Հայկական ժողովրդական երգեր.. «Կորանի» պարերգի Մշոյ տարբերակներից մէկը
Ազգագրագէտ, բանահաւաք, բանասիրական գիտութիւնների թեկնածու Արուսյակ Սահակյանի տատն ու պապը հայոց ցեղասպանութեան օրերին Մշոյ Արտոնք գիւղից գաղթել են Արևելեան Հայաստան, հաստատուել Շիրակի մարզի Երազգավորս գիւղում: «Երազգավորսի բնակիչների ճիշտ կէսը Մշոյ Արտոնք գիւղից փրկուած մշեցներ էին, - մեզ հետ զրոյցում պատմեց տիկին Սահակյանը: - Այդ կէսի մէջ մտնում էին մերոնք՝ տատս և պապս: Հայրս (Շատեր Սահակյանը) պատմում էր, թէ պապիկիս հարցրել է. «Հայրի՛կ, Անդրանիկի զօրքի ետևից էիք գնում, էդքան լաւ տեղեր գնացիք՝ էլ Կորիս, էլ Վայք, կարող էիք նոյնիսկ Բաթումի գնալ, ինչի՞ եկաք էս անջրդի տեղը»: - Ճիշտ է՝ Շիրակ է, Շիրակի ամբարները յայտնի են, բայց ծառ չկար իմ մանկութեան օրերին, ընդհանրապէս բանջարանոցներ չկային: Գարի էր ցանւում միայն, - «Ինչի՞ էկաք էստեղ»: Հայրիկիս հայրիկն ասել է. «Լաո՛, էկանք սահմանի բերան, օր թէ էղներ՝ ճամփէք բացուեր, իդա ջուր պըտի ընցնէինք, էլնէինք էդ դարի վրայով գլխըվըրէինք, իջնէինք, Ալաշկերտի դաշտով էրթէյինք Մուշ»:
Մշոյ «Կորանի» երգում նկարագրւում է Մշոյ հրաշք բնութիւնը, և մեղեդու է վերածւում այն կարոտը, որի մասին պատմում է Արուսյակ Սահակյանը: Առաջին տողերում ասւում է. «Էն Մըշոյ դաշտ, կըսին, հինգ հարիր գեղ էր, էն Մըշոյ ջուր, կըսին, հիվընդի դեղ էր»: Այստեղ մշեցին կարոտով է յիշում Մշոյ մարդաշատ դաշտը, որի տարածքում կար շուրջ հինգ հարիւր հայկական գիւղ, և նրա միջով հոսում էր Մշոյ գետը, որի ջրերն ամեն տեսակի հինաւանդութիւն էին բուժում: Ապա ասւում է. «Ալաշկերտ, Մանազկերտ դուրանու տեղ էր»: Մանազկերտը, Մուշը գտնւում են պատմական Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի մէջ, այսինքն՝ այս երկուսը նոյն տարածաշրջանի քաղաքներ են, որոնք կարոտով է յիշում: Ալաշկերտը փոքր-ինչ հեռու էր տեղակայուած այս քաղաքներից, գտնւում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բագրևանդ գաւառում, իսկ Այրարատ և Տուրուբերան նահանգները սահմանակից էին միմեանց: Այսինքն՝ այս բոլոր քաղաքները գտնւում էին մէկ ճանապարհի վրայ, իսկ այժմ գտնւում են Թուրքիայի սահմանում: Պատմական գիտութիւնների դոկտոր Սարգիս Պետրոսեանի կարծիքով այս քաղաքների անունները հետագայում են մուտք գործել ծիսական այս պարերգերի մէջ։ Ի դէպ, Մանազկերտի հնագոյն անվանումը եղել է Մանավազակերտ, իսկ Ալաշկերտինը՝ Վաղարշակերտ։
Երրորդ քառատողում դարձեալ խօսւում է Մշոյ դաշտի Մեղրագետի հանդէպ կարոտի մասին: «Էն քամբախ Մշո դաշտ ինչ անուշ տեղ էր, Մեղրագետի ջուր հիվընդի դեղ էր»: «Քամբախ» ժողովրդական խօսակցական լեզուի մէջ նշանակում է «անբախտ», «դժբախտ»: Այսինքն՝ Մուշը, Մշոյ դաշտը բախտ չունեցան իրենց բնիկ ժողովրդով բնակեցուած մնալու։ Մշեցին, և առհասարակ՝ հայութիւնը, թուրքական տիրապետութեան շրջանում մշտապէս ստիպուած են եղել պանդխտել դէպի օտարութիւն, մինչև որ իսպառ կտրուեց ցեղասպանութեան պատճառով։
Երգը ներկայացուած է «Սաղմոս» երգչախմբի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ