Հայկական ժողովրդական երգեր. «Դալիլո» երգը
Այս երգը Կանաչեանը գրառել է վանեցի Հրաչեա Բեհրիզյանից 1922 թուականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Երգի խօսքերը հիմնականում ժողովրդական են՝ Կանաչեանի կողմից աւելացուած զարդարանքներով:
«Դալիլո» բառը որոշ բարբառներում նշանակում է «սիրելիս»: Բառը նման է սեմական լեզուներում և յատկապէս եփրայերէնում հանդիպող «դալիլա» բառին, որը նշանակում է «նուրբ», «քնքուշ»: Այն, որպէս անձնանուն, կրում էր աստուածաշնչեան հերոսուհիներից փղշտացի այն կինը, որը պատուհասեց Սամսոնին:
Իսկ այս երգը հիւսուած է Մկոյի և Եղսոյի սիրոյ շուրջ, որոնք բնակւում են Վանա շրջանի երկու տարբեր գիւղերում՝ փռուած Վարագա լեռան լանջերին:
Երգում հանդէս է գալիս սիրահար տղան, որը սիրած աղջկայ՝ Եղսոյի անունը շուրթերին թափառում է նրանց գիւղի շրջակայքում ու փնտրում նրան: Հաւանաբար գիւղացիներն աշխատում են դաշտ ու արտում, որոնց մէջ յանկարծ նկատում է իր Եղսոյին: Նրան ճանաչում է հագի դեղին բաճկոնակից: Կարելի է կարծել, որ աղջիկն էլ իրեն է նկատել, բայց համագիւղացիների մօտ ամաչում է ցոյց տալ, որ ճանաչում է կողքի գիւղացի երիտասարդ Մկոյին՝ կողքի գիւղից:
Եւ տղան խնդրում է գիւղացիներին, որ ճամբայ տան ու թողնեն, որ Եղսոն տուն գնա, որի ճամբին էլ ինքը կկարողանայ մօտենալ ու մի քիչ զրուցել նրա հետ:
Այդպէս, Մկոն շրջում է կանաչ արտում՝ աչքն անընդհատ Եղսոյին, և յանկարծ տեսնում է, որ աղջիկը հեռանում է մոր հետ: Նա չի դիմանում, և նրանց ետևից ձայնում է՝ դիմելով աղջկան, որ դարդ չանի, որովհետև ինքը պատրաստ է մատաղ լինել նրա համար:
Այստեղ միջամտում են գիւղացիները, որոնք տղային ասում են, որ սիրած յարը այնքան է քաղցր, ինչքան բարդի ծառը՝ բարձր: Ուստի պատրաստ են տղայի հետ գնալ և Եղսոյի մորը հարցնել, ու եթէ իր աղջկան չտա սիրահար տղային, միասին կփախցնեն Եղսոյին:
Յաջորդ տողերում տեսնում ենք Վարագա ծաղկած սարը ծածկած ծառ ու ծաղիկների միջով շտապ-շտապ ինչ-որ տեղ գնացող Եղսոյի մորը: Յանկարծ շուրջը լսւում է գիւղացիների կանչերը, որոնք միմեանց ձայն են տալիս, թէ աղջկայ մայրը գալիս է, թող դիմաւորեն նրան, ասեն, որ Եղսոյի ու Մկոյի հարսանիքն են անում, և որ անհանգստանալու բան չկայ, քանի որ դուստրը ոչ թէ ստիպողաբար, այլ իր կամքով է եկել: Նրա ու Մկոյի հարսանիքը տևելու է եօթ օր ու գիշեր: Իսկ այժմ՝ արարողութեան այս պահին, մինչ հարսն ու փեսան պարում են, ջահելները սընջանէ են խաղում:
Երգը ներկայացուած է Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ