Էջմիածին եկեղեցական պատուիրակութիւններուն ու ներկայացուցիչներու հանդիպում Էջմիածին եկեղեցական պատուիրակութիւններուն ու ներկայացուցիչներու հանդիպում 

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցաւ միջեկեղեցական պատուիրակութիւններուն ու ներկայացուցիչներու հանդիպում

Հայոց Հայրապետը, իր ողջոյնները բերելով քոյր Եկեղեցիների և միջ եկեղեցական կառոյցների ներկայացուցիչներին, ի մասնաւորի ընդգծեց. «Սրբալոյս Միւռոնի օրհնութեան և Մայր Տաճարի վերաօծման այս նուիրական առիթով մենք բոլորս հաւաքուել ենք այստեղ՝ որպէս մէկ Աստծոյ զաւակներ։

Սեպտեմբերի 27-ին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցաւ միջ եկեղեցական պատուիրակութիւնների և ներկայացուցիչների հանդիպում, որին մասնակցում էին Սրբալոյս Միւռոնի օրհնութեան և Մայր Տաճարի վերաօծման արարողութիւնների առիթով Հայաստան ժամանած Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանը, Քրիստոնէական Եկեղեցիների և միջ եկեղեցական կառոյցների պատուիրակութիւններ, Նուիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտօնավարող եպիսկոպոսներ և Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ։

Քրիստոնէական Եկեղեցիներից և կազմակերպութիւններից միջ եկեղեցական հանդիպմանը ներկայ էին Հռոմի Կաթողիկէ, Ռուս Ուղղափառ, Ղպտի Ուղղափառ, Ասորի Ուղղափառ, Հնդիկ Մալաբար, Սերբիայի Ուղղափառ, Ռումինիայի Ուղղափառ, Բուլղարիայի Ուղղափառ, Չեխիայի և Սլովակիայի Ուղղափառ, Յունաստանի Ուղղափառ, Ֆինլանդիայի Ուղղափառ, Վրաց Ուղղափառ, Արևելքի Ասորական, Հայ Կաթողիկէ, Ֆինլանդիայի Լութերական, Հայ Աւետարանական Եկեղեցիների, Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքութեան, Ռենովաբիս բարեգործական կազմակերպութեան, Եկեղեցիների Համաշխարհային և Եւրոպական Խորհրդի պատուիրակութիւններն ու ներկայացուցիչները:

Հանդիպումը սկսուեց Տէրունական աղօթքով, ապա ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Միջ եկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը։ Հայր Սուրբն իր խօսքում անդրադարձ կատարեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի կեանքում Սրբալոյս Միւռոնի օրհնութեան և Մայր Տաճարի վերաօծման կարևորութեանը, ինչպէս նաև իր երախտագիտութիւնը յայտնեց Քոյր Եկեղեցիների և միջ եկեղեցական կառոյցների ներկայացուցիչներին սրբազան արարողութիւններին մասնակից և աղօթակից լինելու համար։

Այնուհետև ուրախալի այս առիթով իրենց հովուապետերի ուղերձներով և ողջոյնի խօսքերով հանդէս եկան Հռոմի Կաթողիկէ Եկեղեցու ներկայացուցիչ կարդինալ Լեոնարդօ Սանդրին, Մոսկուայի և Համայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքի ներկայացուցիչ Սմոլենսկի և Դորոգոբուժի Միտրոպոլիտ Նորին Սրբազնութիւն Իսիդորը, Ֆինլանդիայի Լիւթերական Եկեղեցուց Արքեպիսկոպոս Տապիո Լուոման, Անտիոքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պէյրութի արքեպիսկոպոս Գերաշնորհ Մոր Կլեմիս Դանիել Կյուրիեն, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Կենտրոնական կոմիտէի ատենապետ դոկտոր Հենրիխ Բեդֆորդ-Սթրոհմը, Եւրոպայի Եկեղեցիների խորհրդի նախագահ Միտրոպոլիտ Նորին Սրբազնութիւն Նիկիտասը, Փարիզի և Հյուսիսային Ֆրանսիայի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մարկ եպիսկոպոսը, Յունաստանի Ուղղափառ Եկեղեցուց Սալոնիայի առաջնորդ Գերաշնորհ Իգնատիոս եպիսկոպոս Սոտիրիադիսը, Ռումին Ուղղափառ Եկեղեցուց Գերաշնորհ Վառլաամ եպիսկոպոս Պլոիեշտեանուն, Հնդիկ Մալանկարա Եկեղեցու Եպիսկոպոսական Սինոդի քարտուղար, Միտրոպոլիտ Նորին Սրբազնութիւն Յուհանոն Մար Քրիսոստոմոսը, Չեխիայի և Սլովակիայի Ուղղափառ Եկեղեցուց Միխալովեցկի և Կոշիցեի առաջնորդ Գերաշնորհ Յուրայ արքեպիսկոպոսը, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Լիպլյանի առաջնորդ Գերաշնորհ Դոսիտեյ եպիսկոպոսը, Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցուց Տիմո աւագ քահանայ Տինքկինեն, Ռենովաբիս բարեգործական կազմակերպութիւնից դոկտոր Մարկուս Ինգենլաթը և Արևելքի Ասորական Եկեղեցու Իրանի, Հայաստանի ու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Նարսայ եպիսկոպոս Բենիամինը։

Հանդիպման ընթացքում գեղարուեստական կատարումներով հանդէս եկաւ Հայաստանի «Նոր անուններ» երաժշտական խումբը։
Վերջում աշխարհի տարբեր վայրերից Մայր Աթոռում համախմբուած եկեղեցականներին իր ողջոյնը փոխանցեց Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայոց Հայրապետը, իր ողջոյնները բերելով քոյր Եկեղեցիների և միջ եկեղեցական կառոյցների ներկայացուցիչներին, ի մասնաւորի ընդգծեց. «Սրբալոյս Միւռոնի օրհնութեան և Մայր Տաճարի վերաօծման այս նուիրական առիթով մենք բոլորս հաւաքուել ենք այստեղ՝ որպէս մէկ Աստծոյ զաւակներ։ Մեր խորը զգացուածութիւնն ենք արտայայտում Հայոց Եկեղեցու կեանքում կարևորագոյն այս արարողութիւններին ձեր մասնակցութեան համար: Ձեզանից Իւրաքանչիւրի աղօթական ներկայութիւնը Մայր Աթոռում քաջալերանք և զօրակցութիւն է մեր ժողովրդի զաւակներին և հաւաստիքն է մեր ազգի և Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հանդէպ տածած ձեր անկեղծ յարգանքի»։

Իր խօսքում, անդրադառնալով Մայր Տաճարի խորհուրդին, Հայոց Հովուապետը նշեց. «Քրիստոսահիմն և լուսաւորչահաստատ Մայր Տաճարը հայ ժողովրդի կեանքի, նրա մաքառումների ու յաղթանակների, նրա կորուստների ու ձեռքբերումների վկան է, որտեղից դարեր շարունակ հաւատքի շողեր են ցոլացել ու զօրացրել հոգիները հայորդեաց, ինչպէս և բազում ուխտաւորների և այցելուների»։

Ամենայն Հայոց Հայրապետը, անդրադարձ կատարելով Սուրբ Էջմիածի և քոյր Եկեղեցիների միջև առկայ յարաբերութիւններին և փոխգործակցութեանը, հաստատեց, որ Հայոց Եկեղեցին միջ եկեղեցական այցերի, համատեղ ձեռնարկների ու ծրագրերի միջոցով մշտապէս իր օգտակար ներդրումն է բերել միջ եկեղեցական յարաբերութիւնների սերտացման և արգասաւորման գործում և նպաստել քրիստոնէական համերաշխութեան և եղբայրսիրութեան ոգու
ամրապնդմանը։

«Եղբայրական այս սիրոյ ականատեսը եղանք մեր երկրի և ժողովրդի համար աղետալի շրջանում, երբ 2020 թուականի սեպտեմբերին Ադրբեջանը Թուրքիայի բացայայտ աջակցութեամբ և միջազգային ահաբեկչական խմբաւորումների ներգրաւմամբ լայնածաւալ պատերազմական գործողութիւններ սանձազերծեց Արցախի Հանրապետութեան դէմ։ 2023 թուականին Ադրբեջանի ցեղասպան գործողութիւնների հետևանքով բռնազաւթեց և հայաթափուեց Արցախը։ Այդ տագնապալի օրերին մեր քոյր Եկեղեցիները զօրավիգ եղան մեզ իրենց աղօթքներով, ընդդէմ անարդարութեան ու ոճրագործութեան իրենց ընդվզումով։ Այսօր էլ հետևողական ջանքեր են անհրաժեշտ գործադրել բռնի տեղահանուած արցախցիների՝ հայրենի բնօրրան վերադարձի իրաւունքի պաշտպանութեան, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան և տակաւին գերութեան մեջ գտնուող մեր զաւակների ազատ արձակման համար»,-ասաց Նորին Սրբութիւնը՝ իր երախտագէտ զգացումները փոխանցելով քոյր Եկեղեցիներին և միջեկեղեցական կառոյցներին հայ ժողովրդին դժուարին այս տարիներին ցուցաբերած զօրակցութեան համար։

Հայոց Հայրապետը խօսեց նաև քույր Եկեղեցիների և Հայ Եկեղեցու աշխարհասփիւռ թեմերի միջև ձևաւորած սերտ գործակցութեան մասին, որի շնորհիւ զօրանում է փոխ ըմբռնման և միմեանց նեցուկ լինելու ոգին։

«Յիրաւի, հակառակութիւններով փոթորկայոյզ մերօրեայ աշխարհում այս է ճանապարհը կասեցնելու աստուածամերժ ընթացքները, կանխելու աղետաբեր ողբերգութիւններն ու արհաւիրքները, դիմակայելու անհատի և ժողովուրդների արժանապատւութեան, իրաւունքների ու արդարութեան ոտնահարման դատապարտելի դրսևորումներին»,-ընդգծեց Հայոց Հովուապետը՝ յորդորելով Քրիստոսի օրինակով լինել սիրոյ և կարեկցանքի փարոսներ այս աշխարհում։

«Քրիստոսին և Նրա հոտին ծառայելու մեր առաքելութեան մէջ միասնութիւնը մեր առաջնորդող լոյսն է։ Ուստի շարունակենք մեր ճանապարհը՝ միմեանց նկատմամբ հոգատարութեամբ, սիրով ու յարգանքով»,-պատգամեց Հայոց Հայրապետը՝ հայցելով, որ Երկնաւոր Տէրն Իր երկնայեղ շնորհների ներքոյ պահի աշխարհը և պարգևի խաղաղ, ապահով ու բարօր կեանք բոլոր ժողովուրդներին և օրհնի Իր Սուրբ Եկեղեցին և Տիրոջ այգոյ անյոգնաբեկ բոլոր մշակներին:

Աղբիւրը՝ Մայր Աթոռ Էջմիածինի կայքէջը
 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/09/2024, 08:57