Կաթողիկէ ուսանողները Սուրբ Ջոն Անրի Նիւմանի հետքերով
Անթօնելլայ Փալերմոյ – Վատիկան Նիուզ
Մենք գտնւում ենք Միացեալ Նահանգների հարաւ-արեւմուտքում՝ Արիզոնա նահանգի Ֆլագսթաֆֆ քաղաքում: Քոլորադոն եզերող այս քաղաքն ունի մօտաւորապէս 150 000 բնակիչ: Ֆլագսթաֆֆը տեղակայուած է Միացեալ Նահանգների գլխաւոր Մայրուղի 66-ի վրայ, որը յայտնի է բոլորին եւ, որով նախընտրում են ճանապարհորդել հազարաւոր զբօսաշրջիկներ, ովքեր մասնաւորապէս հրապուրուած են մօտերքում գտնուող Մեծ Կիրճի զբօսայգի այցելութեամբ: Անծայրածիր տարածութիւն, հանդիպումների համար սակաւաթիւ վայրեր, ինչպէս նաեւ տասնեակ փակ կամ լքուած խանութներ՝ տարուայ ոչ զբօսաշրջային եղանակի պատճառով: Կայարանի քառուղիներում կարելի է հանդիպել Ամիշ համայնքից մի քանի խմբերի: Կիրակի է: Գրեթէ անիրական մի բնապատկերի կիզակէտում փնտռում ենք որեւէ ծխական եկեղեցի, որպէսզի մասնակցենք պատարագի: Բջջային հեռախօսի քարտէզը ցոյց է տալիս Հիւսիսային Արիզոնա Համալսարանը: Փոքր-ինչ վարանելուց յետոյ քայլերն ուղղում ենք դէպի համալսարանական համալիր տանող կիսաանապատային արահետ: «Արդեօ՞ք վստահ ենք»: Իսկ մինչ այդ, աղօտ յիշողութիւններ են առաջանում այն ժամանակաշրջանից, երբ այցելում էի Եւրոպայի ամենամեծ՝ Հռոմի Sapienza համալսարանի մատուռ:
Տղաներն ու աղջիկները ջերմ ընդունելութիւն են ցուցաբերում մեզ: Նրանք լարում են երաժշտական գործիքները, որոնք պատարագի ընթացքում նուագակցելու են շարականներին: Տարածքը շատ փոքր է, սակայն բաւական՝ խմբերին միացող ընտանիքներին եւ տարեց մարդկանց իր հարկի տակ ընդունելու: Կարելի է նկատել, որ այստեղ իւրաքանչիւրն իր ուրոյն դերն ունի պատարագի նախապատրաստական աշխատանքներում, ինչպէս նաեւ ընդհանուր աշխուժութեան եւ ընդունելութեան կազմակերպման գործում: Կամաց-կամաց յառաջանում ենք դէպի Համալսարանի Նիւման Կենդրոն:
Մեծ համայնք
Գաբրիէլ Մեթիւսը Սպորտային գիտութեան բաժնի ուսանող է: Նրա համար Նիւման Կենդրոնն «իսկական օջախ է՝ հեռու հայրենի տնից», կատարեալ մի վայր, ուր կարող ես հանդիպել ընկերների: Նա հիացած է «Նիւմանի Երեկոներով», ինչը «ճշմարտութեան որոնման» շատ լաւ հնարաւորութիւն է: Այսպիսի երեկոներ տեղի են ունենում շաբաթական մէկ անգամ, որին կանոնաւոր կերպով մասնակցում են հարիւրաւոր երիտասարդներ:
Ժազզի Զալեսկին համալսարանում ուսումնասիրում է Բիզնէս Շուկայագիտութիւն եւ սպաներէն լեզու: Նա չափազանց ուրախ է, որ այստեղ կարող է ընդլայնել մարդկանց հետ արդիւնաւէտ փոխյարաբերութիւնները, որոնք էլ աւելի ամրապնդեցին նրա հաւատքը: Ամուր, առողջ եւ երջանիկ սոցիալական համակարգ ունենալու անհրաժեշտութիւնն ակնյայտ է: Ինչպէս վկայում է Մարիա Յանեզը. «Մեզանից իւրաքանչիւրը մեծ ցանկութիւն ունի նպաստել համայնքի իրական զգացողութիւն ստեղծելուն»:
Կարդինալ Նիւմանի ժառանգութիւնը Ամերիկայի համալսարանական կեանքում
Շատ արժէքաւոր է Կարդինալ Նիւմանի ներդրումը համալսարանի մշակութային կեանքում: Յիշեցնենք, որ նա եղել է Իրլանտայի Կաթողիկէ Համալսարանի (ներկայիս Տուպլինի Համալսարանական Վարժարան) ռեկտոր: Փենսիլուանիայի Համալսարանի ներսում ստեղծուեցին առաջին Նիւման Կենդրոնները, որոնք 20-րդ դարի սկզբին ծնունդ տուեցին մի միաւորման, որն աւելի ուշ դարձաւ Նիւման Կենդրոնների Ազգային Դաշնութիւն (National Newman Club Federation): Այժմ, միայն Միացեալ Նահանգներում գոյութիւն ունեն 1486 Նիւման Կենդրոններ: Սա կարծես իսկական արիւնատար համակարգ լինի, որի աւիշը ներարկւում է բոլորովին վերջերս սրբադասուած անգլիացի կարդինալի հանրածանօթ կերպարի միջոցով, ինչի շնորհիւ, նա գուցէ շատ աւելի մեծ ճանաչում ունի Ամերիկայում, քան սեփական հայրենիքում: Համակարգ, որին յաջողւում է իր ներկայութիւնն ապահովել նաեւ ոչ կաթողիկէ միջավայրերում եւ գործել որպէս կատալիզատոր այնպիսի մի իրականութեան մէջ, որը բարոյալքման, մերժման եւ մեկուսացման մեծ վտանգի առջեւ է կանգնած: «Շատ յաճախ, ուսանողները միայնակ եւ մեկուսացած են զգում: Սա մի վայր է, որտեղ երիտասարդները կարող են իրենց ապահով զգալ եւ սովորել կեանքում առաջ շարժուել՝ լինելով բաց, լի եռանդով, ստեղծագործ եւ, որ ամենակարեւորն է՝ երկխօսութեան միջոցով», - մեկնաբանում է Հոգեւոր Հովիւ Հայր Մեթթ Լոուրին:
Երիտասարդներին նուիրուած Սիւնհոդոսի արդիւնքները: Աստծուն որոնելիս
Հայր Մեթթ Լոուրին ողջունում է երիտասարդների կարծիքը լսելու Սրբազան Քահանայապետի առանձնայատուկ շնորհը: Նա նկատում է, որ Երիտասարդներին նուիրուած եպիսկոպոսական Սիւնհոդոսի այս փորձառութիւնը մեծ խրախոյս եղաւ Եկեղեցու համար: Սա մարդկանց լսելու նոյն ոճն է, որն ընդունուած է Նիւման Կենդրոնում. «Այստեղ մենք սիրում ենք տարբեր հարցադրումներ անել եւ հետամուտ լինել ճշմարտութեան որոնման հարցում: Նիւմանն ինքնատիպ միջնորդ է մեզ համար: Մեր ցանկութիւնն է այստեղ եւ միւս ուսումնական հաստատութիւններում մեր ներկայութիւնն ապահովել, որպէսզի ուսանողներն իմանան, որ Յիսուսն ամէնուր ուղեկցում է նրանց»: Հայր Լոուրին նաեւ պատմում է ոչ կաթողիկէ պատկանելիութիւն ունեցող մի ուսանողի անցած ճանապարհի մասին, ով Կենդրոնում կազմակերպուած տօնախմբութիւնից յետոյ ցանկութիւն յայտնեց մասնակցել պատարագի: Ժամանակի ընթացքում նա սկսեց աւելի խորը ուսումնասիրել Աստուծոյ Խօսքը, մկրտուեց եւ վերստին ընդունուեց հաւատացեալների համայնք
FOCUS-ի միսիոնարները
FOCUS-ը մեկնաբանւում է որպէս «Կաթողիկէ Ուսանողական Միութիւն» (‘Catholic Student Society’): FOCUS-ի միսիոնարներն (կամ, ինչպէս Նիւմանի լեզուով են ասում՝ Focus Missionary-ն) այն մարդիկ են, ովքեր օգնում են համալսարանական այս համալիրում ուսանող եւ ապրող ուսանողներին համակուել Քրիստոսով: Էշլի Քիլզերը FOCUS-ի միսիոնարներից մէկն է: Նա պատմում է, թէ ինչպէս է իր խորհուրդներով օգնում մարդկանց «համակողմանի զարգացում ապրել, ամէն ջանք ներդնել ինչպէս սեփական անձի, այնպէս էլ հոգեւոր կեանքի աճի եւ Աստուծոյ հետ իրենց փոխյարաբերութիւնների պահպանման համար: Նրանք ներդրում են անում արդէն իսկ գոյութիւն ունեցող փոխյարաբերութիւններում, իսկ մենք միայն աջակցում ենք ընտրութեան հարցում», - եւ այս ամէնը՝ շնորհիւ իսկական մարդկային փոխյարաբերութիւնների, որոնք ճանապարհ են հարթում լիակատար երջանկութեան համար:
Պահպանել «կեանքի մշակոյթը»
Միքայ Միհանը ծագումով Ֆինիքսից է, համագործակցում է Կենդրոնի հետ եւ մասնակցում այստեղ կազմակերպուող տարբեր ձեռնարկներին: «Երբեմն դժուար է շարունակել ուսումը եւ հետեւել իւրաքանչիւր դասընթացքի համար պահանջուող կրթական ողջ գործընթացին: Այնուամենայնիւ, ես գտնում եմ ժամանակ՝ Յիսուսին նուիրելու»: Նա Նիւման Կենդրոնը ներկայացնում է որպէս Ֆլագսթաֆֆում գործող իսկական կաթողիկէ կենդրոն, որն ի վիճակի է կանգնեցնել այն մարդկանց, ովքեր միայն մահուան մշակոյթին են ծանօթ: «Կարծում եմ, որ մեր առաքելութիւնն է պահպանել եւ տարածել կեանքի մշակոյթը, որի մասին Աւետարանում քարոզում էր Քրիստոսը»:
Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ