Որոնել

Cookie Policy
The portal Vatican News uses technical or similar cookies to make navigation easier and guarantee the use of the services. Furthermore, technical and analysis cookies from third parties may be used. If you want to know more click here. By closing this banner you consent to the use of cookies.
I AGREE
Messa di Requiem per soli, coro e orchestra [ Scritto per la morte di Bellini; prima esec. Bergamo 1870 ]
Ժամանակացոյց Փոտքասթ
AZERBAIJAN-ARMENIA-KARABAKH-CONFLICT

«Գեղարդ» Հիմնարկին յօդուածը կը բացայայտէ Ատրպէյճանի մէջ գտնուող պատմական յուշարձաններու անմխիթար վիճակը

Բաքուն նպատակաուղղուած նոյն քաղաքականութիւնն վարում է ոչ միայն բռնազաւթուած Արցախում` ջնջելով հայկական հետքն ու վերացնելով քրիստոնէական եկեղեցիները, այլեւ` հենց Ադրբեջանի տարածքում: Այսպիսով` ադրբեջանական կողմն անգամ քաղաքակրթութեանն է պատերազմ յայտարարել` ոչնչացնելով իր տարածքում գտնուող տարբեր ժամանակաշրջաններին ու ժողովուրդներին պատկանող մշակութային արժէքները:

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնարկը հրապարակեց յօդուած մը, որուն մէջ կ՛անդրադառնայ Ատրպէյճանին, որ չի պահպաներ իր պատմամշակութային ժառանգութիւնը, սակայն կը մեղադրէ հայկական կողմը՝ Արցախի տարածքին մէջ գտնուող իսլամական յուշարձանները վանտալութեան ենթարկելու մէջ:

«Հարկ է նշել, որ մուսուլմանական մշակոյթին պատկանող այդ յուշարձանները բացառապէս կապ չունեն «ադրբեջանական մշակոյթի» հետ: Աւելին` բազմաթիւ պատմական յուշարձաններ եւ մշակութային կոթողներ, անգամ` մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ, Ադրբեջանում այսօր վերածուել են աղբանոցների կամ անասնագոմերի: Մոնղոլական ժամանակաշրջանի, Շիրվանշահերի մշակոյթին պատկանող արժէքներն այսօր կանգնած են վերացման վտանգի առջեւ: Օրինակ` Սեֆեանների ժամանակաշրջանին պատկանող Շահ Սուլթան Յուսէյնի մզկիթը, որը գտնւում է Ադրբեջանի Նովխանի գիւղում, վերածուած է աղբավայրի: Իրանական մշակութային ժառանգութիւն հանդիսացող շիիթական մզկիթի նկատմամբ ադրբեջանական նման վերաբերմունքը կոշտ արձագանգի է արժանացել իրանական տեղեկատուական կայքերում: Մզկիթի անմխիթար վիճակի մասին ահազանգել է նաեւ ադրբեջանցի պատմաբան Զաուր Ալիեւը: Ըստ նրա` անգամ ցուցանակ տեղադրուած չէ, որը կը փաստի յուշարձանի` պետութեան կողմից պահպանուած լինելը. միայն տեղացիների պատրաստած «Շահ սուլթան Յուսէյնի մզկիթ» վերտառութեամբ գրութիւնն է: «Կրօնական յուշարձանի ներսը վերածուել է աղբանոցի, որտեղ նետում են անգամ սատկած կենդանիների լեշեր», նշել է Զաուր Ալիեւը» կը յայտնէ յօդուածը, որուն մէջ բերուած յաջորդ օրինակը Պաքուի Սապունճուի շրջանին մէջ Մաշթաղա աւանին մէջ գտնուող 17-18րդ դարերով թուագրուող արեւելեան յայտնի բաղնիքն է, որ ամբողջութեամբ վերածուած է աղբանոցի: Մշակութային այս ժառանգութիւնը յայտնի է նաեւ «Աւազի համամ» անունով: Ապշերոնի գրեթէ բոլոր գիւղերուն մէջ կան այսպիսի բաղնիքներ, որոնց ճնշող մեծամասնութիւնը կը գտնուի կիսաքանդ, կա, քանդուած վիճակի մէջ:

«Նոյնպիսի անմխիթար վիճակում է Սումգայիթ քաղաքի Ջորաթ աւանի տարածքում գտնուող պատմական «Հաջը Մաջիդ» համամը, որը բնակչութեան շրջանում յայտնի է «Հին համամ» անունով: Այն 15-16րդ դարերի շինութիւն է, պատկանում է Շիրվանշահերի դարաշրջանին: Բնակիչների խօսքերով` պատմական յուշարձանի` աղբավայրի վերածուելու հիմնական պատճառը պատասխանատու կառոյցների անտարբեր վերաբերմունքն է: Պէտք է փաստել, որ Հաջը Մաջիդ համամը վերջին անգամ վերանորոգուել է 1985 թուականին եւ գործել է մինչեւ 1988 թուականը: Պատմական այս յուշարձանն այժմ կանգնած է վերացման վտանգի առջեւ: Հնագոյն մէկ այլ յուշարձանի տարածք ադրբեջանցիների կողմից աղբավայրի է վերածուել Աղսու քաղաքում: Տեղում պեղումներ կատարած հնագէտ Ֆարիզ Խալիլլին նշել է, որ հնագիտական աշխատանքների աւարտից յետոյ յուշարձանի մի մասը ոչնչացուել է տարածքում ճանապարհի կառուցապատման աշխատանքների պատճառով: Ադրբեջանցի բնակչութիւնն էլ, իր հերթին, յուշարձանի տարածքը վերածել է աղբավայրի: Հնագէտի խօսքով` տարածքում թափուած աղբը պատմական յուշարձանների նկատմամբ անյարգալից վերաբերմունքի դրսեւորում է», կը պատմուի հիմնարկին յօդուածին մէջ:

Պատմամշակութային յուշարձաններու ոչնչացումէն բացի` Ատրպէյճանի մէջ վանտալութեան կ՛ենթարկուին նաեւ սրբավայրեր եւ ուխտատեղիներ: «Այսպէս` դեռեւս 2016 թուականին Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնուող Եալամա աւանում անյայտ անձինք երկու ուխտատեղի են այրել: Ադրբեջանցիների կողմից նոյն ճակատագրին են արժանացել Խանոբա, այնուհետեւ` Մոլլա Ահմադ սրբավայրերը», գրած է հիմնարկը, որ նաեւ  կ՛ընդգծէ, թէ մշակութային յուշարձաններու հանդէպ կատարուող վանտալութիւնը կը շարունակէ մնալ Ատրպէյճանի քաղաքականութեան անբաժանելի մէկ մասը: Պէտք է նշել, որ կ՛ոչնչացուին զանազան ժամանակաշրջաններու պատկանող եւ ատրպէյճանցիներուն հետ որեւէ աղերս չունեցող մշակութային կոթողները:

«Բաքուն նպատակաուղղուած նոյն քաղաքականութիւնն վարում է ոչ միայն բռնազաւթուած Արցախում` ջնջելով հայկական հետքն ու վերացնելով քրիստոնէական եկեղեցիները, այլեւ` հենց Ադրբեջանի տարածքում: Ասուածի ապացոյցը Զաքաթալայի շրջանի հնագոյն կիսաւեր եկեղեցին է, որը, թէեւ գտնւում է պետութեան պաշտպանութեան ներքոյ, սակայն ենթարկուած է վանդալիզմի: Այսպիսով` ադրբեջանական կողմն անգամ քաղաքակրթութեանն է պատերազմ յայտարարել` ոչնչացնելով իր տարածքում գտնուող տարբեր ժամանակաշրջաններին ու ժողովուրդներին պատկանող մշակութային արժէքները: Այս ամէնի մասին փաստում են հէնց իրենք` ադրբեջանցիները` սոցիալական ցանցերի էջերում կատարելով նմանատիպ գրառումներ. «Վանդալիզմ Ադրբեջանում. հայերին մեղադրել պէտք չէ, քանի որ ինքներս ենք ոչնչացնում մեր պատմական յուշարձանները», կ՛եզրափակէ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնարկի յօդուածը:

Աղբիւրը` Ասպարէզ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

29/03/2025, 09:06
Prev
April 2025
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Next
May 2025
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031