«Խաղաղ համակեցութեան ճանապարհը ընդելուզում է». Ֆրանչիսկոս Պապը հանդիպեցաւ Սլովաքիայի գնչուական համայնքի հետ։
Վատիկան Նիուզ
Սրբազան Քահանայապետը սեպտեմբեր 14 ին, Պրաթիզլաւից յետոյ Սլովաքիայի երկրորդ ամենամեծ՝ Կոշիցէ քաղաքում, հանդիպել է գնչուների համայնքին:
Եկեղեցին բոլորի տունն է
Եկեղեցու շուրջը մէկ միասնական ընտանիք դառնալու գաղափարն էր համայնքի անդամներին ուղղուած Պապի ելոյթի մեխը, ով, շեշտել է, որ Աստուած բոլորիս՝ ինչպէս հայրը իր զաւակներին՝ իւրաքանչիւրն իր տարբերութիւններով և առանձնայատկութիւնով, ցանկանում է տեսնել Եկեղեցու շուրջը համախմբուած:
«Դուք մեծ սէր և յարգանք էք տածում ընտանիքի նկատմամբ և այս փորձառութեան հիման վրայ էք նայում Եկեղեցուն: Այո, Եկեղեցին տուն է, դա ձեր տունն է: Հետևաբար, ես կցանկանայի ձեզ ի սրտէ ասել. Ոչ ոք ձեզ կամ մէկ ուրիշին հեռու չի պահի Եկեղեցուց: Այն Եկեղեցուց, որը նոյն Հօրից ծնուած եղբայրների և քոյրերի ընտանիք է, որը մեզ տուեց Յիսուսին որպէս եղբայր, որպէսզի հասկանանք, թէ որքան է սիրում Նա եղբայրութիւնը», ասել է Սրբազան Քահանայապետը։
Փշրել կարծրատիպները և ազատուել նախապաշարմունքներից
Ֆրանչիսկոս Պապը կոչ է արել յաղթահարել բոլոր տեսակի կարծրատիպները և նախապաշարմունքները, ինչպէս նաև զրպարտչական խօսքերն ու վարուելակերպը, որոնք մէկը միւսին յաճախ կապուած են և մեծացնում են անջրպետը մարդկանց միջև, աղքատացնում են մարդկութեանը:
Պապը՝ համայնքի անդամների կեանքի անձնական օրինակների վրայ կառուցելով իր խօսքը, առանձնացրել է անձի նկատմամբ խնամքը, հովուական աշխատանքը, համբերութիւնը և իրական գործը, որոնց միջոցով հնարաւոր է ժամանակի ընթացքում քաղել պտուղները:
«Մի դատիր» (Մատթ. 7,1):
Ֆրանչիսկոսը յիշեցրել է այն ինչ ասում է Յիսուսն Աւետարանում. «Մի դատիր» (Մատթ. 7,1): Թէպէտև այդ պարզ ճշմարտութեանը՝ յաճախ ենք դառնում միւսների խիստ դատաւորները և դրան հակառակ չափազանց ներողամտութիւն ցուցաբերում սեփական անձի հանդէպ: Ճիշտ չէ նախապէս փաթաթեցուած տիպարներում կաղապարել դիմացինին՝ նուազեցնելով իրականութիւնը, շարունակել է իր միտքը Սրբազան Քահանայապետը և աւարտել. «Առաջին հերթին, միւսներին իսկապէս հասկանալու համար պէտք է ճանաչել նրանց. Ճանաչել, որ իւրաքանչիւրն իր մէջ կրում է Աստուծոյ զաւակի անկասելի գեղեցկութիւնը, որի մէջ արտացոլուած է Արարիչը»:
Խաղաղ համակեցութեան ճանապարհը ընդելուզում է
Ֆրանչիսկոսը ընդգծել է, որ խաղաղ համակեցութեան հասնելու և արժանապատուութիւնը վերականգնելու ճանապարհը ընդելուզումն է: Ընդելուզում ՝ երկխօսութեան ու փոխադարձ ճանաչողութեան միջոցով: Այն դանդաղ և կենսական գործընթաց է՝ ուղղուած ապագային: Եւ քանի որ ապագան պատկանում է երեխաներին, ապա, Քահանայապետի համոզմամբ, պէտք է այնպէս գործել, որպէսզի նրանց մեծ երազանքները պատնէշների չբախուեն:
Այսօր համարձակ ընտրութիւններ են անհրաժեշտ, որպէսզի ապագայում մեր զաւակները արժանապատիւ կեանքով ապրեն, կրթուեն ու գիտելիքներ ձեռք բերեն, որպէսզի «մեծանան արմատներով, միևնոյն ժամանակ չտեսնեն իրենց հնարաւորութիւնները արգելափակուած»:
Սրբազան Քահանայապետի շնորհակալական խօսքը ուղղուած էր բոլոր նրանց, ովքեր գործում են յանուն այդ ընդելուզումի, իրենց ժամանակը նուիրում անտեսուած եղբայրներին և քոյրերին, փախստականներին և կալանաւորներին, սոցիալապես անապահով խաւին, մինչդեռ կոչը՝ բոլորին. «Քայլ առ քայլ ձերբազատուել անցեալի վախերից ու վէրքերից. ազնիւ աշխատանքով, ամենօրեայ հաց վաստակելու արժանապատւութեամբ, փոխադարձ վստահութիւն սնուցանելով, միմեանց համար աղօթելով, ինչը առաջնորդում և ուժ է տալիս»:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ