Այսօր կաթողիկէ աշխարհը, և ոչ միայն, ոգեկոչում է Սուրբ Յովհաննէս Պօղոս Երկրորդի ծննդեան 100 ամեակը։
Այսօր կաթողիկէ աշխարհը, և ոչ միայն, ոգեկոչում է Սուրբ Յովհաննէս Պօղոս Երկրորդի ծննդեան 100 ամեակը։ Իր քահանայապետութեան շրջանում Նորին Սրբութիւնը իրականացրել է 250 այցելութիւններ, որոնցից մէկը՝ Հայաստանի Հանրապետութիւն:
Յովհաննէս Պօղոս Երկրորդը 2001թ․ սեպտեմբերի 25-ին եռօրեայ այցով ժամանեց Հայաստան։ Երևանի «Զուարթնոց» օդանավակայանում Հռոմի Պապն ասաց, որ «․․․․Կաթողիկէ եկեղեցին կիսում է ձեր եւ բոլոր հայերի անհուն ուրախութիւնը՝ այս մեծապէս սիրեցեալ երկրում քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն հռչակման 1700-ամեակի առթիւ»։ Օդանավակայանում Յովհաննէս Պօղոս Երկրորդին դիմաւորեցին Հայաստանի նախագահը և Ամենայն Հայոց կաթողիկոսը: Սուրբ Աթոռի ողջ պատմութեան ընթացքում սա Հռոմի Սրբազան եկեղեցու առաջնորդի առաջին այցն էր Հայաստան։
Յովհաննէս Պօղոս Երկրորդը կանգնած է եղել ակունքներում այն մեծ գործընթացների, որոնք տեղի ունեցան Արեւելեան Եւրոպայում՝ նշանաւորելով մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների նոր դարաշրջան։ Անդրադառնալով այդ նոյն տարում Եւրոպայի Խորհրդին մեր երկրի անդամակցութեանը, Երևանում Հռոմի Պապը նշեց, «Հայաստանը դարձաւ Եւրոպայի խորհրդի անդամ, եւ սա ցոյց է տալիս ձեր վճռականութիւնը՝ հաստատակամօրէն աշխատելու եւ քաջութեամբ իրագործելու պետութեան հաստատութիւնների ժողովրդավարական բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիների մարդկային եւ քաղաքացիական իրաւունքների հանդէպ յարգանքը երաշխաւորելու համար»:
Պետական արարողակարգով նախատեսուած Յովհաննէս Պօղոս Երկրորդն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Մեծ եղեռնի յուշահամալիր իր յարգանքի տուրքը մատուցելու 1915թ. Օսմանեան կայսրութիւնում իրականացուած Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հռոմի Պապի միջև ստորագրուեց համատեղ հռչակագիր, որում յստակօրէն նշուեց XX դարի առաջին ցեղասպանութեան մասին։
Յատկանշական է, որ ցեղասպանութեան ճանաչմանը վերաբերող այդ ձևակերպմանը տարիներ անց, 2016թ․-ին յղում կատարեցին Գարեգին Բ կաթողիկոսը և Ֆրանցիսկոս Պապը վերջինս Հայաստան այցի օրերին ստորագրած մէկ այլ համատեղ հռչակագրում, նշելով, որ «Գոհունակութեամբ ու հոգևոր ուրախութեամբ ենք անդրադառնում, որ 2001 թուականին քրիստոնէութիւնը Հայաստանում պետական կրօն հռչակման 1700-ամեակի առիթով Հայաստան այցելեց Սուրբ Յովհաննես-Պօղոս Բ Պապը՝ որպէս Հայ և Կաթողիկէ եկեղեցիների եղբայրական ջերմ յարաբերութիւնների պատմութեան նոր էջի վկայութիւն: Մենք երախտապարտ ենք, որ շնորհն ենք ունեցել միասին լինելու Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, հանդիսաւոր պատարագի ժամանակ, 2015թ, ապրիլի 12-ին, որտեղ մենք մեր յանձնառութիւնն արտայայտեցինք հակադարձելու բռնութեան ու անհանդուրժողականութեան ցանկացած դրսևորում՝ վերակոչելով այն, ինչ արդեն հաստատուել էր Յովհաննէս Պօղոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստորագրուած համատեղ յայտարարութեան մէջ, որ «մէկուկէս միլիոն հայ քրիստոնեաների բնաջնջումն ընդհանրապէս ընկալւում է իբրև XX դարի առաջին ցեղասպանություն» (27 սեպտեմբերի, 2001թ.):
Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպանութիւն։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ