Որոնել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Որդիների կանչ» ՀԿ անդամները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Որդիների կանչ» ՀԿ անդամները 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Որդիների կանչ» ՀԿ անդամները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնաւոր իր գնահատանքը յայտնեց կազմակերպութեան անդամներին ազգային արժէքների ամրապնդման, հայրենասիրական ոգով սերունդների դաստիարակութեան հարցերում դրսևորած նախանձախնդրութեան համար։
Ունկնդրէ լուրը

Փետրուարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալեց զոհուած հայորդիների ծնողները ու հարազատները միաւորող «Որդիների կանչ» հասարակական կազմակերպութեան ներկայացուցիչները։

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնութիւնն ու մաղթանքները բերեց հայորդիներին Սուրբ Էջմիածին այցի առիթով։ Հայոց Հովուապետը կարևորեց կազմակերպութեան կողմից ներդրուող ջանքերը՝ յանուն հայրենիքի իրենց կեանքն ընծայած հայորդիների ընտանիքների համախմբման և նրանց իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ։ Հայոց Հայրապետը հաստատեց, որ զոհուած սիրելիների ծանր կորստի ցաւը կարելի է սփոփել կարեկից և օգնական լինելով միմեանց, նաև կեանքի կոչելով նրանց նուիրական երազները։ Նորին Սրբութիւնը հաւաստեց, որ Հայոց Եկեղեցու հոգևոր սպասաւորները պիտի շարունակեն առանձնակի հովուական խնամք և ուշադրութիւն ցուցաբերել նման ընտանիքներին՝ զօրացնելու նրանց սրտերում հաւատն ու լաւատեսութիւնը ապագայի նկատմամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնաւոր իր գնահատանքը յայտնեց կազմակերպութեան անդամներին ազգային արժէքների ամրապնդման, հայրենասիրական ոգով սերունդների դաստիարակութեան հարցերում դրսևորած նախանձախնդրութեան համար։

Զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնը նշեց, որ այս օրերին աշխարհասփիւռ հայ ժողովուրդը աղօթքով յիշում է 1988թ․ Խորհրդային Ադրբեջանի իշխանութիւնների կազմակերպած Սումգայիթեան ջարդերի անմեղ զոհերին՝ տեղեկացնելով, այս առաւօտ Մայր Աթոռում, մասնակցութեամբ ողջ միաբանութեան, կատարուել է հոգեհանգստեան կարգ։

Դատապարտութեամբ անդրադառնալով Սումգայիթի հայ ազգաբնակչութեան զանգուածային ջարդերին և տասնեակ հազարաւոր հայորդիների բռնի տեղահանութեանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ անպատժելի մնացած և համընդհանուր դատապարտման չարժանացած այս ողբերգութիւնը հետագայում տեղիք տուեց ադրբեջանական իշխանութիւնների հայատեաց քաղաքականութեան նոր ոճիրների՝ ռազմական ճանապարհով Արցախի զաւթման, արցախահայութեան բռնի տեղահանման և հայկական հոգևոր-մշակութային ժառանգութեան ոչնչացման։

Առկայ անվտանգային մարտահրաւէրների պայմաններում Վեհափառ Հայրապետը հրամայական նկատեց համազգային միաբանութիւնը, որով հնարաւոր է կասեցնել նոր արհաւիրքները, ապահովել խաղաղութիւնը հայրենի սահմաններում և հետամուտ լինել հայրենի հողի վրայ Արցախի ժողովրդի անկախ ու անվտանգ կեանքի իրաւունքի պաշտպանութեանը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենիքի առջև ծառացած խնդիրներին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգութեան պահպանութեանը, ինչպէս նաև Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

29/02/2024, 07:40