Որոնել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Ֆրանսայի նախկին վարչապետ Էտուարտ Ֆիլիփը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Ֆրանսայի նախկին վարչապետ Էտուարտ Ֆիլիփը 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսայի նախկին վարչապետ Էտուարտ Ֆիլիփը

Հանդիպմանը ներկայ էր նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում Ֆրանսիայի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան տիկին Անն Լույոն:

Փետրուարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետութեան նախկին վարչապետ եւ Հաւրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխաւորած պատուիրակութեանը: 

Հանդիպմանը ներկայ էր նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում Ֆրանսիայի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան տիկին Անն Լույոն:

Ողջունելով հիւրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբութիւնը իր երախտագիտութիւնը յայտնեց Ֆրանսիայի իշխանութիւններին 2020 թ․ արցախեան պատերազմի ու յետպատերազմեան ծանր օրերին Հայաստանին եւ հայ ժողովրդին բերած աջակցութեան եւ զօրակցութեան համար:

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին` Ամենայն Հայոց Հայրապետն իր մտահոգութիւնները յայտնեց Ադրբեջանի կողմից տարուող ծաւալապաշտական քաղաքականութեան, Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծած հումանիտար աղէտի, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ բռնազաւթումների, ինչպէս նաեւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնուած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան անխաթար պահպանման եւ գերիների վերադարձման խնդիրների առնչութեամբ: Նորին Սրբութիւնը կարեւորեց միջազգային հանրութեան եւ կառոյցների յստակ դիրքորոշումն ու գործուն ջանքերը, որպէսզի կանխուի Ադրբեջանի որդեգրած դատապարտելի քաղաքականութիւնը: 

Հայոց Հովուապետը յոյս յայտնեց, որ արցախեան հիմնախնդիրն արդար հանգուցալուծում կը գտնի ու տարաշաշրջանում խաղաղութիւն կը հաստատուի Ֆրանսիայի եւ բարեկամ երկրների աջակցութեամբ, մեր ժողովրդի ամուր կամքով ու հաւատքով:

Նորին Սրբութիւնը բարձրօրէն գնահատեց պրն․ Էդուարդ Ֆիլիպի եւ իր գլխաւորած պատուիրակութեան անդամների ներդրած ջանքերն ի խնդիր արցախահայութեան ազատ ու անկախ կեանքի իրաւունքի պաշտպանութեան:

Իր հերթին նախկին վարչապետն ընդգծեց, որ պատուիրակութեան այցը Հայաստան վերահաստատում է Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Պրն․ Էդուարդ Ֆիլիպն անդրադարձաւ նաեւ Եւրոպայի եւ ՄԱԿ-ի անվտանգութեան խորհուրդներում Ֆրանսիայի կողմից ձեռնարկուող քայլերին` ուղղուած Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների յաղթահարմանը եւ ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը:  

Էդուարդ Ֆիլիպը հաւաստիացրեց, որ Ֆրանսիան պիտի շարունակի ջանքեր գործադրել ի նպաստ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման:

Աղբիւրը՝ Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

22/02/2023, 08:20