Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալութեան 25-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի աւարտին կատարուեց Հայրապետական մաղթանք:
Սրբազան արարողութիւններին ներկայ էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագոյն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաներ և բարեպաշտ հայորդիներ:
Մայր Տաճարում ուխտի Սուրբ Պատարագ մատուցեց նոյեմբերի 3-ին եպիսկոպոսական ձեռնադրութեան և օծման արժանացած Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առեն եպիսկոպոս Շահենեանը:
Պատարագիչ Սրբազանն իր քարոզում շնորհաւորեց Հայոց Հովուապետին օծման ու գահակալութեան տարեդարձի կապակցութեամբ և անդրադարձաւ Վեհափառ Հայրապետի հոգևոր, մշակութային, կրթական ու եկեղեցաշէն գործունէութեանը՝ ի մասնաւորի նշելով. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ 25 տարի առաջ բարեգութ Աստուած Հայոց ազգին ցոյց տուեց Իր սերը և Իր հոգատարութիւնը՝ առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցուն տալով բարի հոգատար, իմաստուն և քաջ հովիւ, ով կարողացաւ մեր ազգի համար դժուարին, տագնապալի ու փոթորկալից ժամակներում անսասան պահել հայի ինքնութեան և փրկութեան տապան Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին՝ դառնալով արժանի յաջորդը Սուրբ Թադէոս ու Սուրբ Բարթողոմէոս առաքեալների և երկրորդ Լուսաւորիչ Սուրբ Գրիգոր Հայրապետի»։
Առեն Եպիսկոպոսը, դիմելով ներկաներին, հրաւիրեց ամէնքին իրենց սրտագին աղօթքներն ու բարեմաղթանքները միախառնել համայն հայութեան աղօթքներին՝ հայցելով, որ Տէրը քաջառողջ, երկար տարիներ և արդիւնաշատ գահակալութիւն պարգևի Վեհափառ Հորն ու անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ իր նուիրապետական աթոռներով։
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալութեան 25-րդ տարեդարձի առիթով կատարուեց Հայրապետական մաղթանք՝ հանդիսապետութեամբ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանի:
Աղբիւրը` Արեւելք
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ