Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Սասմա կ’ելլեր բարակ ծուխ» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (71)
Ունկնդրէ հաղորդաշարը

«Սասմա կ’ելլեր բարակ ծուխ» երգում, ինչպէս «Էսօր ուրբաթ է, պաս է» երգում, գրեթէ նոյնութեամբ կրկնւում է այն միտքը, որ աշխարհում ամեն ինչ անցողիկ է: Միայն թէ այստեղ չկայ այն մռայլ տրամադրութիւնը, ինչ նրանում էր: Այստեղ աւելի շատ լաւատեսական երանգներ կան և կեանքի դառնութիւններին թեթև նայելու միտում:

Երգի հերոսը երիտասարդ սիրահար է, ով յայտնում է, որ իր յարն ապրում է Բուլանուխ քաղաքում: Իսկ դատելով երգի առաջին տողից, որտեղ ասում է՝ «Սասմա կ’ելլեր բարակ ծուխ», կարող ենք ենթադրել, որ ինքը Սասունից է: «Սասմա» ձևը հայերէնի որոշ բարբառներում համապատասխանում է «Սասնա» ձևին, որ նշանակում է «Սասունի» կամ «Սասունից»: Օրինակ, որոշ բարբառներով մեր էպոսի վերնագիրը հնչում է «Սասմա ծռեր»: Իսկ թե ինչու էր Սասունից ծուխ ելնում և ինչու է այդ երևոյթը տեղ գտել մեր սիրահարի երգում, կարող ենք դարձեալ միայն ենթադրութիւն անել:

Մեր շատ երգերում ասւում է, որ սերն այրում է սիրտը: Բայց այստեղ ուշադրութիւն դարձնենք մէկ հանգամանքի. ծուխ լինում է այն ժամանակ, երբ բոցն իջնում, անհետանում է: Հաւանաբար սիրահարների՝ իրարից այդքան հեռու լինելը (մէկը գտնւում էր Սասունում, միւսը՝ Բուլանուխում), սառեցրել է միմեանց հանդէպ նախկին ջերմութիւնը, և սիրտն այրող կրակը սկսել է մարմրել ու ծխալ: Եւ ահա, երիտասարդ տղան կամ աղջիկը ափսոսանքով համակերպւում է այդ վիճակի հետ ու իրեն փորձում համոզել, որ թեթև նայի ստեղծուած կացութեանը՝ ասելով. «Սըրտիկ, մալուլ մի էրա, աշխարհ մարդու չի մնա»: Սա էլ նշանակում է, որ աշխարհում ամեն ինչ անցողիկ է, և այս ցաւն էլ կանցնի, գուցէ կկարողանայ ուրիշ սեր գտնել և մոռանալ իր բուլանուխցի յարին:

Երգը ներկայացուց է «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ։ Գեղարուեստական ղեկավար՝ Մհեր Նաւոյեան,, խմբավար՝ Անահիտ Պապայան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

06/10/2024, 08:06