Վանականը ՏԱՀԵՇ-ի ձեռքերում
Ֆաբիօ Քոլագրանդէ – Վատիկան
Հռոմում ամառային ետկէսօրեայ հեղձուցիչ տօթ է: Հայր Ժագին հանդիպում ենք «Don Gnocchi» վերականգնողական կենդրոնի պարտէզում: Նա առաջանում է դանդաղ, փոքր-ինչ կաղալով՝ յենուած ձեռնափայտին: Նրա դանդաղ քալուածքից երեւում էր, թէ ինչի միջով է ստիպուած եղել անցնել: Այնուամենայնիւ, նրա հայեացքը պարզ էր, իսկ դէմքին դրոշմուած էր ժպիտը, որը զարմացրել էր նոյնիսկ ԻՍԻՊ-ի ահաբեկիչներին, որոնք Սուրիայում, 2015 թուականին, հինգ ամիս շարունակ Հայր Ժագին պատանդ էին պահում՝ մինչ նրա անհաւանական փախուստը: Հայր Ժագ Մուրադը սուրիացի կաթողիկէ վանական եւ քահանայ է Հոմսի թեմից: Նա իր առեւանգման պատմութիւնը թուղթին յանձնեց՝ լրագրող Ամորի Գիյեմի հետ միասին գրելով «Վանականը գերեվարութեան մէջ. ժիհատականների ձեռքերում յայտնուած պատանդի պայքարը յանուն խաղաղութեան» խորագրով գիրք-վկայութիւնը, որը հրատարակուեց «Éditions de l'Emmanuel» հրատարակչութեան կողմից:
Հայր Ժագը կատարել է իր ընտրութիւնը՝ այսօր նա ապրում է Իրաքեան Քուրդիստանում՝ Սուլեյմանիայում, որպէսզի մօտ լինի իր երկրի փախստականներին: Նա յաճախ այցելում է նաեւ Հռոմի «Don Gnocchi» վերականգնողական կենդրոն՝ բուժելու երկարատեւ գերութեան ժամանակ խոշտանգումների հետեւանքով ստացած վէրքերը:
«Իմ գերութեան ընթացքում հանդիպած բոլոր մարդիկ՝ թէ՛ գերիները եւ թէ՛ ժիհատականները միշտ իմ մտքերում են, իմ աղօթքներում եւ իմ սրտի մէջ», - ասում է Հայր Ժագ Մուրադը իտալերէնով, որ սովորել է Հռոմում վերականգնողական բուժում ստանալու ընթացքում: «Կարծում եմ, որ ողորմած Աստուած միշտ գտնում է բոլորին օգնելու միջոցը, եւ նոյնիսկ իմ բանտապահները կարող են արդարութիւն գտնել եւ ստանալ Սուրբ Հոգու լոյսը»:
Փրկուեցին, քանզի կոչուած էին խաղաղութեան
Բռնութեան, հալածանքի, զրկանքների, հոգեբանական եւ մարմնական կտտանքների այդ օրերից Հայր Ժագը նախընտրում է յիշել այն հրաշքը, որը տեղի ունեցավ 2015 թուականի օգոստոսի 31-ին: Նրան առեւանգեցին մայիսի 21-ին, Քարյաթայնի Մար Էլիան Վանքից, որի ժողովրդապետն էր: Ռաքքայում բանտարկութեան առաջին երեք ամիսներից յետոյ նրան տեղափոխեցին Փալմիրայի մօտ գտնուող մի բանտ, որտեղ հանդիպեց երկու հարիւր յիսուն քրիստոնեաների իր համայնքից: Այդ օրը ժիհատականների պարագլուխների մի խումբ այցելեց բանտարկութեան վայր. «Ինձ տարան մի փոքր սենեակ, որտեղ նրանց ղեկավարը սկսեց կարդալ ԻՍԻՊ-ի առաջնորդ Խալիֆ Ալ Պաղտատիի յայտարարութիւնն ուղղուած Քարյաթայնի քրիստոնեաներին: Սա օրէնքների մի երկար շարք էր մեզ՝ քրիստոնեաներիս համար, ովքեր ապրում էին Իսլամական պետութեան վերահսկողութեան տակ»: Հայր Ժագի համար մեծ անակնկալ էր այն լուրը, որ իր համայնքը կրկին ետ էր դառնալու Քարյաթայն, որը, այնուհանդերձ, նրանց համար բանտ էր բաց երկնքի տակ: Նրանք ստիպուած կը լինէին ենթարկուել մի շարք խիստ արգելքների, բայց նորից կը կարողանային Սուրբ Պատարագ մատուցել: «Այս լուրն անսպասելի հրաշք էր», - խոստովանում է նա փոքր-ինչ յուզուած: «Չէի կարծում, որ երբեւէ կը կարողանամ վերստին Պատարագ մատուցել եւ ստանալ Սուրբ Հաղորդութիւն: Այս որոշումն ինձ համար Աստուծոյ կողմից ուղարկուած անգին նուէր էր: Վստահ լինելու համար, որ իր հաւատացեալները վերադառնալու եւ ապրելու էին իրենց տներում, Հայր Մուրադը ահաբեկիչներին հարցրեց, թէ ինչու էր Խալիֆայութիւնը որոշել իրենց ետ դարձնել Քարյաթայն: «Ժիհատականների ղեկավարը պատասխանեց, թէ նման որոշում են կայացրել, քանի որ մենք՝ այս համայնքի քրիստոնեաներս, զէնք չէինք վերցրել մահմետականների դէմ: Պատասխանն ինձ ցնցեց եւ ստիպեց շատ բան հասկանալ: Ես հասկացայ, որ նրանք՝ ովքեր ընտրում են բռնութիւն չը կիրառելու ուղին, կարող են փոխել այն մարդկանց դիրքորոշումը, ովքեր սովորութեան համաձայն դիմում են զէնքի ուժին: Մենք փրկուեցինք մեր քրիստոնեայ կոչման եւ խաղաղութեան վկաները լինելու շնորհիւ»:
Կա արդեօ՞ք երկխօսութիւն Իսլամի հետ
Կաթողիկէ մի վանականի համար, ով գերեվարուել եւ խոշտանգումների էր ենթարկուել իսլամիստ ահաբեկիչների կողմից՝ սադրիչ հարց կը լինէր, թէ արդեօ՞ք այս փորձութիւնից յետոյ նա դեռեւս հաւատում է մահմետականների հետ երկխօսութեանը: Հայր Ժագը բարեկամն ու հոգեւոր հետեւորդն է հռոմէացի Յիսուսեան կրօնաւոր (ճիզվիթ) Հայր Փաոլօ Դալլ'Օլիոյի, ում առեւանգեցին 2013 թուականին՝ Սիրիայում: Հայր Փաոլոն Մար Մուսա միաբանութեան հիմնադիրն էր: Նրա գլխաւոր նպատակը միջկրօնական եւ խաղաղութեան երկխօսութեանը նպաստելն էր: Հայր Փաոլոն, ում հետքը կորցրել էին նրա առեւանգումից յետոյ, Հայր Մուրադի համար միշտ կենդանի է, քանի որ Աստուծոյ մարդիկ միշտ կենդանի են նրա ողորմածութեան մէջ: Ուստի, Հայր Ժագը վճռական պատասխան է տալիս. «Երկխօսութեան յոյսը տեսակէտ է, որը կապուած չէ ուրիշների դիրքորոշման հետ: Աւելին, մենք՝ սուրիացի քրիստոնեաներս, աւելի քան 1400 տարի է, ինչ կողք կողքի ապրում ենք մահմետականների հետ եւ նրանց հետ ընդհանուր պատմութիւն ունենք»: «Այսօրուայ ահաբեկչութեան ետեւում թաքնուած է քաղաքական մի համակարգ, որը գործի է դնում բոլոր հնարաւոր միջոցները՝ չարիքը տարածելու համար: Խօսքը մի համակարգի մասին չէ, որն ուղղակիօրէն սնուցանւում է Իսլամից, այլ՝ քաղաքական ծրագրի: Որպէս քրիստոնեաներ, մենք պէտք է ձերբազատվենք այն մտածելակերպից՝ համաձայն որի իւրաքանչիւր մահմետական ահաբեկիչ է», - վճռականօրէն հաւաստում է սուրիացի վանականը: «Մենք մեր կեանքի եւ այլոց հետ յարաբերութիւնների մէջ իսկապէս կարիքն ունենք աւելի շատ խոնարհութեան եւ պարզութեան: Մենք պէտք է խորապէս ուսումնասիրենք Աւետարանը, որպէսզի կարողանանք ապրել այն անսխալ»:
Վարդարան աղօթելիս անհետանում էին բոլոր վախերը
Յանդիմանութեան ոչ մի նշոյլ չկայ Հայր Ժագի անխռով հայեացքում եւ այն խօսքերում, որոնք խնամքով ընտրում է՝ պատմելու իր անցած փորձութեան մասին: Թւում է, թէ սուրիացի կաթողիկէ այս քահանան՝ ում ժիհատականները մահուան սպառնալիքի տակ փորձում էին դաւանափոխել, գերութեան ամիսները վերապրել է որպէս հոգեւոր աճի արտասովոր մի հնարաւորութիւն: Գերութեան օրերին Հայր Ժագի կատարած գրառումները յուզիչ են, յատկապէս, երբ նկարագրում է իր ներքին խաղաղութիւնը, ուժը եւ անդորրը, որ ստանում էր աղօթքից: «Ես զգում էի Աստուծոյ շնորհները նոյնիսկ այն պահերին, երբ բանտարկուած էի: Չեմ կարող մոռանալ ո՛չ այն ուժը, եւ ո՛չ էլ խիզախութիւնը, որոնք ինձ թոյլ էին տալիս աներկիւղ նայել այդ ժիհատականների աչքերի մէջ եւ նրանց փոխանցել Յիսուսի սէրը: Նման իրավիճակներում, Աստուած նախ եւ առաջ ինձ ժպտալու ուժ էր տալիս, ինչն էլ շփոթութեան մէջ էր գցում իմ բանտապահներին: Նրանք ոչ մի կերպ չէին հասկանում, թէ ինչպէս կարող էր գերին իր մէջ այդքան ուժ գտնել ժպտալու: Ես ինքս էլ չէի կարող բացատրել, թէ որտեղից էի ստանում այդ ուժը»: Մարմնական եւ մտաւոր տանջանքների օրերին Հայր Ժագը սփոփանք էր գտնում Մարիամին աղօթելիս: «Երբ սկսում էի Վարդարան աղօթել՝ անհետանում էին իմ բոլոր ցաւերն ու վախերը: Ես միշտ Վարդարան եմ աղօթում օրուայ ընթացքում մի քանի անգամ»: Գերութեան մէջ անցկացրած անվերջանալի օրերին, երբ շատ անգամ մահվանն այդքան մօտ լինելու միտքն անգամ սարսափեցնում էր, Հայր Մուրադի միակ մխիթարանքն այն էր, որ իր համար աղօթում է ողջ Եկեղեցին: «Գերութեան օրերին զգում էի իմ բարեկամների աղօթքները, ինչը մեծ աջակցութիւն էր ինձ համար: Կարծում եմ, որ Եկեղեցւոյ եւ հաւատաւոր ժողովրդի աղօթքները զօրավիգ եղան ինձ իմ գերեվարութեան հինգ ամիսների ընթացքում»:
Արդարութիւն սուրիացի փախստականների համար
Այսօր Հայր Մուրադն իր առաքելութիւնը շարունակում է Սուրիայից հեռու: Նա որոշել է ապրել այն սուրիացիների մէջ, ովքեր պատերազմի հետեւանքով ստիպուած էին լքել իրենց տները եւ հայրենիքը: Նրան մտատանջում է սուրիացիների ճակատագրի նկատմամբ համաշխարհային անտարբերութիւնը, որը դրսեւորւում է նոյնիսկ արեւմուտքի քրիստոնեաների կողմից. «Ինքս ինձ հարց եմ տալիս, թէ ինչու, թէեւ ողջ աշխարհը քաջատեղեակ է տիրող իրավիճակին, այնուամենայնիւ, ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում միլիոնաւոր սուրիացիների համար, ովքեր ութ տարի է ինչ ապրում են աղքատութեան, տառապանքի եւ անարդարութեան մէջ՝ Լիբանանի, Յորդանանի, Թուրքիայի եւ Իրաքի փախստականների ճամբարներում: Անընդունելի է, որ այստեղ՝ Արեւմուտքում, ես կարող եմ ապրել տան մէջ, ուտել այն կերակուրները, որոնք ուզում եմ, ունենալ բոլոր անհրաժեշտ յարմարութիւնները, մինչդեռ միւսները ստիպուած են տարիներ շարունակ ապրել աղքատութեան մէջ, եւ ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում: Իրական արդարութիւնը կայանում է այս մարդկանց իրենց հայրենիքը, ազատութիւնը, արժանապատուութիւնը եւ խաղաղութիւնը վերադարձնելու մէջ»: Հայր Ժագը մտահոգուած է ոչ միայն Եկեղեցւոյ ապագայով, այլեւ՝ մարդկութեան: «Մենք երջանիկ ապագայ չենք ունենայ, եթէ իրավիճակը չփոխուի»:
Միջազգային հանրութեան լռութիւնը Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաների անհետացման հարցում
Հայր Ժագի մտահոգութիւնը սուրիացի փախստականների ճակատագրի մասին միախառնւում է այն անհանգստութեանը, որ աշխարհի աչքի առջեւ Մերձաւոր Արեւելքը հետզհետէ դատարկւում է քրիստոնեայ բնակչութիւնից: «Անհնարին է, որ Մերձաւոր Արեւելքը իր գոյութիւնը շարունակի առանց քրիստոնեաների», - վստահեցնում է նա: Խորհրդանշական իմաստով շատ վտանգաւոր է, քանի որ այս իրավիճակն ուղղակիօրէն կապուած է քրիստոնէութեան արմատների հետ: «Եկեղեցին չի կարող առաջ շարժուել եւ շարունակել իր պատմութիւնն առանց Մերձաւոր Արեւելքի Եկեղեցիների: Այսօր, - պարզաբանում է նա, - մենք երկակի պատասխանատուութիւն ունենք. առաջինը վերաբերում է այն բոլոր քրիստոնեայ փախստականներին, ովքեր ապրում են Եւրոպայում կամ Միացեալ Նահանգներում. անհրաժեշտ է կանոնակարգուած մօտեցում, որը վկայում է նրանց գոյութեան մասին: Մեր երկրորդ պարտականութիւնն է խախտել լռութիւնը Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաների անհետացման վերաբերեալ: Սա նաեւ Արեւելեան Եկեղեցիների առաջնորդների, մեր պատրիարքների եւ եպիսկոպոսների պարտականութիւնն է: Նրանք պէտք է միջոցներ ձեռնարկեն իրենց ժողովրդին պաշտպանելու եւ աջակցելու համար: Այն, ինչ արւում է Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաների համար բաւարար չէ: Բաւական չէ նրանց տալ ջուր եւ սնունդ, առաւել կարեւոր է վերադարձնել նրանց արժանապատուութիւնը՝ ինչը մինչ օրս չի արուել»:
Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ