Որոնել

Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոս 

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհաւորական ուղերձն Աւետման տօնի առիթով

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհաւորական խօսքը Աւետման տօնի առիթով

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ու շնորհաւորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին, ի մասնաւորի բոլոր տիկնանց, օրիորդներին և մայրութեան բերկրանքին սպասող կանանց՝ Սուրբ Աստուածածնի Աւետման հոգենորոգ տօնի առիթով:

Աստուածամայրը իր առաքինի կերպարով, հեզութեամբ ու աստուածասիրութեամբ բարի օրինակ է բոլոր մայրերին ու օրիորդներին, ովքեր գովելի ջանքեր ու նուիրում են բերում իրենց ընտանիքների բարօրութեանը և մեր ժողովրդի առաջընթաց կեանքին:

Սիրելինե՛ր, փորձութիւններով ուղեկցուող այս օրերին, երբ ազգային մեր սպասումներում մշտարթուն ակնկալութիւնը ունենք Տիրոջ օգնականութեան, Սուրբ Կոյսին ուղղուած հրեշտակի խաղաղեցնող աւետիսը հնչում է նաև ձեզ համար. «Աստուած ձեզ հետ է»: Ձեր սրտերում ամուր պահէք առ Աստուած հաւատարմութիւնը, զօրացեալ մնացէք հաւատի, յոյսի ու սիրոյ մէջ, որպէսզի Աստծուն ապաւինած ու միմեանց աջակից՝ կարող լինէք դիմակայել բոլոր մարտահրաւէրներին և դէպի վերելք առաջնորդէք ձեր կեանքը:

Սիրելի մայրեր և քոյրեր, Միածնաէջ Տաճարի Սուրբ Խորանի առջև աղօթում ենք, որ Աստուածամօր բարեխօսութեամբ Բարձրեալն Աստուած Իր օրհնութեան և խնամքի ներքոյ պահի ձեզ և ձեր ընտանեաց անդամներին, որպէսզի ձեր սրտերում տեղ չգտնեն յուսահատութիւնը, ցաւն ու տրտմութիւնը: Թող Տէրը Իր գթառատ սիրով խաղաղ ու բարօր կեանք պարգևի մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփիւռս աշխարհի:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/04/2024, 12:11