Khor Virap Monastery | Монастырь Хор Вирап

Հայ եկեղեցւոյ Խորհրդոց մատեանի պատմական հոլովոյթը. Հ. Մովսէս Վրդ. Տօնանեանի շաբաթական հաղորդաշարը (15)

Այսօրուայ մեր հաղորդումի ընթացքին պիտի անդրադառնանք հայ թարգմանիչներու կոթողային աշխատանքին:

ԺԵ. Հաղորդում

Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօրուայ մեր հաղորդումի ընթացքին պիտի անդրադառնանք հայ թարգմանիչներու կոթողային աշխատանքին:

 

Քրիստոնէական առաջին երեք դարերուն, եկեղեցական արարողակարգերը ընդհանուր էին Երուսաղէմի, Անտիոքի, Աղէքսանդրիոյ և Հռոմի եկեղեցիներուն մէջ: Կ. Պոլիսը և անոր մետրապոլիտները իրենց շրջակայքին միօրինակութիւն կը պարտադրէին: Արդարեւ, Ե. դարուն, Անտիոքի, Երուսաղէմի և Աղեքսանդրիոյ մէջ ծէսի միօրինակութիւն մը գոյութիւն ունէր, զորս օրէնք կը համարուէր: Այս պատճառաւ, գիրերու գիւտէն ետք, Հայ Եկեղեցւոյ Հայրերը նախընտրեցին Ընդհանրական Եկեղեցւոյ մէջ ընդունուածն ու գործածուածը թարգմանել, քանց՝ հայերէն նոր կանոններ գրել:

Ըստ ստոյգ վկայից՝ Կորեան և Խորենացւոյ, Սահակ և Մեսրոբ մեծ յոյս դրած էին առաջին թարգմանիչներուն վրայ՝ տեսնելով անոնց կարողութիւնն ու հանճարը, ինչպէս կը վկայէ խորենացին. «Նոքա քաջ վարժեալ հելլէն դպրութեամբ» և Կորեան՝ (էջ 24) թէ «ուսեալք և տեղեկացեալք, թարգմանիչս կարգէին ըստ հելլենական լեզուին», և պանդխութեան ուղարկուեցան այն նպատակաւ՝ «զի որ միանգամ գտցի անդ գիրք ասացեալ նոցին սրբոց հարցն առաջնոց, թարգմանեալ յասորական բարբառոյն (Կոր. էջ 20)՝ ի մեր լեզու՝ բերցեն փութով. զի յետ այնր Բիւզանդիոն առաքեսցին՝ ի նոյն գործ» (խոր. Գլ՝ Կ):

Այսպէս, իբրեւ օրինակ՝ 35-39 ամեայ Եզնիկ Կողբացին (425-ին ըստ Հ. Մ. Զամչեանի) կը մեկնի իր ընկերոջ (Յովսէփի) հետ Եդեսիա, և ինքեանք արդէն հմուտ ասորերենին՝ իսկոյն թարգմանութեան կը ձեռնարկեն: Նոյն կերպ, բոլոր թարգմանիչները՝ առաջինք և վերջինք՝ ի միասին գացին միանգամայն յԱղեքսանդրիա, Բիւզանդիոն, յԱթէնս և ի Հռոմ, (Կոր. էջ 20-3l. - Խոր՝ Գլ՝ Կ, ԿԲ).  գիտութեան անյագ տենչով, ինչպէս կը վկայէ խորենացին (Գլ. Կ) և «Նախանձաւոր բարեաց եղեալ ուսմանց»:

Սահակի և Մեսրոպի աւագ աշակերտներէն յիշատակութեան արժանի են՝ Եզնիկ Կողբացին, Մովսէս Խորենացին, Մամբրէ Վերծանողը, Եղիշէ Պատմիչը, Յովսէփ Վայոց Ձորեցին կաթողիկոսական տեղապահը, Կորիւնը, Արձան Արծրունին, Ղեւոնդը, որ Վարդանանց պատերազմի ժամանակ մեծ դեր խաղցած է և նահատակուած Պարսկաստան. Դաւիթ Ներգինացին, Յովհան Եկեղեցացին, Յովսէփ Պաղնացին, Կորիւնը, Մուշէ Տարսնեցին, Աղան Արծրունին, որ իր կեանքը անապատի մէջ անցուց ըստ Փարպեցւոյն (էջ 16), Աբրահամ Զենակացին կամ Խոստովանողը և Տիրայր խորձեցին, Յովնաթան, Ենովք, Դանան, Թադիկ, միւս Յոհան (եթէ չէ Եկեղեցացին) և այլք բազումք: Այս թարգմանիչները պէտք չէ շփոթել սուրբ Սահակայ վաթսուն աշակերտաց հետ՝ որք էին «արք կրօնաւորք, խարազնազգեստք, երկաթապատք, բոկագնացք, որ յար ընդ նմա շրջէին», (Խոր Գլ՝ ԽԹ). և յետ նորա մահուան վանորէից մէջ ամփոփուեցան (խոր. Դլ. ԿԷ), մինչ թարգմանիչք իրենց կեանքը սպառեցին թարգմանական կոթողային աշխատանքով:

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

19/07/2024, 07:39