Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Անկլիքան-Արևելեան Ուղղափառ եկեղեցիների միջազգային յանձնախմբի անդամներին
Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անկլիքան-Հին Արևելեան Ուղղափառ եկեղեցիների միջազգային յանձնախմբի անդամներին՝ ուղեկցութեամբ Մայր Աթոռի Միջ եկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումեանի։
Հանդիպման սկզբում Մեծ Բրիտանիայի և Իռլանդայի հայոց թեմի առաջնորդ, յանձնախմբի անդամ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկեանը Նորին Սրբութեանը ներկայացրեց յանձնախմբի համանախագահներ Իռլանդայի Անգլիկան Եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնին, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Լոնտոնի թեմի առաջնորդ Անգելոս արքեպիսկոպոսին և յանձնախմբի անդամներին` տեղեկութիւններ փոխանցելով յանձնախմբի աշխատանքների ընթացքի մասին։
Վեհափառ Հայրապետը ողջունեց յանձնախմբի հերթական ժողովի գումարումը Մայր Աթոռում` կարևորելով եկեղեցիների միջև երկխօսութիւնն ու գործակցութիւնն ի նպաստ մարդկութեան առջև ծառացած մերօրեայ մարտահրաւէրների յաղթահարման։ Այս առնչութեամբ Նորին Սրբութիւնը հաստատեց, որ Հայ Եկեղեցին մշտապէս պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու նման նախաձեռնութիւններին։
Հանդիպմանը Հայոց Հայրապետը, անդրադառնալով Հայաստանի ու հայրենազրկուած արցախահայութեան առջև ծառացած դժուարութիւններին, ինչպէս և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգութեան անաղարտ պահպանութեան ու գերիների վերադարձման խնդիրներին, կարևոր նկատեց քրիստոնէական եկեղեցիների միասնական հետևողական ջանքերի ներդրումը դրանց յաղթահարման և արդարութեան հաստատման գործում։
Նորին Սրբութիւնը նաև իր գնահատանքը յայտնեց Քոյր Եկեղեցիներին այս ծանր ու դժուարին օրերին հայ ժողովրդին ու Հայաստանին ցուցաբերուող աջակցութեան և զօրակցութեան համար։
Հանդիպմանը յանձնախմբի անդամները, շնորհակալութիւն յայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Էջմիածնում հիւրընկալութեանն և յանձնախմբի աշխատանքներին աջակցելու համար, կիսուեցին Մայր Աթոռից և Հայաստանից ստացած իրենց պատկերաւորութիւններով։ Հիւրերն ընդգծեցին, որ այցի շրջանակներում առիթ ունեցան նաև ի մօտոյ ծանօթանալու տեղահանուած արցախահայերի դժուարին կացութեանը՝ իրենց համերաշխութիւնն ու զուգակցութիւնը բերելով հայ ժողովրդին։
Աղբիւրը` Արեւելք
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ