Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Ակնա հարսանեկան երգեր՝ «Այ իմ հարստի դստրիկ» և «Աս հինան»

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (66)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք Ակնա հարսանեկան երգեր՝ «Այ իմ հարստի դստրիկ» և «Աս հինան»։ Բայց մինչ երգերի մասին խօսելը համառօտ ներկայացնենք Ակն քաղաքը։

Ակնը հիմնադրել են Վասպուրականի Արծրունիները, որոնք իրենց թագաւորութիւնը 1021-1022 թուականներին Բիւզանդեային յանձնելով՝ Սեբաստիայի հետ միասին իբրև փոխհատուցում ստացել էին նաև Ակնի շրջանը: Նախարարական և իշխանազուն ընտանիքները՝ հիմնելով Ակնա գաղութը, ուրիշ աւանդութիւնների հետ բերել են նաև հարսանեկան ծէսն՝ իր բարձրագոյն և բնիկ տարազով:

Ակնա հարսանիքը, ինչպէս պարզ երևում է նրա տարբեր փուլերի կազմութիւնից և երգերի ու նուագակցութեան բնոյթից, արտացոլել է աւելի հայկական միջնադարեան քաղաքային ազնուականութեան նուրբ ճաշակն ու բարոյա - գեղագիտական ըմբռնումները։

Ակնա հարսանիքում նախ և առաջ ուշադրութիւն են գրաւում փեսայի և հարսի զգեստաւորման գործողութիւններ, որոնք առանձին սենեակների մէջ կատարուելով, աչքի են ընկնում իւրատեսակ գծերով:

Փեսայի զգեստաւորումն ուղեկցուել է զուսպ երաժշտական նուագակցութեամբ: Զգեստաւորման աւարտումից յետոյ միայն երգել են՝ «Ելի կայնէ, թագւոր աղբար», ու երբեմն նաև՝ «Ան բարձր լեռնեն ի վար» հիանալի երգերը: Շատ ավելի ճոխ է հարսի զգեստաւորումը:

Այդ արարուածում տարբերւում են երեք տեսարաններ:Առաջինում, որ սկսուել է խնամի կանանցով լեցուն սենեակի շեմին հարսի երևալու պահից, հնչել է ութ խմբերգ, որոնց թւում՝ «Ոլըրեցար, բոլըրեցար, աղուոր ճամբան մոլորեցար» և «Աղուոր, քեզ ո՞ր մայրն է բերեր» գոհարները:

Երկրորդ տեսարանը՝ հարսը «մօր գրկից առնելու» ինքնատիպ խաղն է, «Եկուր, աղուոր աղջիկ, հարս եղար մեզի» խմբերգով:

Այսպիսով աւարտւում է հարսի զգեստաւորումը, եզրափակուելով՝ «Ման եկուր, աղուոր, ման եկուր» խմբերգով ու դրան յաջորդող «Այ իմ հարստի դստրիկ» հոյակերտ հայրենով, միայնակ՝ սոլո կատարմամբ: Այն երգել է խնամի կանանցից մէկը՝ միաժամանակ մեղմիկ կերպով դափ զարկելով: Կոմիտասի գրի առած այս երգն իրականում սիրոյ հայրեն է, որ ընդունուած է եղել երգել հարսանիքում: Բուն պսակի արարողութիւնը, որից անմիջապէս առաջ էլ «հարսնացուին ձեռքը հինա կդնեն նուագարանով», հարսանիքի զուտ եկեղեցական մասն է: «Աս հինան» երգը կատարուել է նուագակցութեամբ, և երաժիշտների կատարողական ճաշակն ունէր խիստ տեղական բնոյթ՝ հեռու արևելեան սազանդարներից: Ակն թափանցած չեն եղել եւրոպական երաժշտական գործիքները։ Առաւել ուշագրաւն այն է, որ Ակնի Հարսանիքում տեղ չեն ունեցել այստեղ ընդհանրապէս քաջ ծանօթ դհոլն ու զուռնան:

Երգը ներկայացուած է «Ծիրանի» անսամբլի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/07/2024, 07:42