2019.05.24 Beata Vergine Maria Ausiliatrice

ԱՂՕԹՔ ՍՈՒՐԲ ԿՈՅՍ ՄԱՐԻԱՄԻՆ ՝ ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԻ ՀԶՕՐ ՕԳՆԱԿԱՆԻՆ

Թիկո՜ւնք եղիր մեզնից իւրաքանչիւրին, որպէսզի դառնանք Աւետարանի խանդավառ ու հաւատալի առաքեալները։ Եւ խաղաղութեան, հոգու անդորրի ու սիրոյ մէջ պահի՜ր իւրաքանչիւրին, ով դէպի քեզ է բարձրացնում իր հայեացքն ու ապաւինում է քեզ։

 

Ո՜վ Սուրբ Կոյս Մարիամ Աստուածածին ՝ հզօր Օգնական Քրիստոնեաների, մենք կրկին, ամբողջ ու անկեղծ սրտով դիմում ու ապաւինում ենք Քեզ։

Դու, որ Հզօր Կոյսն ես ընդդէմ մարդկութեան բոլոր թշնամիների, մօտ մնա մեզնից իւրաքանչիւրին։ Եւ ինչպէս վարուեցիր Կանայի հարսանիքի ժամանակ, Յիսուսին ուղղածդ խօսքերը նորից կրկնիր, այս անգամ՝ մե՛ր համար։ Ասա՜ Յիսուսին. «Վերջացել է նրանց գինին. ուրախարար գինին ողջութեան, խաղաղութեան, յոյսի», որպէսզի Յիսուսը մեր համար էլ վերանորոգի փրկութեան ու ազատագրման հրաշքը։

Մեր մէջ բազում հիւանդներ կան, որոնցից ոմանք ծայրայեղ ծանր. մխիթարի՜ր նրանց, Մարիա՜մ, Օգնակա՜ն Քրիստոնեաների։

Մեր մէջ բազում միայնակ ու տխուր տարեցներ կան. սփոփի՜ր նրանց, Մարիա՜մ, Օգնակա՜ն Քրիստոնեաների։

Մեր մէջ բազում վհատուած և ուժակորոյս այրեր ու կանայք կան. նեցո՜ւկ եղիր նրանց, Մարիա՜մ, Օգնակա՜ն Քրիստոնեաների։

Դու, որ հոգատար խնամքով ես մօտենում իւրաքանչիւրին, օգնի՜ր մեզնից իւրաքանչիւրին ՝ հոգատար խնամքով մօտենալ մերձաւորի կեանքին։

Օգնի՜ր մեր երիտասարդներին, յատկապէս նրանց, ովքեր իրենց ներկայութեամբ լցնում են փողոցներն ու հրապարակները, բայց չեն կարողանում իմաստով ու սիրով լցնել իրենց սրտերը։

Օգնի՜ր մեր ընտանիքներին, յատկապէս նրանց, որոնք դժուարութիւններ են կրում հաւատարմութեամբ, միութեամբ, համերաշխութեամբ ապրելու գործում։

Օգնի՜ր վանական կեանքի նուիրուածներին, որպէսզի թափանցիկ նշանը լինեն Աստծոյ անծայրածիր սիրոյ։

Օգնի՜ր քահանաներին, որպէսզի կարողանան բոլորին հաղորդել Աստծոյ ողորմութեան գեղեցկութիւնը։

Օգնի՜ր դաստիարակներին, ուսուցիչներին ու կրթութեան պատասխանատուներին, որպէսզի վաւերական օգնութիւն լինեն նոր սերնդի աճին։

Օգնի՜ր իշխանութիւններին, որպէսզի կարողանան հետամուտ լինել միշտ և միայն մարդկային անձի լիակատար բարիքին։

Ո՜վ Մարիամ, Օգնակա՜ն Քրիստոնեաների, ե՛կ մեր տները, այնպէս՝ ինչպէս բնակուելու գնացիր Յովհաննէսի տանը, խաչուած Յիսուսի խօսքի համաձայն։ Պաշտպանի՜ր կեանքն իր բոլոր ձևերի, տարիքների ու իրավիճակների մէջ։ Թիկո՜ւնք եղիր մեզնից իւրաքանչիւրին, որպէսզի դառնանք Աւետարանի խանդավառ ու հաւատալի առաքեալները։ Եւ խաղաղութեան, հոգու անդորրի ու սիրոյ մէջ պահի՜ր իւրաքանչիւրին, ով դէպի քեզ է բարձրացնում իր հայեացքն ու ապաւինում է քեզ։

Հօր, Որդու և Սուրբ Հոգու յաւիտենական փառքի համար։ Ամէն։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

24/05/2024, 11:09