Հայկական ժողովրդական երգեր. «Էջ Միածին ի Հօրէ» շարականը
7-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցու «Էջ Միածին ի Հօրէ» շարականն է՝ «Հովեր» երգչախմբի կատարմամբ: Խմբավար՝ Սոնա Յովհաննիսեանն:
Սահակ Ձորափորեցու շարականների մէջ առաւել յուզականն ու լիրիկականը «Շողակաթի կանոնն» է: Շողակաթը Էջմիածնի Մայր տաճարի հնագոյն անվանումն է, որը գործածուել է մինչև 17-րդ դարը: Այդպէս է կոչուել, քանի որ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը լոյսի շողի պէս երկնքից կաթող տեսիլքի միջոցով է ստանում հրահանգ՝ կառուցելու Մայր տաճարը հեթանոսական մեհեանի տեղում: Քանի որ եկեղեցին օծւում է Աստուածամօր վերափոխման տօնի օրը, այն անվանում էին Շողակաթ Սուրբ Աստուածածին, և ըստ էութեան, աշխարհում առաջին եկեղեցին է՝ նուիրուած Տիրամօրը:
«Վերափոխման» նախօրէին կատարւում է Սուրբ Էջմիածնի տօնի կանոնը, որը «Շարակնոցում» նոյնպէս կոչւում է «Կանոն Շողակաթին», և խորհրդանշաբար աւարտւում է Սահակ Ձորափորեցու «Էջ Միածինն ի Հօրէ» շարականով:
Շարականում պատմւում է, թէ ինչպէս Գրիգոր Լուսաւորիչը տեսնում է լուսէ նշանը և ձայներ լսում Սանդարամետի անդունդներից: Նա այդ մասին պատմում է նոր դարձի եկած արքային՝ Տրդատ Երրորդին, և որպէսզի Էջմիածինը դարեդար յիշուի, կոչ է արւում գալ և շինել լուսի խորանը, քանզի այնտեղ մեզ՝ հայերիս համար լոյս ծագեց:
Շարականը ներկայացուած է «Հովեր» երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Սոնա Յովհաննիսեանն։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ