Որոնել

2024.03.05 Una chiesa Armena dell'Artsakh - Nagorno Karabakh

Արցախի Թեմի Առաջնորդը կոչ ուղղեց ՄԱԿին՝ Ատրպէյճանի կառավարութեան վրայ ճնշում բանեցնելու

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հաւատացեալ զաւակների հիմնական մասը այսօր ապաստան է գտել Հայաստանի Հանրապետութիւնում, իսկ նրանց մի ստուար զանգուած` աշխարհի տարբեր երկրներում: Ու թէեւ այսօր նրանք ազատուած են ֆիզիքական բնաջնջման սպառնալիքից, սակայն ամէն օր շարունակում են բախուել իրենց իրաւունքների ու ազատութիւնների բազմաթիւ խախտումների հետ

Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպս. Աբրահամեան ՄԱԿի Ընդհանուր քարտուղար Անթոնիօ Կիւթերեշին Արցախի հարցով յղեց հետեւեալ նամակը.

«2024թ. Նոյեմբերի 11-22ը Բաքւում նախատեսւում է անցկացնել ՄԱԿի Կլիմայի փոփոխութեան մասին շրջանակային կոնվենցիայի (պայմանադրութեան) մասնակիցների կոնֆերանսի (խորհրդաժողովի) 29րդ նստաշրջանը (COP29), որին մասնակցելու հրաւէր է ուղղուել տարբեր երկրների ղեկավարներին ու պաշտօնական ներկայացուցիչներին, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների պատասխանատուներին:

«Ուղիղ մէկ տարի առաջ` այս օրերին, Ադրբեջանի զինուած ուժերը անկանոն գնդակոծութեան են ենթարկել խաղաղ բնակավայրերը եւ ներխուժել Լեռնային Ղարաբաղ/Արցախ: Մի քանի օրուայ ընթացքում 120 հազար արցախցի ֆիզիքական բնաջնջման իրական սպառնալիքի տակ ստիպուած եղան լքել Արցախը: Մարդիկ, որոնց նախնիները հազարամեակներ շարունակ ապրել են Արցախում, պարտադրուեցին թողնել իրենց տները, գերեզմանները, նախնիներից կտակած պատմամշակութային ժառանգութիւնը: Յիշեցնեմ, որ մինչեւ 2020թ. 44օրեայ պատերազմը Արցախի բնակչութիւնը կազմում էր 151 հազար մարդ:

«Առկայ փաստերն առաւել քան բաւարար են հաստատելու, որ Արցախի ժողովրդի հետ կատարուածը յանցագործութիւն է մարդկութեան դէմ: Տակաւին վերջերս Ցեղասպանագէտների միջազգային ասոցիացիան (միութիւնը) իր յայտարարութեան մէջ նշել է, որ այդ իրադարձութիւնները համապատասխանում են Ցեղասպանութեան կոնվենցիայով սահմանուած ցեղասպանութեան յատկանիշներին:

«Ցաւօք, արցախահայութեան ողբերգութիւնը գործնականում աննկատ է մնացել համաշխարհային հանրութեան կողմից: Բացառութեամբ որոշ միջազգային կազմակերպութիւնների եւ առանձին քաղաքական առաջնորդների յայտարարութիւնների, որեւէ քայլ չի ձեռնարկուել դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութիւնը` ուղղուած Լեռնային Ղարաբաղը/Արցախը հայաթափելու, էթնիկ (ցեղային) զտում  իրականացնելու եւ նրա  ժողովրդի ինքնորոշման արդար ցանկութիւնը ճնշելու համար:

«Աւելին, մենք ականատես եղանք, թէ ինչպէս է անպատժելիութեան զգացումը սնուցել Ադրբեջանի ծաւալապաշտութիւնը, եւ այսօր Ադրբեջանն արդէն իսկ օկուպացրել (գրաւած) ՀՀ ինքնիշխան տարածքները եւ քայլեր է ձեռնարկում սահմանափակելու նրա ինքնիշխանութիւնն ու անկախութիւնը:

«Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հաւատացեալ զաւակների հիմնական մասը այսօր ապաստան է գտել Հայաստանի Հանրապետութիւնում, իսկ նրանց մի ստուար զանգուած` աշխարհի տարբեր երկրներում: Ու թէեւ այսօր նրանք ազատուած են ֆիզիքական բնաջնջման սպառնալիքից, սակայն ամէն օր շարունակում են բախուել իրենց իրաւունքների ու ազատութիւնների բազմաթիւ խախտումների հետ:

«Արցախից բռնի տեղահանուած հազարաւոր մարդկանց համար ամենակարեւոր խնդիրը մնում է հայրենիք վերադառնալու հարցը: Վերադարձի իրաւունքը, որն ամրագրուած էր նաեւ Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից ընդունուած ժամանակաւոր միջոցների մասին որոշման մէջ, շարունակում է անտեսուել միջազգային հանրութեան կողմից: Թէեւ տարբեր կառոյցներ ու առանձին պետութիւններ երբեմն յայտարարութիւններ են անում Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի մասին, սակայն այս հարցի շուրջ էական առաջընթաց չկայ:

«Վստահ ենք, որ առանց արցախահայութեան` հայրենիք վերադառնալու  միջազգային անվտանգութեան երաշխիքների, անհնար է հակամարտութեան վերջնական կարգաւորումը եւ խաղաղութեան ու կայունութեան հաստատումը ողջ տարածաշրջանում:

«Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է վերանայել եւ կեղծել պատմութիւնը, ոչնչացնել եւ իւրացնել հայկական մշակութային ժառանգութիւնն ու նիւթական արժէքները` ջնջելու հայկական ներկայութեան ցանկացած հետք եւ կանխելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Աւերուել են մի շարք եկեղեցիներ եւ գերեզմանատներ, այդ թւում` Շուշիի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին: Քարին Տակ գիւղը հիմնովին աւերուել է, մի շարք այլ բնակավայրերի էլ անուղղելի վնաս է հասցուել: Թէեւ իրաւապաշտպան եւ մասնագիտական կազմակերպութիւնները գրեթէ ամէն օր արձանագրում են նման բազմաթիւ օրինակներ, Ադրբեջանը որեւէ պատասխանատուութիւն չի կրում, ինչը կանաչ լոյս է վառում յետագայ յանցագործութիւնների համար:

«Ադրբեջանը շարունակում է Բաքուի բանտերում պահել հայ ռազմագերիներին ու պատանդներին: Ադրբեջանական բանտերում հայ բանտարկեալների նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի բազմաթիւ արձանագրուած փաստեր կան, սակայն Ադրբեջանը նոյնիսկ թոյլ չի տալիս միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններին իրական տեղեկատուութիւն ստանալ այդ մարդկանց առողջական վիճակի մասին: Աւելին, այս հարցը Ադրբեջանի կողմից օգտագործւում է որպէս քաղաքական սակարկութիւնների թեմա, ինչը կոպտօրէն խախտում է միջազգային մարդասիրական իրաւունքի սկզբունքները:

«Ձերդ գերազանցութիւն,

«Պէտք է օգտագործուեն COP29-ի ընթացքում ընձեռուած բոլոր հնարաւորութիւնները՝ տարածաշրջանում արդար, երկարատեւ եւ արժանապատիւ խաղաղութիւն հաստատելու համար: Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայութեան իրաւունքների պաշտպանութիւնը եւ տարածաշրջանային անվտանգութեան խթանումը կարեւոր նշանակութիւն ունեն  ժողովրդավարական իտէալներին մեր սեփական հաւատարմութիւնը պահպանելու համար:

«Այս կապակցութեամբ, կոչ եմ անում ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի կառավարութեան վրայ` շօշափելի միջոցներ ձեռնարկելու, որոնք կ՛աջակցեն տարածաշրջանային խաղաղութեանը, կ՛ապահովեն մարդու իրաւունքների պաշտպանութիւնը եւ կը պահպանեն միջազգային օրէնքների ու նորմերի գերակայութիւնը»:

Աղբիւրը` Ասպարէզ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/10/2024, 08:37