Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Համբարձում Լիմոնջյանի (1768-1839) «Համեմատ քեզ» հոգևոր երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (76)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք Համբարձում Լիմոնջյանի (1768-1839) «Համեմատ քեզ» հոգևոր երգը՝ նուիրուած Տիրամօրը։

Համբարձում Լիմոնջյանը ծնուել և ստեղծագործել է Կոստանդնուպոլսում: Ինքնակրթութեամբ կատարելապէս տիրապետել է հայ հոգևոր երաժշտութեանը: Կրթութիւն է ստացել ծննդավայրի Զենջիրլի խան թաղի հոգևոր դպրոցում, որտեղ աչքի է ընկել որպէս լաւ շարական երգող։

Երաժշտական կրթութիւնն ստացել է յոյն երաժշտագէտ Ոնոփրիոս Թաթավլեցու մօտ՝ հմտանալով յունական երաժշտական խաղերի մէջ։ Ապա աշակերտել է հայ երաժշտագէտ Զեննե Պօղոսին:

Խորապէս ուսումնասիրել է հայկական, յունական, թուրքական և արաբական երաժշտութիւնը, ծանօթացել եւրոպական երաժշտութեանը։

Սակայն Համբարձում Լիմոնջյանի անունը առաւել նշանաւորւում է հայկական նոթագրութեան նոր համակարգի ստեղծմամբ: Նա շուտով գալիս է այն համոզման, որ տիրացուների անճաշակ կատարումներով ազգային հոգևոր երգը, և յատկապէս ծանր եղանակները, ենթարկւում են աղաւաղումների ու շրջապատի օտար ազդեցութիւնների, ինչից և անհրաժեշտ էր խուսափել: «Մեր եկեղեցական երաժշտութիւնը, - գրում է Լիմոնջյանը, - իր պարզութեամբ վսեմ է ու գեղեցիկ: Հարկ չկայ նրանց մէջ աւելորդ գեղգեղանքներ մտցնել և իրենց ձայնին գեղեցկութիւնը ցուցադրելու նպատակով անվայելուչ ձևերով նմանութիւնն ընել այսինչ երգչին, գնչուին կամ հրեային»:

Ստեղծուած իրողութիւնից դուրս գալու համար Լիմոնջյանը համոզւում է, որ կորսուած խազերի փոխարէն պէտք է ստեղծել հայկական նոթագրութեան նոր համակարգ:

Տիւզեան ամիրաների նիւթական օժանդակութեամբ ձեռնարկում է հայկական նոթագրութեան ստեղծումը, հետևելով եւրոպական ձայնագրութեանը և 1813 թուականին ազդարարում հայկական նոթագրութեան նոր համակարգի ստեղծումը: Այս համակարգն ունի 7 հնչիւն և զուրկ է հնգագծից: Դրանցով, ու մի քանի օժանդակ նշաններով, պարզ և կատարելապէս նշանակւում են հնչիւնի բարձրութիւնն ու տևողութիւնը, դրանց իջեցումներն ու բարձրացումները (ալտերացիա), երաժշտական զարդարանքները: Գրաֆիկական որոշ նշանների նմանողութեամբ, այս համակարգն աղերսւում է թէ՛ խազային, թէ՛ եւրոպական նոթագրութեանը:

Դրա կատարելագործմանը մասնակից է եղել նաև Կոմիտասը, որն իր ուսումնասիրական և հայկական ժողովրդական երաժշտութեան ուղևորութիւններում, հիմնականում օգտագործել է նոթագրութեան այս համակարգը։ Լիմոնջյանի համակարգը մեծապէս օգնեց հայ հոգևոր երգի պահպանմանը: Սկսած 19-րդ դարից, այս նոթագրութեամբ գրի են առնուել Պատարագը, Շարակնոցը, Ժամագիրքը, իսկ 20-րդ դարի սկզբից գրի են առնուել և կազմուել նաև ժողովրդական ու գուսանական, ազգային-հայրենասիրական ու քաղաքային երգերի այլևայլ ժողովածուներ, գործիքային նուագների հաւաքածուներ:

Լիմոնջյանի նոթագրութեան համակարգը դեռ այսօր էլ պահպանում է իր գործնական նշանակութիւնը, մանաւանդ միջնադարեան երաժշտութիւն ուսումնասիրելիս: Ի դէպ, նրա ստեղծած ձայնագրութիւնը օգտագործուել է ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական և ընդհանրապէս մերձաւորարևելեան երաժշտութեան մէջ:

«Համեմատ քեզ» երգում նա ասում է, որ չկայ ոչ ոք Տիրամօրը նման, որը կոյս մնալով եղաւ անեղի մայրը՝ փրկութեան պատճառ դառնալով մարդկութեան համար։

Երգը ներկայացուած է Իզաբել Բայրակդարյանի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/11/2024, 07:53