Շաստինի ազգային սրբավայրում Քահանայապետական Սուրբ Պատարագ

Պատարագին Ֆրանչիսկոս Պապը արտասանած քարոզի առանցքը Տիրամայրն էր, Մայր, ով աշխարհին պարգևեց իր որդուն՝ Յիսուսին: Մարիամը հաւատքի օրինակ է, հաւատք, որը բնութագրւում է երեք յատկանիշով՝ ճամփորդութիւն, մարգարէութիւն, կարեկցանք:
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

Սրբազան Քահանայապետի՝ Սլովաքիա առաքելական այցելութեան վերջին արարողութիւնը այսօր՝ Մարիամ Աստուածածնի Եօթ Վէրքի տօնի օրը, սեպտեմբերի 15 –ին, Ազգային Սրբավայր Շաստինի համանուն եկեղեցում, պատարագի մատուցումն էր: 

Պատարագին Ֆրանչիսկոս Պապի արտասանած քարոզի առանցքը Տիրամայրն էր, Մայր, ով աշխարհին պարգևեց իր որդուն՝ Յիսուսին: Մարիամը հաւատքի օրինակ է, հաւատք, որը բնութագրւում է երեք յատկանիշով՝ ճամբորդութիւն, մարգարէութիւն, կարեկցանք:

Հաւատք, որը ճանապարհ է ընկնում 

Առաջին հերթին, Մարիամինը հաւատք է, որը ճանապարհ է ընկնում: Նազարէթցի աղջիկը՝ հրեշտակի յայտարարութիւնը ստանալուն պէս, «վեր կացաւ եւ շտապով ճանապարհ ընկաւ դէպի լեռը» (Ղուկաս 1,39), ասել է Պապը: Նա չընտրեց իր հաւատքը դրսևորել յարմարաւէտութեան և կայունութեան մէջ, պատսպարուելով տան չորս պատերի մէջ և ինքն իրենով հիանալու Հրեշտակի իրեն այցելութիւնից: Ընդհակառակը, զգաց դուռը բացելու և տնից դուրս գալու անհրաժեշտութիւնը, իրեն տրուած պարգևն ապրելու որպէս Աստծոյ կողմից իրեն տրուած առաքելութիւն, այն է՝ հասնել բոլոր մարդկանց և փրկել նրանց իր սիրով: 

Այնուհետև Մարիամի ողջ կեանքն է դառնում ճամբորդութիւն Որդու ետևից՝ որպէս Նրա առաջին աշակերտ, մինչև Գողգոթայի Խաչի ստորոտ: Մարիամը միշտ քայլում է: 

«Այսպիսով, Սուրբ Կոյսը այս սլովաք ժողովրդի հաւատքի տիպարն է. Հաւատք, որը ճամբայ է ընկնում, որը միշտ ոգեշնչւում է պարզ ու անկեղծ վիրահայութիւնից, որը միշտ ուխտագնացութեան մէջ է՝ Տիրոջը փնտռելու համար: Քայլելով դուք յաղթահարում էք ինչ-որ ծէսով կամ հին աւանդոյթով վարարուող անշարժ հաւատքի գայթակղութիւնը: Փոխարէնը դուրս էք գալիս ինքներդ ձեզնից, ձեր ուսապարկով բերում էք ուրախութիւններ ու վիշտեր և կեանքը վերածում սիրոյ ուխտագնացութեան՝ դէպի Աստուած, դէպի եղբայրներ», ասել է Քահանայապետը և այս իմաստով շնորհակալութիւն յայտնել սլովաք ժողովրդին նման հաւատքի վկայութեան համար:

“Բացի այդ, ես կցանկանայի աւելացնել մի բան. Ես ասացի. «Կանգ մի առէք», բայց երբ Եկեղեցին է կանգ առնում՝ հիւանդանում է, երբ եպիսկոպոսներն են կանգ առնում՝ հիւանդացնում են Եկեղեցին. երբ քահանաներն են կանգ առնում՝ հիւանդացնում են Աստծոյ ժողովրդին:”

Մարգարէական հաւատք

Պապը նշել է, որ Մարիամը նաև մարգարէական հաւատք է: Իր ապրած կեանքով Նա Աստծոյ գործի մարգարէութիւնն է: Նրա գթասիրտ վարուելակերպը շուռ է տալիս աշխարհի տրամաբանութիւնները՝ բարձրացնելով խոնարհներին և իջեցնելով զօրաւորներին (հմմտ. Ղուկաս 1,52): Մարիամը Իսրայէլի մարգարէների աւետած Սիոնի դուստրն է (հմմտ. Սոփ. 3,14-18): Նրանց մարգարէութիւնը գագաթնակէտին է հասնում Անարատ Կոյսի հետ, քանի որ նա որովայնում կրելով մարմին դարձած Աստծոյ Խօսքը՝ Յիսուսին, ամբողջութեամբ և վերջնականապէս իրականացնում է Աստծոյ ծրագիրը: 

Ֆրանչիսկոսը յիշատակել է նաև Սիմէոնի խօսքերը Մարիամին Յիսուսի մասին. «Ահա այս մանուկը կայ Իսրայէլի մէջ շատերի համար ընկնելու եւ կանգնելու եւ հակառակութեան նշան» (Ղուկաս 2,34): Ապա յորդորել է. «Եկէք չմոռանանք հետևեալը. Հաւատը չի կարող իջեցուել կեանքը քաղցրացնող շաքարաւազի մակարդակին: Յիսուսը հակառակութեան նշան է: Նա եկաւ լոյս բերելու այնտեղ, ուր խաւար կայ, խաւարին դուրս է հանել բաց տարածք՝ ստիպելով նրանց յանձնուել: … Իր աշակերտներին Յիսուսն ասաց, որ չի եկել խաղաղութիւն գցելու, այլ՝ սուր (հմմտ. Մատթ. 10,34). իսկապէս, Նրա Խօսքը, որպէս երկսայր սուր, մտնում է մեր կեանք և բաժանում լոյսը խաւարից՝ խնդրելով մեզ ընտրել. Յիսուսի առջև չի կարելի գաղջ մնալ ՝ «մի ոտքը երկու կօշիկի մէջ»: Ողջունել նրան նշանակում է համաձայնել, որ Նա բացայայտի իմ հակառակութիւնները, իմ կուռքերը, չարի թելադրանքները. բացի այդ, որ նա դառնայ յարութիւն ինձ համար, Նա, ով ինձ միշտ վեր է բարձրացնում, ով բռնում է ձեռքիցս և նորից սկսել տալիս»:

Մարիամի հաւատքը՝ կարեկցող

Ի վերջոյ, Մարիամի հաւատքը կարեկցող է: Նա Որդու հետ կիսեց փրկութեան առաքելութիւնը՝ մինչև Խաչի ստորոտը: Մարիամը կարեկից Մայր է, քանի որ՝ մարդկութեան մեղքերն իր վրայ վերցրած մահացող Որդու տառապանքի դիմաց, Նա հաւաքում է մեր արցունքները և միևնոյն ժամանակ մխիթարում մեզ՝ Քրիստոսի մէջ մատնանշելով մեզ վերջնական յաղթանակը: 

Վշտահար Մարիամը մնում է խաչի տակ՝ արցունքով խարանուած դէմքով, բայց մի այնպիսի հաւատով, որ գիտի, որ իր Որդու մէջ Աստուած փոխակերպում է ցաւը և յաղթում մահուանը: Սա կարեկցանքի ապացոյց է, ասել է Ֆրանչիսկոսը և հրաւիրել է Տիրամօր օրինակով բացուել կարեկցող հաւատքի առջև, լինել վիրաւորների, տառատպեալների և նրանց հետ, ովքեր ստիպուած են իրենց ուսերին ծանր խաչեր կրել: Չապրել հաւատը վերացական կերպով, այլ Աստծոյ ոճով՝ խոնարհ ու անաղմուկ կերպով զօրակից դառնալով կարիքաւորներին:

Աւարտին Սրբազան Պապը ուխտագնացներին մաղթել է, որպէսզի Ամենասուրբ Մարիամի միջնորդութեամբ նրանց հաւատքը միշտ ճամբորդի, ունենայ մարգարէութեան շունչը և լինի լի կարեկցանքով:

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/09/2021, 10:48