Որոնել

Էջմիածնի գերագոյն խորհուրդի ժողով Էջմիածնի գերագոյն խորհուրդի ժողով  (Grigor Yepremyan)

Բռնութեան կանխարգելումը չպիտի ծառայեցուի որպէս առիթ` ընտանիքի աւանդական ընկալման ձևախեղման համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրաւախորհրդատուական յանձնախումբի յայտարարութիւնը

Խիստ տարակուսանքով տեղեկացանք, որ Ազգային Ժողովում վերստին քննարկման է դրուած ««Ընտանիքում բռնութեան կանխարգելման, ընտանիքում բռնութեան ենթարկուած անձանց պաշտպանութեան եւ ընտանիքում համերաշխութեան վերականգնման մասին» օրէնքում փոփոխութիւններ և լրացումներ կատարելու մասին» օրէնքի խնդրայարոյց նախագիծը:

Եկեղեցին ողջունում է իւրաքանչիւր նախաձեռնութիւն, այդ թւում և իրաւական փաստաթուղթ, կոչուած բացառելու բռնութիւնն ինչպէս ընտանիքում, այնպէս և սոցիալական որևէ այլ միջավայրում: Բռնութեան ցանկացած դրսևորում դատապարտելի է, և բոլոր մարդիկ գտնւում են Աստծոյ անփոփոխ խնամքի ներքոյ, քանզի Սուրբ Գիրքը վկայում է Տիրոջ խօսքը, թէ. «Ես նրանց համար Աստուած պիտի լինեմ, և նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ» (Յայտն. 21.7):

Այսուհանդերձ, խիստ անընդունելի են նախագծում առկայ որոշ ձևակերպումներ և հասկացութիւններ:

Մասնաւորաբար` նախագծի վերնագրում և բովանդակութեան մէջ ներդրած «կենցաղային բռնութիւն» հասկացութիւնը խիստ անորոշ է ու տարածական, հակասում է ընտանիքի ներսում բռնութիւնների կանխարգելման նպատակին և արհեստականօրէն ընդլայնում է օրէնքի կարգաւորման տիրոյթը:

Առաւել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացութեան նորամուծութիւնը, որտեղ սահմանւում է. «զուգընկեր՝ անձ, որի հետ առկայ են յարաբերութիւններ, որոնց յատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակութեան կամ միմեանց հետ սեռական յարաբերութիւններ ունենալու հանգամանքից»: Սրան զուգահեռ` նախագծում որևէ ձևով չի բացառւում, որ զուգընկեր կարող են համարուել նաև նոյնասեռ անձինք, որոնց միութիւնը, ըստ էութեան, հաւասարեցուելու է ընտանիք հասկացութեանը:

Ընտանիքը տղամարդու և կնոջ սիրոյ միութիւնն է` Աստծոյ կամքի մէջ միաւորած և սերնդագործութեամբ օրհնուած: Ընտանիքի աւանդական ընկալումը գոյաբանական նշանակութիւն ունի մեր ազգի համար և չի կարող սակարկման առարկայ լինել:

Հետևաբար, բռնութեան կանխարգելումը չպիտի ծառայեցուի որպէս առիթ` ընտանիքի աւանդական ընկալման ձևախեղման համար։ Բռնութեան, ինչպէս և ցանկացած այլ չարիքի կանխարգելումը և դրա դէմ պայքարը պէտք է իրագործուի այնպիսի միջոցներով, որոնք պատճառ չեն դառնայ չարիքի խորացմանն ու նոր բռնութեան:

Արդ, հաշուի առնելով վերը նշուած, ինչպէս և մի շարք այլ մտահոգիչ ձևակերպումներ ու նորամուծութիւններ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իրաւախորհրդատուական յանձնախումբն անընդունելի է համարում նմանօրինակ նախաձեռնութիւնը և յորդորում է Ազգային Ժողովի խմբակցութիւններին և պատգամաւորներին մերժել նախագծի ընդունումը:

Իւրաքանչիւր պատգամաւորի քուէարկութեան արդիւնքը ակներև է դարձնելու նրա վերաբերմունքն ու պատասխանատուութիւնն իր իսկ ընտանիքի, իր իսկ երեխաների և սերունդների նկատմամբ ու հաւատարմութիւնը քրիստոնէական աւանդական ընտանեկան արժէքներին:

Ազգային Ժողովի պատգամաւորներին մաղթում ենք արդիւնաւոր ծառայութիւն` ի նպաստ մեր երկրի զօրացման և ազգային մեր ինքնութեան ամրապնդման:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/04/2024, 09:10