանայապետի գործունէութեանը: Կարդինալ Պենիամինօ Սթելլան ներկայացնում է Կղերի Ժողովը:

Ալեսսանտրօ Տէ Քարոլիս – Վատիկան

Ճեմարանը լաբորատորիա է, որտեղ կերտում են ո՛չ միայն միտքը, այլեւ՝ հոգին, որտեղ ձեւաւորւում է մարդկային մարմնի իւրաքանչիւր նեարդ եւ կերպարանք է առնում մարդը, ով կոչուած է դառնալու հոգիների հովիւ:

Կղերի Ժողովը յանձնառութիւն ունի ապահովելու քահանաների կրթութիւնը: Վերջինիս գործունէութեան շրջանակն ընդգրկում եւ կառավարում է հոգեւորականների կեանքի բոլոր կողմերը: Գերատեսչութեան տարեկան պիւտճէն կազմում է մօտաւորապէս երկու միլիոն եւրոյ (ըստ 2021 թուականի տուեալների):

Գերատեսչութեան կառավարիչ Կարդինալ Պենիամինօ Սթելլան իր աշխատակիցների գործունէութիւնը ներկայացնում է Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի նախանշած ուղեգծով, որ տանում է դէպի Եկեղեցի, որին ծառայում եւ առաջնորդում են իմաստուն մարդիկ, եւ, աշխատող ձեռքերը, որոնք ամբողջ աշխարհում վերստին կեանքի են կոչում բարի Սամարացու կերպարը:

Կարդինալ Սթելլան Քիւրէ Տ՛արսի պատկերին առջեւ
Կարդինալ Սթելլան Քիւրէ Տ՛արսի պատկերին առջեւ

Քահանաները եւ նրանց գործունէութիւնը մշտապէս Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի ուշադրութեան կեդրոնում են: Սրբազան Քահանայապետն իր ուղերձներում բազմիցս անդրադարձել է քահանայական կեանքի որոշ սկզբունքների: 2019 թուականի օգոստոս 4-ին՝ Սուրբ Ժան Մարի Վիաննեյի (Արսի Քահանայ) մահուան 160-րդ տարելիցի առթիւ գրուած նամակը Նորին Սրբութեան առանձնայատուկ ընծան է քահանաներին՝ հիմնուած նրանց կեանքի փորձառութեան վրայ: Երբ կարդում ենք Սրբազան Քահանայապետի նամակը՝ այնպիսի տպաւորութիւն է, կարծես նա տեսնում է, թէ ինչպէս են իր «եղբայր քահանաները» «լուռ» թողնում ամէն ինչ եւ անձնուիրաբար ծառայում համայնքներին, աշխատում «խրամատներում» եւ յայտնւում ամենատարբեր իրավիճակներում՝ ցոյց տալով «իրենց դէմքը», սակայն «մեծ կարեւորութիւն չտալով սեփական անձին, որպէսզի կարողանան հոգալ եւ առաջնորդել Աստծոյ ժողովուրդին»:

Այսպիսով, Նորին Սրբութիւնը բացայայտում է քահանայի «կարեւոր» ինքնութիւնը: Իրականում, խօսքը կատարեալ քահանայի մասին չէ, որը գոյութիւն չ’ունի: Սրբազան Քահանայապետն իր խօսքն ուղղում է այն քահանաներին, ովքեր «տարբեր հանգամանքներում, անխօս եւ զոհաբերելով սեփական անձը, նուիրւում են Աստծուն եւ Նրա ժողովուրդին ծառայելուն՝ տարածելով Աւետարանի խօսքը, մատուցելով Սուրբ խորհուրդները, ինչպէս նաեւ վկայելով ողորմութիւնը՝ գրում են քահանայական կեանքի լաւագոյն էջերը»: Չնայած որոշ հոգեւորականների գործած մեղքերին, երբեմն նաեւ ոճիրներին, որոնց մասին բարձրաձայնում է Սրբազան Քահանայապետը՝ միեւնոյն ժամանակ ընդգծելով, որ կան նաեւ «բազմաթիւ քահանաներ, ովքեր տեւական եւ ամբողջական կերպով (…) իրենց կեանքը նուիրում են ողորմութեան գործերին»:

Նորին Սրբութիւնն ասում է, թէ սեփական կեանքը նուիրելուց զատ՝ ողորմութիւնն է քահանայի «ազնիւ առանձնայատկութիւնը», որ ուրուագծում է նրան Քրիստոս Բարի Հովուի կերպարով: Սա կեանքով լեցուն կեցուածք է, որն ոյժ է ստանում աղօթքի եւ սուրբ խորհուրդների մէջ, որը կերպարանք է առնում եպիսկոպոսի եւ եղբայրների հետ միաբանութեամբ, որն իրականութիւն է դառնում աւետարանացման խանդավառութեամբ, եւ, որը հաստատակամութեամբ եւ «համբերատարութեամբ» աւելի ու աւելի է մօտենում «տառապեալ եղբօրը»: Սրբազան Քահանայապետը նշում է նաեւ մէկ այլ բնորոշ առանձնայատկութիւն՝ «քահանայական վճռականութիւնը», որը «Ratio Fundamentalis Institutionis Sacerdotalis»-ի համաձայն մարդկային անհրաժեշտ հասունութիւնն է, որ պահանջւում է հոգեւոր կարգերի յաւակնորդներից: Ֆրանցիսկոս Պապը ընդգծում է, որ քահանայական գործունէութիւնը ապահովագրուած չէ «տառապանքից, ցաւից եւ նոյնիսկ՝ հասկացուած չլինելուց», որոնց միջոցով ուրուագծւում է Քրիստոսի կերպարանքը, քանզի սրանք յանձնառութիւն են քայլելու հաւատքի եւ աղօթքի ուղիով, որը քահանային «տանում է դէպի Տէրը», ով բժշկում է նրա վիրաւոր հոգին եւ սրբում ոտքերը, որոնք աղտոտուել են «երկրային կեանքի ճանապարհներից»:

Ինքնութիւնը, որ նկարագրւում է Նորին Սրբութեան նամակում՝ Արսի Քահանայի սրբութեան օրինակով բացայայտում է «քահանայի ինքնութեան երկու որոշիչ տարրերը՝ անձնական, սերտ եւ ամուր կապը Յիսուսի հետ եւ կապը Աստծոյ ժողովուրդի հետ»: Այսպիսով, Նորին Սրբութիւնը յորդորում է հետեւել Աստուածամօր օրինակին եւ փառաբանել Տիրոջը: Ուստի, ամփոփելով նամակում ներկայացուած քահանայական կեանքի առանձնայատկութիւնները, կարող ենք ասել, թէ Սրբազան Քահանայապետի պատգամն է, որ այսօրուայ հոգեւորականները լինեն քահանաները Տիրոջ Փառաբանութեան:

Կղերի Ժողովը ժամանակ է յատկացրել եւ ոյժ ու եռանդ չի խնայել՝ խմբագրելու նոր «Ratio Fundamentalis Institutionis Sacerdotalis»-ը, որը հրատարակուեց 2016 թուականի դեկտեմբեր 8-ին եւ արդէն հինգ տարի է, ինչ գործում է: «Քահանայական կոչումը, որ Աստծոյ պարգեւն է որոշ մարդկանց՝ պարտաւորեցնում է, որպէսզի Եկեղեցին պատշաճ կրթութիւն ապահովի նրանց համար»: 2014 թուականի Համաժողովի ընթացքում՝ հանդիպում ունենալով Կղերի Ժողովի հետ, Ֆրանցիսկոս Պապը այսպէս բնորոշեց քահանայական կոչումների համար կրթութեան ապահովումը. «Պահպանել եւ աւելացնել կոչումների թիւը, որպէսզի դրանք հասուն պտուղներ տան»: Իրականում, քահանայական իւրաքանչիւր կոչում անմշակ ադամանդ է, որը պէտք է համբերատարութեամբ եւ խնամքով մշակուի՝ պահպանելով մարդկային բանականութիւնը, որպէսզի այդ ադամանդը շողայ Աստծոյ ժողովուրդի մէջ: «Ratio»-ի տեսակէտի համաձայն՝ քահանայական կրթութիւնը եզակի է, այն սկսւում է ճեմարանում (նախնական կրթութիւն) եւ շարունակւում ողջ կեանքի ընթացքում (շարունակական կրթութիւն):

Հետեւաբար, Կղերի Ժողովը աջակցում է Եպիսկոպոսների Համաժողովներին, երբեմն նաեւ տարբեր թեմերին՝ հոգեւորականների նախնական եւ շարունակական կրթութեան ապահովման համար: Պարբերաբար իրականացուող «ad limina» այցելութիւնները պատեհ առիթ են տարբեր երկրներից ժամանած եպիսկոպոսների հետ երկխօսութիւն ունենալու: Ի յաւելումն Գերատեսչութեան իրաւասութեան մէջ գտնուող բազմազան այլ թեմաների քննարկումների՝ մեծ ուշադրութիւն է յատկացւում նաեւ ճեմարաններին վերաբերող հարցերին եւ հոգեւորականների շարունակական կրթութեանը:

Կղերի Ժողովը առանձնայատուկ ուշադրութիւն է յատկացնում քահանայական կոչումներին՝ խրախուսելով իւրաքանչիւր թեմում, տարածաշրջանային կամ ազգային հարթութեան վրայ, համապատասխան կրթական կեդրոնների ստեղծումը եւ ընդլայնումը: Գերատեսչութիւնն աջակցում է եպիսկոպոսներին, քանի որ, գլխաւորապէս, նրանք են պատասխանատու քահանայական կոչումների համար: Խոր համոզմունք կայ, թէ համայնքների մէջ մարդասիրութեամբ, հոգեպէս եւ մտայնութեամբ ձեւաւորուած հոգեւորականների ներկայութիւնը կարող է այնպիսի հոգեւոր միջավայր ստեղծել, որը կը նպաստի նոր կոչումների թուի աճին:

Կղետի Ժողովի մատուրը
Կղետի Ժողովի մատուրը

Կղերի Ժողով անուանումից արդէն իսկ կարելի է ենթադրել, որ Գերատեսչութեան կազմի մէջ են մտնում կարդինալներ, արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, ովքեր Նորին Սրբութեան կողմից նշանակուած են ինչպէս Հռոմէական Կուրիայի մէջ, այնպէս էլ աշխարհի տարբեր երկրներում եւ համարւում են Միաբանութեան անդամ՝ երաշխաւորելով Գերատեսչութեան ընդհանրականութիւնը: Կղերի Ժողովը ղեկավարում է կարդինալ-կառավարիչը՝ օգնութեամբ երկու արքեպիսկոպոս-քարտուղարների, որոնցից մէկը լիազօրուած է տնօրինելու ճեմարանների հետ կապուած հարցերը, եւ մէկ օգնական-քարտուղարի: Գերատեսչութեան կազմում ընդգրկուած են 27 քահանայ եւ 4 աշխարհական: Անհրաժեշտութեան դէպքում, որոշ խորհրդականներ՝ աստուածաբաններ, կանոնագէտներ, հոգեբաններ, իրաւաբաններ, ինչպէս նաեւ՝ հոգեւորականներ եւ աշխարհականներ, համագործակցում են Գերատեսչութեան հետ:

Կղերի Ժողովն իր գործունէութիւնն իրականացնում է չորս գրասենեակների միջոցով: Կղերի գրասենեակը կարգապահական բազմաթիւ միջոցառումներից եւ առանձին Եկեղեցիներին աջակցելուց զատ՝ քննում է նաեւ բողոքները եւ պատասխանում եպիսկոպոսների եւ հոգեւորականների հայցերին: Երբ ճնշում է գործադրւում ժողովրդապետութիւնների նկատմամբ, ապա, անհրաժեշտ է դիմել հիերարխիկ միջոցների կիրառմանը՝ որպէս իշխանութիւնների հետ հաւատացեալների ազատ երկխօսութեան արտայայտում, եթէ նրանց ճնշում է կառավարութեան որեւէ որոշում, եւ, եթէ հնարաւոր չէ խաղաղ լուծում գտնել՝ չնայած բազմաթիւ փորձերին:

Գերատեսչութեանը տրուած «յատուկ լիազօրութիւնը» թոյլ է տալիս, շատ լուրջ պատճառների առկայութեան դէպքում, քահանաներին եւ սարկաւագներին հեռացնել կղերական դասից: Կղերի գրասենեակի փորձառութեան եւ աշխատանքի շնորհիւ հիմք դրուեց Ծխական համայնքների հովուական վերափոխումը՝ ի սպաս Եկեղեցւոյ աւետարանացման առաքելութեան Կանոնակարգին (20 յուլիս, 2020):

Ճեմարանների հարցերը կարգաւորող գրասենեակը զբաղւում է կոչումներով եւ աջակցում թեմական եպիսկոպոսներին եւ եպիսկոպոսների համաժողովներին՝ ապահովելու քահանաների նախնական եւ շարունակական կրթութիւնը, մասնաւորապէս՝ ճեմարաններում: Գրասենեակը նպաստում է «Ratio Fundamentalis Institutionis Sacerdotalis»-ի ճանաչմանը եւ կիրառմանը, օգնում տեղական Եպիսկոպոսութիւններին «Ratio Nationalis»-ի մշակման գործում, որն այնուհետեւ պէտք է հաստատուի Կղերի Ժողովի կողմից: Գրասենեակը նաեւ պատասխանատու է Հռոմի քահանայական վարժարանների եւ գիշերօթիկ կրթարանների համար:

Վարչական գրասենեակը այն միջոցներից մէկն է, որով Նորին Սրբութիւնը կարող է վերահսկել Եկեղեցւոյ ժառանգութեան ճիշտ կառավարումը՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ եկեղեցական ողջ ունեցուածքը գտնւում է «Սրբազան Քահանայապետի գերագոյն իշխանութեան ներքոյ»: Գերատեսչութիւնն այս գործառոյթն իրականացնում է այն դէպքերում, երբ որեւէ գոյք օտարելու արձանագրութեան համար անհրաժեշտ է «ad validitatem» արտօնագիր տրամադրել:

Ազատութիւն շնորհելու հարցերը կարգաւորող գրասենեակը զբաղւում է այն հոգեւորականների գործերով, ովքեր թողել են իրենց հոգեւոր ծառայութիւնը եւ փափաքում են հաշտութիւն գտնել Աստծոյ, եկեղեցական համայնքի, ինչպէս նաեւ սեփական պատմութեան հետ: Ազատութեան շնորհումը Նորին Սրբութեան իրաւասութիւնն է, որը ո՛չ թէ իրաւունք է, այլ՝ շնորհ, որ տրւում է ի նշան ողորմածութեան՝ հաշուի առնելով իւրաքանչիւրի պարագան, եթէ հոգեւոր ծառայութիւնը թողնելը եւ հոգեւորականի ինքնութիւնից հրաժարուելը այլեւս անդառնալի է:

Կղետի Ժողովին Ժողովասրահը
Կղետի Ժողովին Ժողովասրահը

Ինչ վերաբերում է Գերատեսչութեան կառավարման ծախսերին, ապա, դրանք պայմանաւորուած են անձնակազմի աշխատավարձերով եւ ընթացիկ ծախսերով, որոնք ծածկւում են ինստիտուցիոնալ գործունէութիւնից ստացուող հասոյթից (եկեղեցական ունեցուածքի կարգաւորմանը վերաբերող շնորհագրեր, ազատութեան շնորհում քահանայական եւ սարկաւագական պարտականութիւններից, ինչպէս նաեւ յատուկ լիազօրութիւնների կիրառում): Գերատեսչութեան կողմից առաջարկուող կրթական դասընթացքները մասամբ ֆինանսաւորւում են ուսանողների խորհրդանշական ներդրմամբ, միւս ծախսերը հոգում են այլ կազմակերպութիւնների, հիմնականում՝ «Աջակցութիւն կարիքի մէջ գտնուող Եկեղեցուն» Քահանայապետական Հիմնադրամի առատաձեռնութեան շնորհիւ:

Քահանաների կուսակրօնութեան հարցը պարբերաբար յայտնւում է Եկեղեցւոյ քննարկումների առանցքում: Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսը բազմիցս վերահաստատել է կուսակրօնութեան արժէքաւորութիւնը՝ որպէս «շնորհ» եւ նշել, որ նոյն դիրքորոշումն ունի, ինչ եւ Սուրբ Պօղոս Զ Պապը եւ միշտ բացառել է եկեղեցական գործող կարգի փոփոխութիւնը:

Քահանաների կուսակրօնութեան հարցը պարբերաբար քննարկումների առիթ է դառնում նաեւ այն պատճառով, որ այն աշխարհիկ մտածողութեանը հակասող նշան է, ինչպէս եւ հաւատարիմ ամուսնութիւնը՝ անխախտ եւ բաց կեանքի համար: Բացի այդ, անհետեւողականութիւնը, երբեմն նաեւ քահանաների կողմից գործած ոճիրները կարող են ստիպել մտածել, որ խնդիրը քահանայի կուսակրօնութեան փաստն է, մինչդեռ, նախորդ դարի Քահանայապետերը, նոյնիսկ դժուարին ժամանակաշրջաններում, վերահաստատել եւ առաջնորդուել են այն գաղափարով, որ կուսակրօնութիւնը ամբողջական նուիրում է Աստծուն, եւ, հետեւաբար, ազատութիւն ծառայութեան համար:

Կղերի Ժողովը նպաստում է այս արժէքի վերահաստատմանը, նախ եւ առաջ, մշտապէս ներքին ուսումնասիրութիւններ կատարելով. պատասխանատու աստուածաբանները, կանոնագէտները, հոգեբանները, մասնագէտները՝ աջակցութեամբ այլ անդամների եւ խորհրդականների, ներգրաւուած են հարցի շարունակական ուսումնասիրութեան մէջ, որպէսզի կուսակրօնութեան ընդունումը ընկալուի ինչպէս իր ճշմարիտ բնոյթով, այնպէս էլ իր արդիականութեան մէջ: Այս աշխատանքի արդիւնքը ներկայացւում է Գերատեսչութեան կողմից իրականացուող դասընթացքների ժամանակ եւ տեղեկացւում Եպիսկոպոսների Համաժողովներին, ինչպէս նաեւ ճեմարաններում դասաւանդողներին եւ համալսարաններին: Հիմնական տեսլականը կուսակրօն քահանաների պատրաստումն է:

Իրականում, կուսակրօն քահանաների պատրաստութեան ընթացքը չպէտք է սահմանափակուի ճեմարանում անցկացրած տարիներով (նախնական կրթութիւն), այլ՝ պէտք է շարունակուի քահանայի ամբողջ կեանքի ընթացքում (շարունակական կրթութիւն), որպէսզի քահանաները կարողանան ընդունել եւ մշտապէս նորոգել այն գիտակցութիւնը, որ «արմատներով կապուած են Քրիստոսին եւ լիովին նուիրուած Աստծոյ Ժողովուրդին ծառայելուն»՝ ընդունելով, որ «կուսակրօնութիւնը յատուկ շնորհ է՝ տրուած Աստծոյ կողմից» («Ratio», թիւ 110):

Այնուամենայնիւ, անհրաժեշտ է հասկանալ եւ ընկալել, միշտ ու կրկին, ինչպէս յորդորում էր Սուրբ Յովհաննէս-Պօղոս Բ Քահանայապետը «Pastores dabo vobis» թիւ 29-ի մէջ. «կուսակրօնութեան մասին եկեղեցական օրէնքի աստուածաբանական հիմնաւորումը», այսինքն՝ ապրել այն խորհուրդը, որ թերեւս «բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է» (Մատթ. 19:11-12), բայց, որը հէնց այս պատճառով, պահանջում է մարդկային եւ հոգեւոր խորը հասունութիւն, ինչը եւ Կղերի Ժողովը յանձնառութիւն է ստանձնել՝ կրթական եւ աջակցութեան տարբեր ուղղութիւնների միջոցով ապահովելու տեղական Եկեղեցիներին:

Անչափահասների նկատմամբ քահանաների կողմից իրականացուած բռնութեան դէպքերը բաց վէրք են Եկեղեցւոյ սրտի մէջ:

Հոգեւորականների կողմից գործած այս ոճիրների կանխարգելումը քահանայական ճիշտ կրթութեան ապահովման մէջ է: Այնուամենայնիւ, անհրաժեշտ է յստակ գիտակցել, որ կրթութիւնը միայն գաղափարի փոխանցումը չէ՝ տեղեկատուութեան կամ արդիականացման տեսանկիւնից, այլ՝ ինչպէս ճեմարանում, այնպէս էլ ձեռնադրութիւնից յետոյ պէտք է ապահովել բազմակողմանի կրթութիւն, որն իր մէջ ներառում է անձի բոլոր առանձնայատկութիւնները, այդ թւում նաեւ՝ զգայական, սեռական եւ կամային յատկանիշները: Նախ ճեմարանականը, ապա նաեւ քահանան, կոչուած են ապրելու ներդաշնակութեան մէջ, որպէս մարդիկ, ովքեր օժտուած են հոգեբանական առողջ հաւասարակշռութեամբ, զգայական հասունութեամբ եւ ունակ են պահպանելու միջանձնային փոխյարաբերութիւնները:

Կղերի Ժողովը առաջարկում է անձի դաստիարակութեան այս մեթոտը կիրառել ճեմարաններում եւ հոգեւորականների համար կազմակերպուող շարունակական կրթական դասընթացքների ժամանակ: Իրականում, «Ratio»-ն «առաւել մեծ ուշադրութիւն» է պահանջում այս բնագաւառում՝ հոգեւոր աստիճանից զրկելով նրանց, «ովքեր այս կամ այն կերպ ներգրաւուած են եղել յանցանքների կամ խնդրահարոյց իրավիճակների մէջ», եւ, նախատեսում է «նախնական եւ շարունակական կրթական ծրագրում ներառել դասեր, սեմինարներ կամ յատուկ դասընթացքներ անչափահասների պաշտպանութեան վերաբերեալ», միեւնոյն ժամանակ, անդրադառնալով «շահագործման կամ բռնութեան հնարաւոր դէպքերին», ինչպիսիք են անչափահասների թրաֆիքինգը կամ երեխաների աշխատանքային շահագործումը (Ratio, 202): Քահանայի կերպարը, որ առաջարկում է «Ratio Fundamentalis»-ը, դա հաւատաւոր ժողովրդի հոգատար Հօր եւ Հովուի, ամենաաղքատների եւ ամենաթոյլերի պաշտպանի կերպարն է:

Քահանայութեան հայող փաստաթուղթեր
Քահանայութեան հայող փաստաթուղթեր

Պենետիկտոս ԺԶ Վաստակաւոր Քահանայապետի 2013 թուականի յունուար 16-ի «Ministrorum Institutio» յատուկ կոնդակով Կղերի Ժողովին յանձնարարուեց զբաղուել քահանաների եւ սարկաւագների կրթութեանը, կեանքին եւ հոգեւոր ծառայութեանը վերաբերող բոլոր հարցերով: 1992 թուականից ի վեր, «Pastores dabo vobis» առաքելական յորդորագիրը հնարաւորութիւն ընձեռեց դուրս գալ գրեթէ բացառապէս մտաւոր կողմի հետ նոյնացուող կրթութեան գաղափարից, որի նպատակն էր քննութիւններ յանձնելը եւ տիտղոսներ ստանալը: Փաստաթուղթի նորարարութիւնը բազմակողմանի կրթութիւնն էր, որի մէջ ներդաշնակուած են մտաւոր, հոգեւոր, հովուական եւ մարդկային կողմերը: Այսպիսով, բացառիկ եւ շարունակական կրթութիւնը իրականացւում է երկու փուլով: Առաջինը՝ ճեմարանում, որպէս նախնական կրթութիւն, որին յաջորդում է երկրորդ փուլը՝ շարունակական կրթութիւնը, որն ուղեկցում է քահանային իր ողջ կեանքի ընթացքում:

Գործնականում, Գերատեսչութիւնը աջակցում է Եպիսկոպոսների Համաժողովներին «Ratio Nationalis»-ի մշակման գործում: Սրանք քահանաների պատրաստութեան ուղեցոյցներ են, որոնք Ընդհանրական Եկեղեցւոյ համար «Ratio Fundamentalis»-ի ցուցումների հիման վրայ արտացոլում են իւրաքանչիւր երկրի պատմութիւնը, մշակոյթը եւ մարտահրաւէրները: Աւելին, Կղերի Ժողովը իրաւասու է միջթեմական ճեմարաններ հիմնելու, լուծարելու եւ միաւորելու, ինչպէս նաեւ դրանց կանոնադրութիւնները հաստատելու եւ տեղի եպիսկոպոսի առաջարկով տեսուչ նշանակելու: Այս պարագայում, չափազանց կարեւոր են Առաքելական Այցելութիւնները Ճեմարաններ, ինչը անհրաժեշտ է առանձին Եկեղեցիների եւ Ընդհանրական Եկեղեցւոյ միջեւ մշտական երկխօսութեան պահպանման համար:

Տեղական Եկեղեցիների հետ այս սերտ փոխյարաբերութիւններից բացի, Գերատեսչութիւնը կանոնաւոր կերպով ուսուցողական դասընթացքներ է ապահովում Ճեմարաններում դասաւանդողների համար՝ հիմնականում ըստ լեզուական գօտիների: Կանոնական իրաւունքի դասընթացքներ են կազմակերպւում Հռոմում սովորող քահանաների համար, ովքեր պէտք է որպէս իրաւաբաններ ծառայեն իրենց թեմերի մէջ, ինչպէս նաեւ գործնական ուսուցում նրանց համար, ովքեր զբաղուելու են կրթական գործունէութեամբ, մասնաւորապէս՝ Ճեմարաններում: Հիմնական գաղափարը ճեմարաններ կառուցելն է, որոնք քահանաներ կը պատրաստեն համաձայն Քրիստոսի Սրտի եւ համապատասխան ժամանակակից աշխարհի կարիքների:

Յստակ է Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի դիրքորոշումը մնայուն սարկաւագութեան վերաբերեալ. «Մենք պէտք է ուշադիր լինենք, որպէսզի սարկաւագներին չհամարենք կիսաքահանաներ կամ կիսաաշխարհականներ, քանզի նրանք Եկեղեցւոյ մէջ ծառայութեան պահապաններն են»: Ոմանց համար, ում անուանում են ժամանակաւոր սարկաւագներ, սարկաւագական ձեռնադրութիւնը մէկ քայլ է՝ դէպի քահանայութիւն տանող ճանապարհին, երբ ողջ կեանքի համար ընդունում են Քրիստոս Ծառայի կեցուածքը՝ նմանուելով Տէր Յիսուսին նաեւ կուսակրօնութեամբ: Վատիկանի Բ Տիեզերական Ժողովը՝ հետեւելով Եկեղեցւոյ աւանդութեանը, վերահաստատել է մնայուն սարկաւագութեան հնարաւորութիւնը, այսինքն՝ տղամարդիկ, նոյնիսկ ամուսնացած, ձեռնադրւում են ոչ թէ քահանայութեան, այլ՝ Եկեղեցւոյ մէջ ծառայութեան համար: Իրականում, նրանք իրենց ծառայութիւնն իրականացնում են տօնակատարութիւնների եւ քարոզների, բարեգործական աշխատանքների ժամանակ, աղքատների խնամքի, ինչպէս նաեւ այն դէպքերում, եթէ իրաւասու են համագործակցելու Եկեղեցւոյ ունեցուածքի կառավարմանը:

Կղերի Ժողովը, Ծխական Համայնքների Բարեփոխման իր նոր Կանոնակարգում (թիւ 79-82)՝ ներկայացնելով Եկեղեցւոյ հոգեւոր ծառայութեան տեսլականը եւ հետեւելով Տիեզերական Ժողովի եւ Պապերի ուսմունքին, ընդգծում է, որ մնայուն սարկաւագները ծառայութեան մարգարէներ են: Նրանց ծառայութիւնը պէտք է դուրս գայ եկեղեցական համայնքի սահմաններից: Իրականում, նրանք օժտուած են միսիոնարներ լինելու շնորհով եւ, ուղղուելով դէպի «ծայրամասեր»՝ Աւետարանի խօսքն են տարածում սահմանամերձ շրջաններում եւ հասարակ կեանքով ապրող մարդկանց շրջապատում: Խօսքը վերաբերում է այն սարկաւագներին, ովքեր իրենց աշխատանքով ներգրաւուած են հիւանդանոցներում, բանտերում, գաղթականների ընդունման կեդրոններում, կրթութեան բնագաւառում, ինչպէս նաեւ Քարիթասի աջակցման կեդրոններում: Այսօր, Եկեղեցւոյ անունից, նրանք շարունակում են հետեւել եւ գործել Բարի Սամարացու օրինակով: Այս առանձնայատուկ կոչմանը հետեւելու համար անհրաժեշտ է ունենալ կրթութիւն, որը ո՛չ միայն մտաւոր ունակութիւններ է պահանջում, այլեւ՝ մարդկային եւ հոգեւոր հասունութիւն: Այդ իսկ պատճառով, Գերատեսչութիւնը աջակցում է Եպիսկոպոսների Համաժողովներին՝ «Ratio»-ի մշակման գործում, ինչը թոյլ կտայ ապահովել մնայուն սարկաւագների կրթութիւնը, որպէսզի լիովին գործադրուի այն ներուժը, որ բնորոշ է նրանց կոչմանը: Այս ամէնից զատ, Կղերի Ժողովը երկխօսութեան մէջ է տեղի եպիսկոպոսութիւնների հետ, որպէսզի ամբողջ աշխարհում հաստատուի մնայուն սարկաւագների կարգը, որը դեռեւս չի վերականգնուել որոշ տեղական Եկեղեցիներում: Իրականում, Եպիսկոպոսների Համաժողովները պարտաւոր են հետեւել, որպէսզի տարբեր երկրներում հաստատուի մնայուն սարկաւագութիւնը:

Մնայուն սարկաւագութեան բացառիկութիւնը կայանում է նրանում, որ ամուսնացած տղամարդիկ նոյնպէս կարող են ընդունուել այս ծառայութեան համար: Այս առանձնայատուկ նկարագրով նրանք լիովին տարբերւում են քահանաներից, ովքեր Լատին Եկեղեցւոյ մէջ կուսակրօն են: Աւելին, մնայուն սարկաւագը, ով ունի ընտանիք եւ, միեւնոյն ժամանակ, ծառայում է Եկեղեցուն, լաւագոյն վկայութիւնն է համընդհանուր այն կոչի, որ կեանքը պէտք է ապրել սրբութեամբ: Թէեւ սակաւաթիւ են, սակայն կան նաեւ կուսակրօն մնայուն սարկաւագներ, ովքեր ձեռնադրութեան ժամանակ պարտաւորութիւն են ստանձնում մնալ ամուրի, որպէսզի կարողանան ազատօրէն նուիրուել իրենց ծառայութեանը:

Մնայուն սարկաւագները քրիստոնեաներ են, ովքեր կենդանի կերպարանքն են Յիսուսի, ով աշխարհ եկաւ ո՛չ այն բանի համար, որ Իրեն ծառայեն, այլ, որպէսզի Ինքը ծառայի եւ Իր կեանքը զոհաբերի: Սուրբ Ֆրանչիսկոս Ասսիզացին, ով մնայուն սարկաւագ էր, յորդորում է ծառայել եղբայրսիրութեամբ եւ իր օրինակով մեզ սովորեցնում, որ Բոլորս եղբայրներ ենք (Fratelli tutti):

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/11/2021, 13:54