Ատրպէյճան բռնագրաւուած Արցախի մէջ մզկիթներ կը կառուցէ
Monumentwatch-ը յայտարարեց, որ Ատրպէյճան բռնագրաւուած Արցախի մէջ մզկիթներ կը կառուցէ:
Այս առիթով հրապարակուած յայտարարութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը.
«2020 թուականի 44օրեայ պատերազմի եւ 2023 թուականին Արցախի ամբողջական օկուպացիայից (գրաւումէն) յետոյ պաշտօնական Ադրբեջանը ձեռնամուխ եղաւ Արցախի պատմական, մշակութային, էթնոդաւանական (ցեղային-աւանդական) կերպարի ամբողջական փոփոխութեանը: Այս քաղաքականութիւնը սկիզբ էր առել դեռեւս խորհրդային տարիներին, երբ Արցախի ամբողջ քրիստոնէական ժառանգութիւնը յայտարարուել էր աղուանական, իսկ սկսած արդէն 2000ական թուականներից այդ ժառանգութիւնը վերագրուեց Ադրբեջանի ուդիական համայնքին: 2020 թուականից սկսեցին կազմակերպուել ուդիական համայնքի ներկայացուցիչների պարբերաբար այցերը օկուպացուած Արցախի սրբավայրեր: Այս այցերը լայնօրէն լուսաբանւում էին լրատուամիջոցների կողմից: Նման քաղաքականութեան պատճառը երկրամասի ակնյայտ քրիստոնէական պատմամշակութային ժառանգութեան համար նոր ժառանգ գտնելն էր եւ դրա ցուցադրումը ի լուր աշխարհի (աւելի մանրամասն տես՝ Ուդիական քարոզչութիւնը որպէս ադրբեջանական քաղաքականութեան դրսեւորում):
«Հայկական Արցախի պատմական, մշակութային կերպարի փոփոխութեան երկրորդ գործիքը դարձաւ պատմական Արցախի տարածքում եղած իսլամական մշակութային ժառանգութեան գերկարեւորումը, նշանակութեան չափազանցումը եւ շեշտադրումը որպէս «ադրբեջանական պատմութեան, մշակոյթի եւ արուեստի» կայացման կարեւոր գործօնի: Ընդ որում, այս ճանապարհին ադրբեջանական յայտարարուեցին ուշ միջնադարեան իսլամական դամբարանները, տարածաշրջանում գործած պարսկագիր ու արաբագիր մահմեդական հոգեւոր-մշակութային գործիչները, փիլիսոփաներն ու բանաստեղծները: Ակնյայտ էր երկրամասի պատմամշակութային իրողութիւնների ուղղակի խեղաթիւրումը եւ պատմական տարաբնոյթ աղբիւրների ուղղակի անտեսումը եւ սեփական քարոզչութեան համաձայն մեկնաբանումը:
«Այս քայլով ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց հիմնաւորել երկրամասի իսլամական լինելու եւ դրանով նաեւ ադրբեջանական լինելու փաստարկը: Քարոզչական այս թէզը ակնյայտ էր դեռեւս խորհրդային տարիներին, Անդրկովկասում երբ 7րդ դարից յետոյ ստեղծուած մահմեդական տարաբնոյթ իշխանութիւնները սկսուեցին ներկայացուել որպէս ադրբեջանական պետութեան մի մաս: Այսպէս, ադրբեջանական սկսեցին դիտարկուել ժամանակակից Ադրբեջանի տարածքում ստեղծուած տարաբնոյթ մահմեդական իշխանութիւնները: Ադրբեջանական սկսուեց դիտարկուել սելջուկեան՝ յատկապէս Ելտկուզեան իշխանութիւնը: Իսկ քանի որ մահմեդական այս տարաբնոյթ իշխանութիւնները իրենց տիրապետութիւնը տարածում էին հայկական, վրացական իշխանութիւնների եւ երկրամասերի վրայ, առաջ քաշուեց յատկապէս հայկական երկրամասերի «ադրբեջանական պետութեան» մաս կազմելու հնարանքը: Գիտական այս թէզերի կազմաւորման մէջ «մեծ ներդրում» ունի ադրբեջանցի պատմաբան Զիա Բունիաթովը, որի բազմաթիւ աշխատանքները նուիրուած էին հէնց այս գործօնին: Ասուածի լաւագոյն օրինակը նրա աշխատանքն է՝ Արցախի պատմութեան եւ մշակոյթի «իսլամացման» մէջ, սակայն, ամէնից մեծ քարոզչական տեղը տրւում է Փանահ խանին եւ Ղարաբաղի խանութեան հիմնադրմանը, որը ներկայացւում է որպէս Արցախի ադրբեջանական քաղաքական, մշակութային միաւոր: Ադրբեջանական քարոզչամեքենան Ղարաբաղի խանութեան դերի եւ նշանակութեան մասին ակտիւօրէն (աշխուժօրէն) սկսեց խօսել 2020 թուականի պատերազմից յետոյ՝ խանութիւնը եւ վերջինիս հիմնադիր Փանահ խանին ներկայացնելով որպէս ադրբեջանական պետութեան հիմնադիրներից մէկը: Ակնառու էր Ղարաբաղի խանութեան դերի բարձրացմանը միտուած քարոզչութիւնը, իսկ Աղդամի, Շահբուլաղի վերադարձը մեկնաբանւում էր որպէս վերադարձ պետութեան արմատներին:
«Սա բաւականին լաւ ցուցադրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով երկրամասի ադրբեջանական լինելու թէզում առաջնային տեղ է յատկացնում Աղդամում գտնուող եւ Փանահ խանին վերագրուող պալատին եւ Ղարաբաղի խաների եւ նրանց ժառանգների դամբարաններին ու Շահբուլաղին՝ որպէս ադրբեջանական պետութեան կազմաւորման կարեւոր վայր: Նկատելի է, որ օկուպացուած Արցախ պատուիրակութիւնների այցելութիւնների ժամանակ նրանց ուղեկցում են ոչ միայն Շուշի, այլ նաեւ Աղդամ եւ Շահբուլաղ: Այդպիսի օրինակներից մէկը վերջերս Ղրղզստանի նախագահի այցն էր, ով Ալիեւի ուղեկցութեամբ եղաւ Շահբուլաղում եւ Աղդամում (https://www.youtube.com/watch?v=MnvCf2sNVOk):
«Արցախի իսլամացման գործում կարեւոր տեղ է յատկացւում Շուշի քաղաքին: Շուշին ներկայացւում է որպէս ադրբեջանական մշակութային, քաղաքական առաջնային կենտրոն: Այն ներկայացւում է որպէս ադրբեջանական մզկիթաշինութեան կարեւորագոյն օրրան: 2020 թուականից յետոյ Ադրբեջանի իշխանութիւնները գրեթէ լիովին աւարտին հասցրեցին Շուշիի ադրբեջանականացման, իսլամականացման քաղաքականութիւնը՝ վերացնելով քաղաքի հայկական կերպարը եւ հռչակելով քաղաքը որպէս մահմեդական աշխարհի հոգեւոր եւ մշակութային կենտրոն (աւելի մանրամասն տես՝ Շուշին որպէս մահմեդական աշխարհի մշակութային ու հոգեւոր կենտրոն ներկայացնելու ադրբեջանական նոր փորձերը եւ հայ եկեղեցուն ուղղուած մեղադրանքներ Բաքուից եւ Շուշիից, Շուշին յայտարարուել է 2024 թուականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք, Շուշին յայտարարուել է 2024 թուականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք, Ադրբեջանը հայազրկում է Շուշիի մշակութային ժառանգութիւնը):
«Արցախի իսլամացման գործում կարեւոր գործօն է երկրամասում եղած մզկիթների թուաքանակի հարցը, ինչը Ադրբեջանի կողմից դարձել է անհիմն շահարկումների առարկայ. նկատելի է դրանց թիւն ուռճացնելու միտում՝ չնայած նրան, որ իսլամական ներկայացուող Արցախում ադրբեջանական գիւղերի 70 տոկոսը կառուցուել են խորհրդային տարիներին, երբ երկրամասում քոչուոր կեանք վարող բնակչութեանը խորհրդային իշխանութիւնները ստիպել են անցել նստակեցութեան, յայտնի է, օրինակ, որ Զանգելանի, Կուբաթլուի, Ջեբրայիլի, Ֆիզուլու, Աղդամի տափաստանային հողերի ջրարբիացման եւ մշակման նպատակով 1940-1950ական թուականներին այդ տարածքներում հիմնուել են տասնեակ նոր բնակավայրեր:
«2020 թուականից յետոյ դիտարկելի է Արցախի պատմական, մշակութային միջավայրի, բնական լանդշաֆտի (հողատարածքի) իսլամացման նոր միտում, որն արդէն իրագործւում է անմիջապէս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով: Դա դրսեւորւում է օկուպացուած Արցախում նոր մզկիթների կառուցմամբ (մանրամասն տես՝ Նոր մզկիթների հիմնարկէք՝ Արցախի օկուպացուած հայկական բնակավայրերում):
«Այսպէս, նոր մզկիթներ են կառուցւում Շուշիում, Հադրութում, Քարինտակում, Մատաղիսում, Բերձորում, Զանգելանում:
«Բոլոր մզկիթները կառուցւում են Հէյդար Ալիեւի հիմնադրամի միջոցներով, հիմնարկէքը կատարւում է անձամբ նախագահ Ալիեւը եւ իր կինը : Մզկիթների հիմնարկէքի, վերանորոգման տեսանիւթերում Ալիեւը ներկայացւում է որպէս իսլամական մշակոյթի վերականգնող, տարածող, ուղղահաւատ մահմեդական: Բոլոր տեղերում նա կնոջ հետ նուիրաբերում է Ղուրան, աղօթք կատարում (https://www.youtube.com/watch?v=wdXZIpmmjd4): Որոշ տեսանիւթերում երեւում են նաեւ ընտանիքի անդամները՝ որդին, դուստրերը: Ադրբեջանական եւ թուրքական քարոչզամեքենան ներկայացնում է Իլհամ Ալիեւին որպէս իսլամական հողերը ազատագրող, վերականգնող գործչի: Ասուածի լաւագոյն օրինակը Իլհամ Ալիեւին թուրքական պատուիրակութիւնների կողմից խորհրդանշական զէնքերի՝ սակրի եւ թրի ընծայումն էր (https://www.youtube.com/shorts/JFUZR0BYz8I ):
«Երբեւիցէ մահմեդական բնակչութիւն չունեցած Հադրութում, Մատաղիսում, Քարինտակում մզկիթները կառուցւում են առաւել բարձրադիր, իշխող տեղանքում՝ դրանով կարծես ցուցադրելով այդ տարածքների մշակութային, էթնիկ, կրօնական փոփոխութեան միտումը: Ուշագրաւ է, որ նորակառոյց մզկիթներից մէկը կառուցւում է Արցախի հարաւում՝ Հադրութում, հիւսիսում՝ Մատաղիսում, կենտրոնական հատուածում՝ Քարինտակ: Նոր մզկիթ է կառուցւում նաեւ Բերձորում՝ նախկին Լաչինում, որը խոշոր բնակավայր էր դարձել խորհրդային տարիներին, իսկ Լաչինի շրջանում խոշոր կրօնական շինութիւն չի եղել:
«Ակտիւօրէն վերակառուցուող եւ վերաբնակեցուող Ֆիզուլի, Ջեբրայիլ քաղաքներում, Աղալի գիւղում մզկիթներ չեն կառուցւում եւ նորոգւում: Դա արւում է դեռեւս ադրբեջանցի վերաբնակիչ չունեցող Հադրութում, Քարինտակում եւ նոր-նոր վերաբնակեցուող Մատաղիսում: Նոր ու մեծ մզկիթ է բացուել Զանգելանում, որը դեռեւս վերաբնակեցուած չէ:
«Մէկ այլ տարակուսելի փաստը Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի, Աղդամի շրջաններում գտնուող գիւղական մզկիթներում վերականգանման կամ վերանորոգման աշխատանքների բացակայութիւնն է, ինչը շատ լաւ երեւում է բազմաթիւ լուսանկարներից եւ տեսանիւթերից: Տպաւորութիւն է, որ ադրբեջանական կողմը ի լուր աշխարհի վերանորոգում է միայն Շուշիի մզկիթները, Աղդամի մզկիթը: Մնացած կառոյցների մօտ աշխատանքներ չեն տարւում:
«Ադրբեջանական կողմը չի թաքցնում, որ մզկիթների վերակառուցման եւ նորերի կառուցման մէջ ակտիւօրէն ներառուած են Թուրքիայից հրաւիրուած մասնագէտները:
«Փաստօրէն Արցախի հայազրկումը «հանգստութիւն» չի բերել բռնակալին: Նրան անհանգստացնում են պատմութիւնն ու դրա հազարաւոր հայկական պատմա-մշակութային դրսեւրումները: Ուրեմն կարելի է դրանք խեղել, վերագրել, ոչնչացնել, հայկական տարածքը «վերապատմականացնել» ընտրովի մզկիթաշինութեամբ»:
Աղբիւրը` Ասպարէզ
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ