Որոնել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու սարկաւագները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու սարկաւագները 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի սարկավագաց դասին

Հայոց Հայրապետը նաև կարևոր նկատեց սարկավագների հոգեխնամ առաքելության իրականացումը հայրենազրկված արցախցիների նկատմամբ՝ պատգամելով ամեն ջանք ներդնել նրանց աջակցություն ցուցաբերելու համար։

Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տօնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասաւորող, Գևորգեան հոգևոր ճեմարանի և նորընծայ սարկաւագներին՝ ուղեկցութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակի տնօրէն Գերաշնորհ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի և Գևորգեան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանի։

Սարկաւագները Հայոց Հովուապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողութեամբ, այնուհետև Տէրունական աղօթքից յետոյ լուսարարապետ Սրբազան Հայրը, սարկաւագաց դասի անունից շնորհաւորելով Նորին Սրբութեանը Սուրբ Ստեփանոս Նախավկայի տօնի կապակցութեամբ, հայցեց Հայոց Հայրապետի օրհնութիւնը։

Վեհափառ Հայրապետը, շնորհաւորելով և իր հայրական օրհնութիւնը փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասաւորող և նորընծայ սարկաւագներին օրուայ խորհրդի առիթով, անդրադարձաւ Սուրբ Ստեփանոսի` քրիստոնէական եկեղեցու առաջին նահատակի անձին ու կերպարին՝ ընդգծելով, որ իւրաքանչիւր հոգևորական պէտք է իր մէջ կրի նախասարկաւագի նուիրումի և նահատակութեան ոգին։ Հայոց Հովուապետը սարկաւագաց դասին պատգամեց, որ Սուրբ Ստեփանոսի նուիրումը, հաւատքը, աստուածսիրութիւնն ու արիական ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայութիւնը բերեն Քրիստոսի Եկեղեցուն և հայրենիքին, անձնվիրաբար քարոզեն Քրիստոսի աւետարանը՝ փառաւորելով Խաչեալ Տիրոջը:

Նորին Սրբութիւնը յորդորեց նաև նմանուել իրենց եկեղեցական այն եղբայրներին, ովքեր նուիրումով ու քաջութեամբ, իրենց կեանքը չխնայելով, նախասարկաւագի անձնազոհութեան բարձր գիտակցութեամբ առաջնագծում կանգնած են եղել հայ զինուորի կողքին, գօտեպնդել ու քաջալերել վերջիններիս։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ անդրադարձաւ Դադիվանքում յանձնառութեամբ, քաջարի ոգիով և սիրով, դժուար ու ծանր պայմաններում ծառայութիւն բերած սարկաւագներին:

Հայոց Հայրապետը նաև կարևոր նկատեց սարկաւագների հոգէխնամ առաքելութեան իրականացումը հայրենազրկուած արցախ ցիների նկատմամբ՝ պատգամելով ամեն ջանք ներդնել նրանց աջակցութիւն ցուցաբերելու համար։

Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստուած մշտապէս ոգեշնչի, խանդավառի և գօտէպնդի սարկավագաց դասին՝ իրենց ծառայութիւնը լաւագոյնս արդիւնաւորելու համար:

Աղբիւրը՝ Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/12/2023, 08:35