Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Մեսրոպ Մաշտոցի ապաշխարութեան «Զղջման իմոյ զարտասուս» շարականը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (50)
Ունկնդրէ հաղորդաշարը

Ներկայացնում ենք Մեսրոպ Մաշտոցի ապաշխարութեան շարականներից մէկը՝ «Զղջման իմոյ զարտասուս»։ Այն երգուում է Մեծ Պահքի շրջանում։

Զղջման իմոյ զարտասուս արկանեմ առաջի քո,

Քրիստոս, թո՛ղ ինձ զմեղս իմ որպէս երբեմն պոռնիկին,

Որ միայնդ ես բազմագութ:

Անկանիմ առաջի քո, Քրիստոս, որ հովիւդ ես բանաւոր հօտի,

Խնդրեա և զիս, զմոլորեալս, միայնդ ես բազմագութ:

Զմեղս իմ ցուցից քեզ, Քրիստոս, որ բժիշկդ ես հոգւոց և տէր կենաց,

Բժշկեա և զիմ զհիւանդութիւնս, որ միայնդ ես բազմագութ:

Ի՞նչ են նշանակում այս շարականի խօսքերը՝ թարգմանաբար. «Զղջման իմ արտասուքը թափում եմ Քո առաջ, թո՛ղ իմ մեղքերը, ինչպէս մի անգամ պոռնիկին, Քրիստոս, որ միակ գթառատն ես»: Հասկանալու համար, թէ ինչի մասին է խօսքը, նայենք Յովհաննէսի աւետարանի 8-րդ գլուխը.

«Յիսուս գնաց Ձիթենեաց լեռը: Առաւօտեան նորից տաճար եկաւ. ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մօտ, եւ ինքն ուսուցանում էր նրանց: Օրէնսգէտներն ու փարիսեցիները բերեցին շնութեան մէջ բռնուած մի կին և նրան մէջտեղ կանգնեցնելով՝ ասացին Յիսուսին «Յանցանքի մէջ բռնուած այս կինը յայտնապէս շնացել է, իսկ Օրէնքում Մովսէսը մեզ պատուիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»: Նրանք այս ասում էին՝ Նրան փորձելու համար, որպէսզի Նրան ամբաստանելու պատճառ ունենան: Իսկ Յիսուս, ցած նայելով, մատով գետնի վրայ գրում էր: Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրայ»: Եւ այս լսելով՝ մէկ առ մէկ ելնում գնում էին՝ տարիքաւորներից մինչեւ փոքրերը: Եւ Յիսուս միայն մնաց ու այն կինը՝ կանգնած նրա առաջ: Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»: Եւ սա ասաց՝ Ոչ, Տէր: Եւ Յիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. Գնա՛ եւ այսուհետեւ մի՛ մեղանչիր»»:

Ահա, այսպէս, Մաշտոցն աղերսում է, որ Քրիստոս իրեն նոյնպէս ների իր մեղքերը, ինչպէս այն ժամանակ շնացող կնոջը, որ, այդ օրերի օրէնքներով պէտք է քարկոծմամբ մեռցուեր, որպէս ծանր մեղք գործած:

Ապա ասում է՝ Գետնատարած ընկնում եմ Քո առաջ, Քրիստոս, որ հովիւն ես բանաւոր հօտի: Որոնիր և ինձ, մոլորեալիս, միակ գթառատդ: Յիշենք այն առակը մոլորեալ գառան մասին, որ բարի Հովիւը, թողնելով իր հօտը, որոնում է իր մոլորուած գառանը: Ահա այսպէս էլ, Մաշտոցը խնդրում է հոգատար լինել նաեւ իր հանդէպ, իբրեւ մոլորուածի:

Վերջում ասում է՝ Մեղքերն իմ ցոյց կտամ Քեզ, նկատի ունի երևի կը խոստովանեմ, Քրիստոս, որ հոգիների բժիշկն ես եւ կեանքի տէրը: Բժշկի՛ր եւ իմ հիւանդութիւնները, որ միակ գթառատն ես:

Շարականը ներկայացուած է Յասմիկ Բաղդասարեան-Դոլուխանեանի կատարմամբ։ Գործիքաւորումը՝ Վահան Արծրունու։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/02/2024, 07:49