Որոնել

Էջմիածին Էջմիածին  (ANSA)

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ՀԵԸ «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցները

Նորին Սրբութիւնը իր հայրական օրհնութիւնը բերելով սկաուտներին կարևորեց սփիւռքահայ հայորդիների համախմբումը հայրենիքում, ինչն իր անջնջելի հետքը կթողնի երիտասարդների կեանքում` առիթ ընձեռելով զօրանալու իրենց ինքնութեամբ, զգալու հայրենիքի շունչն ու ոգին և հաղորդակցուելու ազգային ու հոգևոր արժէքներին:

Յուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) Հայ Երիտասարդաց Ընկերակցութեան (ՀԵԸ) «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցները ուղեկցութեամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչութեան անդամ Վազգէն Յակուբեանի։ 

Հանդիպմանը տիար Յակուբեանը, հայցելով Նորին Սրբութեան օրհնութիւնը, ընդգծեց, որ ՀԲԸՄ ՀԵԸ «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցներն ուխտավորաբար այցելել են Սուրբ Էջմիածին Մայր Եկեղեցուն իրենց հաւատարմութեան ուխտը նորոգելու և ազգային ու հոգևոր արժէքների նկատմամբ իրենց սերը զօրացնելու։ Տիար Յակուբեանը նաև տեղեկացրեց, որ ծրագրին մասնակցում են Սիրիայի, Իրանի, Իրաքի և Հայաստանի ՀԲԸՄ ՀԵԸ մասնաճիւղերի սկաուտները։

Նորին Սրբութիւնը իր հայրական օրհնութիւնը բերելով սկաուտներին կարևորեց սփիւռքահայ հայորդիների համախմբումը հայրենիքում, ինչն իր անջնջելի հետքը կթողնի երիտասարդների կեանքում` առիթ ընձեռելով զօրանալու իրենց ինքնութեամբ, զգալու հայրենիքի շունչն ու ոգին և հաղորդակցուելու ազգային ու հոգևոր արժէքներին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն բարձրօրէն գնահատեց ՀԲԸՄ կենտրոնական վարչութեանը ազգային կեանքում հայրենանուէր առաքելութեան իրագործման, Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփիւռ թեմերին ցուցաբերուող շարունակական զօրակցութեան, ինչպէս նաև կրթադաստիարակչական, մշակութային տարբեր ծրագրերի իրականացման համար։

Հայոց Հայրապետը պատգամեց երիտասարդ սկաուտներին ՀԲԸՄ ոգուն հաւատարիմ՝ լինել ազգային ինքնութեան կրողը, առաջնորդուել ազգային շահերով և իբրև հայ ժողովրդի ու Եկեղեցու արժանի զաւակներ՝ յանձնառութեամբ շարունակել իրենց առաքելութիւնը յանուն հայոց կեանքի շենացման։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/07/2024, 07:58