Համբարձման տօնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայիսի 9-ին` Յաղթանակի ու խաղաղութեան տօնին, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնը, որի ընթացքում յիշատակւում է նաև 1441 թուականին Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդութեամբ Մայր Աթոռի միաբանութիւնը Պատարագի սրբազան արարողութեանը մասնակցեց Սուրբ Գայանէ վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրէն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Յովհաննիսեանը։
Սուրբ Պատարագի ընթացքում Հայոց Հովուապետի նախագահութեամբ կատարուեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկայ հաւատացեալ ժողովուրդն աղօթք բարձրացուցին առ Աստուած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետութեան անսասանութեան, պայծառութեան ու շենացման համար:
Արարողութեան աւարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, յաղթանակի ու խաղաղութեան տօնի առիթով, ներկայ հաւատացեալ ժողովրդին ու համայն հայութեանն ուղղեց իր պատգամը․
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց,
Յաղթական անցեալի ներշնչանքով և լուսաւոր ապագայի յոյսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմաւորում յաղթանակի և խաղաղութեան տօնը, տօնը Հայրենական մեծ պատերազմում յաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանութեան բանակի ստեղծման տարեդարձի: Այս տարի խորհրդանշական զուգադիպութեամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տօնախմբում է նաև մեր Տէր և Փրկիչ Յիսուս Քրիստոսի Համբարձումը և Հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատուելու յիշատակի օրը: Ազգային, պետական ու եկեղեցական կարևորագոյն այս տօների համընկնումով Մայիսի 9-ը ամբողջացնում է խորհուրդը յաղթանակի:
Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրաւում են գոյաբանական ծանրագոյն փորձութիւններ: Անհուն զրկանքների ու զոհողութիւնների գնով ազատագրուած Արցախը բռնազաւթւած է ու հայաթափուծ, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքուած ու աւերակուած: Վտանգուած են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կեանքը, կորսուած է մեր անդորրը, և խոցոտուած՝ մեր ազգային արժանապատուութիւնը:
Ցաւալի կորուստների և դառն պարտութիւնների մէջ մենք վերստին դառնում ենք դէպի Կեանքի Աղբիւրը, դէպի Ամենախնամն Աստուած, որ հազարամեակների փորձութիւնների ու մաքառումների, արհաւիրքների ու աղէտների մէջ կեանքի ու յարատևութիւն շնորհով օրհնեց մեզ և ոգեշնչեց՝ ասելով. «Քաջալերուեցեք, որովհետև Ես յաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33): Մենք ժառանգներն ենք մի ժողովրդի, որ մահուան ու տառապանքների դէմ գօտեմարտում երբեք չկորցրեց իր հաւատն առ Աստուած, պահեց հաւատարմութիւնը իր հոգևոր-ազգային արժեգներին և չհրաժարուեց իր ինքնութիւնից: Մենք յետնորդներն ենք մեր հերոս նախնեաց, որոնց փառապանծ գործերով հզօրացել ու պայծառացել է ազգն ու հայրենիքը, դպրութիւնը, գիտութիւնն ու մշակոյթը։ Հայրենի հողը շենացնելու, հայոց պետականութիւնը վերականգնելու նուիրական տեսիլքը վառ պահելու համար մեր հայրերը 1441 թուականին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրեցին Հայոց Հայրապետական Աթոռը:
Մեր մաղթանքն է, որ շուտափոյթ հանգուցալուծում գտնեն առկայ հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատուով յաղթահարի մեզ պատուհասած արհաւիրքները։ Արդ, յոյսով ու լաւատեսութեամբ զինուենք, չտկարանանք դժուարութիւնների առջև, յիշենք մեր նախնիների սխրանքները, թօթափենք վախի ու անտարբերութեան կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան: Համախմբուենք հայոց անկախ պետականութեան լուսաւոր գաղափարի շուրջ՝ Աստծոյ օրհնութեամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դէպի նոր հորիզոնները մեր լուսաւոր գալիքի։
Աղօթենք միասնաբար, որ Աստուած խաղաղութիւն պարգևի համայն աշխարհին, նոր կորուստներից ու աղէտներից հեռու պահի մեր հայրենիքն ու ազգը և Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքոյ շնորհի անվտանգ կեանք ու ստեղծարար հաջողութիւններ այսօր և միշտ. ամեն»։
Աւարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Հայրապետի, կատարուեց հոգեհանգստեան կարգ։ Եկեղեցականներն ու ներկայ հաւատաւոր ժողովուրդն աղօթք բարձրացուցին առ Աստուած Հայրենական մեծ պատերազմում և Արցախեան հերոսամարտերում զոհուած հայրենեաց պաշտպանների հոգիների խաղաղութեան ու հանգստութեան համար:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ