Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր .«Էսօր ուրբաթ է, պաս է» պարերգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (70)
Ունկնդրէ հաղորդաշարը

Ուրբաթը Յիսուսի խաչելութեան օրն է և շաբաթուայ այդ օրը պաս պահելով մենք, կարծես, յարգանքի տուրք ենք մատուցում յանուն մեր փրկագործման մահը ճաշակած Աստուծոյ Որդուն, և, բացի դրանից, այդպիսով յաճախակի յիշում ենք, որ Իր մահով Յիսուս մեզ նոր կեանք պարգևեց՝ յոյսով, հաւատով ու սիրով լի:

Իսկ այս երգը հայ մարդու փիլիսոփայութիւնն է կեանքի մասին: Երգի խօսքերում կա մռայլ տրամադրութիւն՝ կապուած հայ մարդու կեանքի դժուարութեան ու դառնութիւնների հետ: Քառատողերից մէկում ասւում է, որ աշուն է եկել և ծառի տերևները սկսել են դողալ: Չէ՞ որ աշնան խորանալու հետ նրանք թափուելու են և ձմեռ է գալու: Մեր ժողովրդի մօտ էլ այն երազային գարնան օրերն անցել են, երբ իրեն կեղեքիչներից պաշտպանող զօրեղ պետութիւն ունէր և իր ուզած կեանքն էր ապրում՝ իր բնօրրանի ողջ տարածքում:

Մինչդեռ այժմ, այս երգի տարածման ժամանակաշրջանում, հայրենիքում կեանքի անապահովութեան, դժուարութեան պատճառով շատերն ստիպուած են քիչ թէ շատ բարեկեցութիւն կամ ապրուստի միջոցներ փնտռել օտար ափերում, և աշնանը ծառից ընկնող տերևի նման հեռանում են հայրենիքից: Որքան նման է մեր օրերին: Յաջորդ քառատողում էլ հենց խօսւում է պանդուխտի մասին, որի՝ հայրենիքից հեռու կեանքը շատ երերուն է. կողքին չէ մայրը, որ հոգ տանի իր սնունդի ու հագուստի մասին, հեռու է հայրը, որ իր իմաստուն, կեանքի փորձից բխող խորհուրդներով օգնի նեղութեան պահերին:

Այսօր էլ, դժուար, անելանելի թուացող պահերին, մենք յաճախ ասում ենք՝ մեռնեմ-պրծնեմ: Բայց ահա, մեռնելու հնար չկայ, որովհետև էսօր ուրբաթ է, և օրուայ պասը յիշեցրել է, որ Աստուած երկրային կեանքը մեզ տուել է իբրև պարգև, կամաւոր նրանից հրաժարուելն ընդունելի չէ, չնայած որ կուտակուած դառնութիւններն էլ թոյլ չեն տալիս ուրախ սրտով ապրել այդ կեանքը:

Այս հակասութեան կենտրոնում յայտնուած հայ մարդու միակ մխիթարանքն այն է, որ երկրային կեանքում ամէն ինչ անցողիկ է:

Ցաւից տառապող իր սրտին յաճախ ասում է՝ «Սըրտիկ, մալուլ մի մընա (վշտից մոլորուած), աշխարհ մարդու չի մնա»: Այսինքն՝ թէ՛ իրեն տանջող դառնութիւններն իրեն չեն մնալու, թէ՛ իրեն կեղեքելով հարստացողի երկրային գանձերը նրան չեն մնալու: Ամեն ինչ անցողիկ է, լաւ է՝ գոնէ ունեցած փոքր յաջողութիւններով, կողքին մնացած հարազատներով ուրախանալ:

երգը ներկայացուած է «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ։ Գեղարուեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

22/09/2024, 08:00