Որոնել

2024.10.18 Membri del Consiglio Ecumenico delle Chiese in visita a Karekin II

Ողջ աշխարհի քրիստոնեաներն աղօթք կբարձրացնեն յանուն քրիստոնէական միութեան և համերաշխութեան

Ինչպէս նաև Հայաստանի և հայրենազրկուած արցախահայերի

Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վատիկանի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) ներկայացուցիչներին՝ ուղեկցութեամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական Յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումեանի։

Հանդիպման սկզբում Հայր Սուրբը Նորին Սրբութեանը ներկայացրեց, որ Վատիկանի և ԵՀԽ-ի կողմից 2026 թ. յունուարի 18-25-ը կայանալիք ամէնամեայ քրիստոնեաների միասնութեան աղօթքի շաբաթը նուիրուելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի ընթացքում ողջ աշխարհի քրիստոնեաներն աղօթք կբարձրացնեն յանուն քրիստոնէական միութեան և համերաշխութեան, ինչպէս նաև Հայաստանի և հայրենազրկուած արցախահայերի։ Հայր Գարեգինը տեղեկութիւններ փոխանցեց Վատիկանի և ԵՀԽ-ի միջազգային և Մայր Աթոռի տեղական կազմակերպչական յանձնախմբերի կողմից աղօթքի շաբաթուայ նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։

Նորին Սրբութիւնը, իր օրհնութիւնը բերելով յանձնախմբի անդամներին, կարևորեց քրիստոնէական Եկեղեցիների և կառոյցների աղօթակցութիւնը Հայ Եկեղեցուն յատկապէս հայ ժողովրդի և Հայաստանի համար այս ծանր ու դժուարին օրերին։

Հայոց Հայրապետը նշեց, որ հայորդիները, հաւատքով ներշնչուած և աղօթքի զօրութեանն ապաւինած, մշտապէս կարողացել են դիմագրաւել բոլոր փորձութիւններն ու մարտահրաւէրները։ Այս առիթով Նորին Սրբութիւնը կարևոր նկատեց քրիստոնեաների միասնութեան աղօթքի շաբաթուայ նախաձեռնութիւնը և յոյս յայտնեց, որ աղօթքով հայցուած երկնապարգև շնորհներով առաւել կզօրանան հաւատքը, յոյսն ու սէրն ինչպէս մեր ժողովրդի, այնպէս էլ դժուարութիւնների ու փորձութիւնների մէջ գտնուող ողջ մարդկութեան կեանքում։

Հանդիպմանը յանձնախմբի անդամներն ընդգծեցին, որ իրենց այցը Հայաստան դարձաւ իւրօրինակ ուխտագնացութիւն, որի ընթացքում առիթ ունեցան ի մօտոյ ծանօթանալու հայ քրիստոնէական պատմական սրբավայրերին, հայ ժողովրդի պատմութեանը, այլեւ երկրում առկայ իրավիճակին և արցախահայերի դժուարին կացութեանը։

Վերջում Վատիկանի և ԵՀԽ ներկայացուցիչները իրենց երախտագիտութիւնը յայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին Մայր Աթոռում հիւրընկալութեան և յանձնախմբի աշխատանքներին, ըստ ամենայնի, աջակցութեան համար։

Աղբիւրը` Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/10/2024, 10:41