Հայկական ժողովրդական երգեր. «Ամռան գիշեր» պարերգը
Ներկայացնում ենք Շատախի հայութիւնից աւանդուած «Ամռան գիշեր» պարերգը։
Այս երգը մեր առջև բացում է հին հայկական գիւղական մի տեսարան, երբ ամարային օրուայ ընթացքում իրենց աշխատանքը կատարած-վերջացրած գիւղացիները հաւաքուել են մէկի տանը կամ բակում և վայելել ամռան մարմանդ, զով գիշերը, երբ պարզ երկնքում անուշ շողում է լուսնեակը:
Այսպիսի երեկոներին ու գիշերներին են ծնուել ու դարեր շարունակ պատմուելով հարստացել Հայոց առասպելական պատումները, հեքիաթները, և, ինչպէս տեսնում ենք, երգերն ու պարերը: «Ամռան գիշեր» երգով այդ տեսարանը, կարծես, մեզ փոխանցում է գիւղի տղամարդկանցից մէկը, գուցէ նոր ամուսնացած տղան, քանի որ բոլոր քառատողերում գովերգում է ջահել հարսնիկին՝ հաւանաբար իր կնոջը: Մինչ լուսնի անուշ ցոլքերի ներքոյ հաւաքուած գիւղացիները՝ տարեց թէ մանուկ, կին թէ տղամարդ, հաւաքուել և ասում-խօսում են, ջահել հարսնիկն ալիւր է մաղում՝ հաւանաբար աւանդական թխուածք, օրինակ, փախլավա պատրաստելու համար, որպէսզի հիւրասիրի երեկոյեան հաւաքուած տնեցիներին ու դրացիներին:
Յաջորդ քառատողում երիտասարդը պատմում է, որ լուսնեակը, կամաց-կամաց շարժուելով երկնքում, արդեն իր շողերը սկսել է խաղացնել տան երդիկից, իսկ հարսնիկը, որ, կարծես, ալիւրը մաղել-վերջացրել է, այժմ երկանքով հացահատիկ է աղում:
Երկանքը կազմուած է երկու կլոր, տափակ, հարթ մակերեսներով քարերից, որոնցից ներքևինի վրայ կայ առանցքային ցից, իսկ վերևինի կենտրոնում անցք է բացուած, որը հագցուած է ցցին: Վերևի քարի վրայ, կողմնային հատուածում ամրացուած է կոթ, որից բռնելով այն պտտցնում են, իսկ անցքից լցնում հացահատիկը՝ աղալու համար:
Եւ ահա, ջահել, անուշիկ հարսնիկն աշխատում է երկանքով և նրա գեղեցիկ տեսքից տեսնողի սիրտ է դաղւում: Յաջորդ տեսարանում դարձեալ տեսնում ենք լուսնեակի անուշ շողերի տակ աշխատող հարսնիկին. նա այժմ ուրախ երգ ու ծիծաղով իլիկ է մանում:
Երգի վերջին քառատողում երիտասարդ տղան իր ջահել կնոջը համեմատում է երկնքում անուշ շողացող լուսնեակի հետ: Այդ պահին լուսինը ծածկուել է ամպերի տակ, իրենց բակը խաւարով է պատուել, իսկ ջահել հարսնիկն էլ, աշխատանքներն աւարտելով, տուն է մտել: Ու տղան, նեղսրտում է դրանից, նրան թւում է, թէ լուսնին բերդի մէջ են փակել, և դուրս է կանչում իր «լուսնեակ» կնոջը ու նաև դիմում լուսնին, թէ մինչև երբ պէտք է մնա ամպի տակ, ինքն ուզում է նրա շողերի տակ հիանալ իր ջահել կնոջմով:
Սա, ինչպէս սկզբում ասացինք, պարերգ է, այսինքն մինչ հարսնիկն աշխատում էր, տարեցները մանուկների համար հեքիաթներ պատմում, ջահել աղջիկ-տղաներն էլ, երգով պատմելով ընթացքում կատարուող անցուդարձը, միասին պարել են՝ մեղմիկ շորորալով:
Երգը ներկայացուած է «Կարին» համոյթի կատարմամբ։ Գեղարուեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսեան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ