Հայկական աւանդական բժշկութեան մասին (Միջնադար)
Միջնադարեան հայ բժշկութիւնը եղել է ժամանակի առաջաւոր բժշկագիտութեան դիրքերում։
Հայ բժշկին բարձր բարոյական պահանջներ էին ներկայացւում եւ աղքատները անվճար բուժում ստանալու իրաւունք ունէին: Հիւանդին մերժած բժիշկը զրկւում էր իր կոչումից:
Կիլիկեան Հայաստանում (11-14րդ դար) բժշկութիւնը պետական կարեւորութեան գործ էր համարւում: Նախկինում միայն վանքերին կից գործող հիւանդանոցները, Կիլիկեան թագաւորութեան շրջանում, յայտնուեցին պետութեան հովանու ներքոյ: Բժշկանոցներին կից գործում էին բարձրագոյն բժշկական դպրոցներ: Այստեղ երիտասարդ մասնագէտները գործնական եւ տեսական գիտելիքներ էին ստանում, դասաւանդւում էր մարդակազմութիւն եւ ֆիզիոլոգիա (բնախօսութիւն): Այդ են հաստատում Մատենադարանում պահուող աւելի քան 100 ձեռագրերը:
15րդ դարի բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին եղել է նախորդ շրջանի այն գործի շարունակողն ու զարգացնողը, որով, նրա արտայայտութեամբ, «զբաղուել են մեր առաջին բժիշկները՝ Մեծ Մխիթարը, Բժիշկ Ահարոնը, նրա որդին՝ Բժիշկ Ստեփանոսը, որոնք շատ գրքեր են գրել դեղորայքների ներգործութեան ու օգտակարութեան մասին»։ Նրա «Անգիտաց Անպէտը» աշխատութիւնը միջնադարեան հայկական դեղագիտութեան հանրագիտարան է, որտեղ դեղանունները տրուած են 5 լեզուով՝ հայերէն, յունարէն, լատիներէն, արաբերէն, պարսկերէն եւ պարունակում է 3500ից աւելի բուժիչ բոյսերի, կենդանիների եւ հանքանիւթերի անուանումներն ու նրանց հոմանիշները։ Պարզւում է, որ այն բոլոր հիւանդութիւնների բուժման համար, որոնց առաջացման մէջ, այսօրուայ տուեալներով, որոշակի դեր ունի վարակ-ալերգիական գործօնը, Ամասիացին օգտագործել է հայկական բուսաշխարհին բնորոշ դեղաբոյսերը: Նրա «Ախտապատին» աշխատութիւնը բաղկացած է երկու մասից՝ դեղագործութիւն եւ դեղագիտութիւն։ Այստեղ շարադրուած են աւելի քան 100 դեղատոմս, գրուած պարզ լեզուով, զերծ ծածկագրերից, եւ յստակ ընդգրկուած են բաղադրիչ նիւթերի կշռային յարաբերութիւնները։ Մարմնի ներքին օրգաններին, դրանց կազմութեանը եւ աշխատանքին վերաբերող տուեալները շարադրուած են «Օգուտ Բժշկութեան» աշխատութեան մէջ։ Ամասիացու աշխատութիւնների հիմքը մարմնի ամբողջականութեան գաղափարն է, ըստ որի, բոլոր հիւսուածքները, նրանց ձեւը, կառուցուածքը եւ միւս առանձնայատկութիւնները նպաստում են ամբողջ օրգանիզմի բնականոն գործունէութիւնը։
Նա ստեղծել է հայ բուսաբոյժ բժիշկների դպրոց, որը գոյատեւել է մի քանի դար:
Աղբիւրը` Ասպարէզ
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ