Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Ձեր աղջիկն էլեր» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (40)
Ունկնդրէ հաղորդաշարը

Միհրան Թումաճանի «Հայրենի երգ ու բան» գրքի 2-րդ հատորում այս երգն ընդգրկուած է Չմշկածագի երգերի շարքում՝ «Ձեր աղջիկն էլեր» վերնագրով:

Նկատելի է այս երգի տեքստի տաղաչափական բազմատեսակութիւնը և ըստ վանկերի աւելի կամ նուազ դասաւորման՝ եղանակի տևող ական արժէքների պատշաճեցումը: Անսպասելի ու նոյնիսկ զարմանալի է այդպիսի պատշաճեցումները գտնել բնութեան շնորհքով միայն օժտուած անուսում, բայց եղանակի ու խօսքի չափի ինքնածին զգացողութիւն ունեցող մեր երգասաց մամիկների մօտ, ինչը մեզ ստիպում է նորից անդրադառնալ այն իրողութեանը, թէ ինչքան անպաճոյճ վարպետութիւն է ամփոփուած ժողովրդական ստեղծագործութեան մէջ:

Միհրան Թումաճանը տարբեր անգամներ տարբեր ժանրային բնութագրեր է տուել, մերթ համարելով մանկական խաղ, մերթ պարերգ, մերթ էլ հարսանեկան: Որպէս պարերգ բնութագրութիւնը համոզիչ է այնքանով, որ ռիթմը պարային է, իսկ խօսքային բովանդակութիւնը պարերգային ժանրին ընդհանուր առմամբ չի հակասում: Նա նշում է, որ ոչ իրեն, ոչ էլ նրան, ումից գրի է առել երգը, յայտնի չէ, եթէ հարսանեկան է, ապա արարողութեան որ մասում է այն երգուել:

Սակայն խօսքերի և եղանակի բնոյթը հաշուի առնելով, առաւել հաւանական է թւում մանկական խաղ լինելը:

Բայց մեր կարծիքով սա հարսանեկան կատակերգ է, որտեղ հարսի կողմը փնովում է փեսային, նրա մոռացկոտութիւնը, փեսայի կողմն էլ՝ հարսի մոռացկոտութիւնը: Այսինքն այդ կերպ ամեն կողմը կարծես ուզում է իրենց տղայի կամ իրենց աղջկայ արժէքը բարձրացնել՝ միւսի արժանիքները նսեմացնելու հաշուին:

Սկզբում փեսայի կողմն ասում է, թէ ձեր աղջիկը ջրի է գնացել, բայց ջրի սափորը այնտեղ է թողել: Հարսի կողմն էլ պատասխանում է, թէ ձեր տղան էլ մի բան չէ, փայտի է գնացել, բայց կացինն այնտեղ է մոռացել: Ապա տղայի կողմն ասում է, թէ աղջիկը Սուրբ Խաչ էր գնացել, բայց մոռացել է մոմը գրպանից հանի վառի: Աղջկայ կողմն էլ դարձեալ ծիծաղում է փեսայի վրայ, թէ էդ ի՞նչ տղայ է, արտ գնացել, ետդարձի ճամփան մոռացել է, չի կարողացել տուն վերադառնայ: Բայց վերջում հետևում է երիտասարդ զոյգին միացնելու գաղափարը, երբ ասւում է, թէ «ձեր աղջիկը հարևանի տանն է, մեր տղան կգայ, կտանի»: Հարսի կողմն էլ ասում է, թէ աղջկան տանելու ճամփան դէպի մեր տունն է բերում»:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/12/2023, 07:47