Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Կոտ ու կէս կորեկ ունեմ» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (75)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այս երգը ներառուած է Ռոբերտ Աթայեանի «Կոմիտաս. երկերի ժողովածու» գրքի 5-րդ հատորում: Ինչպէս հաղորդում է Աթայեանը, սա մէկն է այն երգերից, որոնք արեւելահայկական դպրոցներ են ներմուծուել Կոմիտասի շնորհիւ: Վարդապետը յաճախ է ընդգրկել իր երգացանկում յատկապէս համերգային գործունէութեան սկզբնական շրջանում:

Հետագայում տարածուել են երգի այլ՝ պարզեցուած մշակումներ, սակայն կոմիտասեան տարբերակն առաւել հարուստ է ելեւէջներով, աւելի հարազատ է բուն ժողովրդական երգին եւ կրում է հնութեան բոյրն ու կնիքը: Կոմիտասն այս երգը բնութագրում է որպէս «ծաղրական պատմուածքի ձեւափոխութիւն»: Երգողը զուարթ շեշտերով պատմում է, որ կոտ ու կէս կորեկ ունի, որ պահել է ցանելու նպատակով, իսկ ճնճղուկները թռել, եկել են, հաւաքուել դրա շուրջ, որպէսզի ուտեն: Գիւղացին էլ կռացել է, քար վերցրել, որպէսզի նետի նրանց վրայ ու հեռու քշի իր կորեկից: Ճնճղուկները թռել, գնացել են բերդի մօտ, նստել տանիքին, որպէսզի այնտեղի իշխանին գանգատուեն իրենից: Բայց, կարծես, գեղջուկը վատ տրամադրուած չէ թռչնակների նկատմամբ, քանի որ սկսում է գորովանքով նկարագրել նրանց. ճնճղուկներն ունեն կարմիր տոտիկներ, սպիտակ փորիկ, սիրում են ցատկռտելով կուտ որոնել, ջուր խմել առուի եզրին, յետոյ փախչել մի ապահով տեղ ու թռչնավարի զբօսնել:

Յանկարծ գալիս են մսագործները՝ մորթելու համար. այստեղ առաւել ցայտուն է արտայայտւում երգի ծաղրական բնոյթը. ճնճղուկն այդ ինչքա՞ն միս պէտք է ունենայ, որ մսագործին գրաւի, այն էլ՝ ոչ թէ մէկ, այլ մի քանի մսագործի: Սրանց տեսնելով ճնճղուկին շրջապատած, հաւաքւում են նաեւ գիւղի պառաւները՝ փետրելու համար, կարծես՝ ոչ թէ մի ճնճղուկ է, այլ հսկայական թռչուն կամ բադերի երամ: Նրանց մօտ են շտապում նաեւ մի խումբ նորահարսներ, որպէսզի ճնճղուկի ոտքի մաշկը հանեն ու դեղմաշկ՝ ծարիր պահելու փոքրիկ անօթ պատրաստեն: Նորահարսների ետեւից շտապում են նաեւ ջահել աղջիկները, որ խեղճ թռչնակի ոտքի ոսկորը վերցնեն ու դեղդիր՝ աչքերին ծարիր քսելու գործիք պատրաստեն: Այս «մեծ» իրադարձութեանն իրենց օրհնութիւնը բերելու համար հաւաքւում են նաեւ երէցները եւ պատշաճ կարգով մեծ արարողութիւն կատարում: Քիչ անց լուրը հասնում է տանուտէրերին՝ գիւղի աւագներին, որոնք շտապում են խորոված ուտելու առիթը բաց չթողնել: Գալիս են նաեւ գիւղի ամբարների պետերը՝ խնջոյքի ժամանակ գեղջաւագներին գովելու ու շողոքորթելու համար: Չէ՞ որ նրանք են իրենց յանձնել այս պաշտօնը: Եւ այս աշխոյժ անցուդարձը տեսնելով, գալիս, խմբւում են գիւղի ջահել տղաները՝ դիտելու տեղի ունեցողը եւ յատկապէս հաւաքուած ջահել աղջիկներին: Խե՜ղճ ճնճղուկ, իր փոքրիկ մարմնի վրայ որքան աչք կայ: Կարելի է կարծել, որ այլաբանօրէն ծաղրուում է հայ գեղջուկի սոցիալական վիճակը. ինչպէս ճնճղուկն է սիրում մէկիկ-մէկիկ կուտ հաւաքել, կշտանալ ու կերակրել իր ձագուկներին, այնպէս էլ գիւղացին է սիրում տքնաջան աշխատել, հողից հաց քամել եւ հոգալ իր ու իր ընտանիքի ապրուստը: Արդար վաստակից յետոյ էլ սիրում է կարմրատոտիկ ճնճղուկի նման երգել ու պարել, զբօսնել բնութեան գրկում: Բայց նա չարքաշ օրուայ աւարտին չի կարողանում շունչ քաշել ու մի փոքր հանգիստ վայելել. ինչպէս երգում, իրական կեանքում էլ իր՝ ճնճղուկի չափ փոքր ապրուստից նա պէտք է հարկ վճարի տանուտէրին, մի մասը յանձնի համայնքի ամբարներին, մի մասը յանձնի հարուստ հարեւանին՝ պարտքի դիմաց: Եւ խեղճ գիւղացուն էլ, ճնճղուկի նման, բզկտում են, քրքրում՝ իրենց հասոյթները կորզելու համար:

Երգը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Շարական» համոյթի կատարմամբ։ Մենակատարներն են Նելլի Յովակիմեանը եւ Լուսինէ Ասիլեանը։

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/11/2024, 07:35