«Սահմաններից այն կողմ» - Քըրք Քըրքորեան. Միլիարդատէր հայը՝ թռչող գորգի վրայ
Ծնուած լինելով՝ հայ ներգաղթեալների՝ Ահարոն և Լիլի Քըրքորեանների ընտանիքում՝ նա ստիպուած էր ընտանիքի հետ տեղից տեղ տեղափոխուել աւելի քան քսան անգամ: Նա ընտանիքում չորս երեխաներից ամենափոքրն էր: Քըրքորեանների տանը մշտապէս խօսում էին հայերէն, ու նա անգլերէն սովորում էր փողոցում և ժամանակ առ ժամանակ դպրոց յաճախելով: «Մեր առաջին լեզուն հայերէնն էր, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ում ենք ծնուել: Մենք անգլերէն փողոցում ենք սովորել»,- ասում էր Քըրքորեանը:
Քըրքն արդեն որոշել էր զբաղուել պրոֆեսիոնալ բռնցքամարտով, երբ նրա կեանքում ճակատագրական հանդիպում եղաւ: 1939թուականին 22-ամեայ Քըրքն աշխատանքի անցաւ բուխարիների վարպետ Թեդ Օ՚Ֆլայերթիի մօտ՝ վարձատրուելով 45 ցենտ մէկ ժամի համար: Ինքնաթիռներով տարուած Օ՚Ֆլայերթին միշտ համոզում էր Քըրքին, որ իր հետ գնա ինքնաթիռ վարելու, և երկար մերժելուց յետոյ մի օր որոշեց գնալ: Առաջին թռիչքից յետոյ նա այնքան էր տպաւորուել, որ յաջորդ օրն արդեն բռնցքամարտիկ դառնալու ցանկութիւնն անհետացել էր, քանի որ Քըրքի համար գերնպատակ էր դարձել օդաչու դառնալը:
Նա փնտրում էր մարդ, ով կսովորեցնի իրեն ինքնաթիռ վարել. «Ես փող չունեմ, չունեմ նաև կրթութիւն, բայց ես ցանկանում եմ թռչել սովորել: Դուք կարո՞ղ եք ինձ օգնել»,- ասաց նա յայտնի կին օդաչու Ֆլորենս Բարնսին՝ փոխարէնն առաջարկելով անվճար աշխատել նրա ռանչոյում, կթել կովերին և հաւաքել գոմաղբը:
Վեց ամիս անց Քըրքն ունէր արդեն օդաչուի վկայական:
Ստացած գիտելիքները նրան օգտակար եղան Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ ռազմաօդային ուժերում ծառայելիս:
1944 թուականին նա առաջին անգամ այցելեց Լաս Վեկաս ու տարուեց մոլախաղերով: Երկար ժամանակ այնտեղ անցկացնելուց յետոյ Քըրքը թողեց խաղերն ու սկսեց գնել Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ինքնաթիռներ, որոնք էժան գներով վաճառում էր ԱՄՆ կառավարութիւնը: Արդիւնքում Քըրքորեանը ստեղծեց իր առաջին ընկերութիւնը՝ Transnational Airlines-ը, որը ղեկավարում էր մինչև 1968 թուականը, ինչից յետոյ վաճառեց այն 104 միլիոն դոլարով:
Քըրքորեանն աշխարհի խոշորագոյն հիւրանոցների կառուցողներից է: 1962-ին Քըրքորեանը Լաս Վեկասում սկսեց կառուցել լեգենտար Caesars Palace խաղատունը, ապա International հիւրանոցը, որն այսօր յայտնի է որպէս Las Vegas Hilton: Այդ ժամանակ հիւրանոցը համարւում էր խոշորագոյնը: Այս համալիրի ներսում Քըրքորեանը առաջին անգամ աշխարհում ստեղծեց յատուկ մի վայր, որտեղ երեխաները կարող էին լողալ, խաղալ, զուարճանալ, քանի դեռ իրենց ծնողները գտնւում էին խաղատանը:
1969 թուականին Քըրքորեանը ձեռք բերեց MGM կինոստուդիան, ինչպէս նաև հիմնեց հսկայական չափերով MGM Grand Hotel and Casino հիւրանոց-խաղատունը: Հետագայում նա երեք անգամ վաճառեց այն և երկու անգամ հետ գնեց Metro-Goldwyn-Mayer-ը:
1973 թուականին Քըրքորեանը կառուցեց Լաս Վեկասի իր հերթական հիւրանոցը՝ կրկին ամենամեծը աշխարհում, և անուանեց այն Grand Hotel:
1970-ականների սկզբին նա գնեց Western Airlines ավիաընկերութեան վերահսկիչ փաթեթը: Լինելով հմուտ ներդնող նա ներգրաւեց նաեւ ավտոարտադրութեան ոլորտում և դարձաւ «Ֆորդ» և «Քրայսլեր» ընկերութիւնների նշանակալի մասի բաժնետէր:
Քըրքորեանի կարողութիւնն օրի օրի աճում էր, իսկ անունն էլ աւելի ու աւելի յաճախ տեղ գտնում համաշխարհային մամուլի էջերում, չնայած դրան, նա չէր սիրում հարցազրոյցներ տալ և միշտ խուսափում էր հրապարակայնութիւնից:
Ժամանակի հետ նա սկսեց գումարներ ծախսել բարեգործութեան վրայ: Քըրքորեանի բարեգործական ծրագրերի կենտրոնում իր պատմական հայրենիքն էր՝ Հայաստանը: Հենց Հայաստանում Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնութեան տրամադրման նպատակով 1989 թուականին ստեղծուեց Լինսի հիմնադրամը, որի անուանումը Քըրքորեանի Լինտա և Թրեյսի դուստրերի անունների համադրութիւնն է:
Լինսի հիմնադրամի ջանքերով կառուցուեցին և վերանորոգուեցին տասնեակ շէնքեր, նոր դպրոցներ ու հիւանդանոցներ կանգնեցուեցին:
Նրան պէտք չէր փառք եւ ճանաչում. միակ մարդը, ում Քըրքորեանը ցանկացել է ապացուցել իր նշանակութիւնը, հենց ինքն է եղել: Անգամ 90-ն անց տարիքում մեծ գործարարն ու բարերարը չդադարեց զբաղուել բիզնեսով ու հասարակական գործունէութեամբ:
Քըրք Քըրքորեանը մահացաւ 2015 թուականին՝ 98 տարեկան հասակում՝ թողնելով հսկայական ժառանգութիւն աշխարհին և Հայաստանին, թողնելով իր հետքը պատմութեան մէջ և հազարաւոր մարդկանց սրտերում, ովքեր փրկուեցին իր շնորհիւ:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ