Հայկական ժողովրդական երգեր. «Վայ սիրահարին» երգը
«Վայ սիրահարին» երգն արտայայտում է սիրահար տղայի կսկիծը՝ սիրած աղջկան առևանգելու առթիւ։ Երկար դարեր շարունակ հայ ժողովուրդը, լինելով մահմեդական ցեղերի ու ժողովուրդների իշխանութեան տակ, յաճախ են եղել այն դէպքերը, երբ օրէնքով ամէն կերպ պաշտպանուած մահմեդականը կարող էր անպատիժ կերպով առևանգել քրիստոնեայ աղջկան՝ առանց վախենալու նրա հարազատների բողոքից՝ դատական ատեաններ։ Իսկ եթէ վերջիններս կամ աղջկայ նշանածը կամ սիրահարուած տղան փորձեր ինքնուրոյն արդարութիւն հաստատել կամ վրէժխնդիր լինել, կպատժուեր մահմեդական պետութեան օրէնքով։
Եւ ահա, այս երգում տեսնում ենք սիրահարուած տղայի տառապանքը, երբ առևանգել են իր սիրած աղջկան։ Դրա պատճառով կրած տառապանքներից նրա սիրտը դարձել է նուաղուն, քանի որ ոչ մի ելք չի տեսնում ստեղծուած իրավիճակից։ Նրա աչքի առաջ ջոկել են իրենց գիւղի ամենագեղեցիկ աղջկան և տանում են։ Եւ եթէ անցած տարի, սիրով վառուած իր լեզուն «բլբուլ էր կտրել» ու սիրոյ խօսքեր էր շռայլում աղջկայ հանդէպ, այժմ համրացել է այս տեսարանի առջև, բայ հոգու ծանր ապրումները, ի վերջոյ, պոռթկացել են այս երգի միջոցով։
Ու դրանից յետոյ տղան գիշեր ու զօր երգ է ասում ու արտասւում երգի մէջ։ Նրան կարելի է յաճախ տեսնել սար ու ձորերում աննպատակ թափառելիս․ ինքն էլ չգիտէ, թէ իր գնացած ճամփեն ուր է հասցնելու իրեն, չէ՞ որ իր յարին անվերադարձ են տարել։
Երգը ներկայացուած է Սուսաննա Սաֆարեանի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ