Հայկական ժողովրդական երգեր. «Եարուկ մ’ունիմ» եւ «Մատիս մատնիքը» երգերը
Առաջին՝ «Եարուկ մ’ունիմ» երգում երիտասարդ աղջիկը երգում է, որ ինքը կեռ հոնքերով, բարձրահասակ ու մի գեղեցիկ եար ունի, որին փաղաքշաբար անվանում է «եարուկ»: Մեզ անյայտ պատճառներով տղան հեռացել է իրենից. գուցէ գժտուել են, կամ տղան ուրիշ աղջկայ է սիրահարուել և լքել է մեր երգի հերոսուհուն և ետ չի գալիս նրա մօտ: Եւ դրա պատճառով աղջկայ հոգին տակնուվրայ է եղել, այրւում է իր սիրտը, իսկ տղան չի գալիս, որ ջուր տա, այսինքն հանգցի սիրտը մաշող այդ կրակը:
Սրան յաջորդում է «Մատիս մատնիքը» երգը, որի հերոսուհին նշանուած է եղել, բայց նշանի մատանին հանել, դրել է դիքի՝ թեք մի տեղի վրայ, որովհետև իր սիրած տղան սրտով չէր: Բանն այն է, որ ի նշան իրենց փոխադարձ սիրոյ տղայի տուած մատանին աղջկայ մատով չէր: Եւ այժմ աղջիկը տարակուսում է, թէ ինչո՞ւ է տղան իրեն մի այնպիսի մատանի նուիրել, որն ինքը չպիտի կարողանայ կրել մատին, ի՞նչ է նրա մտքինը: Հաւանաբար առաջին հայեացքից նա համակրել է տղային, սիրահարուել, սակայն նրա վարքի մէջ որոշ բաներ է նկատել, որոնք իրեն կասկածների ու մտատանջութիւնների մէջ են գցել. նա թէև սիրահարուել է տղային, գերուել է նրա գեղեցիկ շարժուձևերով, խօսքով ու կեցուածքով, և իրենք նշանադրուել են, սակայն այժմ նրա մէջ նկատել է ինչ-որ վանող բան, գուցէ՝ անլուրջ վերաբերմունք դէպի ինքը կամ ընտանեկան կեանքը, և այժմ չի ցանկանում ամուսնանալ նրա հետ: Եւ աղջիկն անդադար մտորում է, թէ էլ ի՞նչ մտքով է տղան նշանուել իր հետ, եթէ լուրջ չէ վերաբերմունքն իր հանդէպ:
Երգերը ներկայացուած են հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Անահիտ Պապայան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ