Սուրբերի Դատի Վերատեսչութիւնը. Փնտռել սուրբերի՝ «ամենակատարեալ» մարդկանց:
Ճանքարլօ Լա Վէլլա – Վատիկան
Գոյութիւն ունեն սրբութեան սահմանման բազմաթիւ եղանակներ: Այդ սահմանումներից մէկը՝ մարդ արարածին որպէս կատարելութեան տիպար տեսնելն է: 1969 թուականից ի վեր, Վատիկանի այս Վերատեսչութեանն է վստահուած խորանների պատուին արժանի թեկնածուների կեանքի ուսումնասիրութիւնը՝ փնտռելով նրանց կեանքում Աւետարանին բնորոշ գծեր, որպէսզի իւրաքանչիւր քրիստոնեայ կարողանայ այդ մարդկանց մէջ տեսնել վստահելի եւ յատկապէս ընդօրինակման արժանի վկաների:
Սուրբ հռչակելու գործընթացի ետեւում թաքնուած է միասնական մանրակրկիտ աշխատանք, որը տեւում է տարիներ, երբեմն՝ տասնամեակներ, եւ, պահանջում է զանազան գիտելիքների եւ հմտութիւնների գործադրում, ինչն էլ, իր հերթին, ենթադրում է ծախսեր: Վերատեսչութեան 2021 թուականի պիւտճէն կազմել է մօտաւորապէս երկու միլիոն եւրոյ: «Սուրբերի գործարան» արտայայտութիւնը «կարող է լինել նաեւ հաճելի, եթէ այն ընկալուի դրական իմաստով, այսինքն՝ որպէս մի վայր, որտեղ շատ են աշխատում, որպէսզի կարողանան ամենայն լրջութեամբ եւ ազնուութեամբ ներկայացնել այս կոչմանն արժանի մարդկանց», - իր խօսքում ընդգծում է Սուրբերի Դատի Ժողովի կառավարիչ Կարդինալ Մարչելլօ Սեմերարոն, ով ներկայացնում է Վերատեսչութեան գործունէութիւնը:
Կարդինալ Սեմերարոն՝ Սուրբերի Դատի Ժողովի իր գրասենեակում
Ինչպէս յիշեցնում է Վատիկանի Բ Տիեզերաժողովը՝ սրբութիւնը համընդհանուր կոչում է, որին պէտք է հետեւի իւրաքանչիւր մարդ: Ինչ վերաբերում է քրիստոնեայ որեւէ անհատի սրբութիւնը պաշտօնապէս ճանաչելուն, ապա, կարելի է ասել, որ սա հին աւանդութիւն է: Դեռեւս ամենավաղ ժամանակներից, երբ տարածւում էր որեւէ մէկի նահատակութեան կամ մէկ ուրիշի աւետարանական օրինակելի կեանքով ապրելու լուրը, ապա, այս մարդկանց ներկայացնում էին ժողովրդին՝ որպէս օրինակելի կեանքի տիպարների եւ հաւատացեալների համար Տիրոջ մօտ բարեխօսների: Սրբադասման գործընթացները եւ կանոնական նորմերը տարբեր են, սակայն հիմնակորիզը հետեւեալն է. Եկեղեցին միշտ հաւատացել է, որ իր անդամները կարող են հասնել սրբութեան, հետեւաբար՝ նրանք պէտք է ճանաչուեն եւ ներկայացուեն հանրութեան երկրպագութեանը:
Ինչ վերաբերում է Սուրբերի Դատի Վերատեսչութեան գործունէութեանը, ապա, ան իրականացնում է Աստծոյ ծառաների երանացման եւ սրբադասման գործընթացները՝ աջակցելով եպիսկոպոսներին քննութեան առնել մարտիրոսութիւնը, հերոսական առաքինութիւնները կամ կեանքի նուիրաբերումը եւ հրաշագործութիւնները կաթողիկէ որեւէ հաւատացեալի, ով իր կեանքի օրօք, իր մահուամբ կամ մահից յետոյ սրբութեան, մարտիրոսութեան կամ անձնազոհութեան համբաւ է վայելել: Աստծոյ Ծառայ է համարւում այն կաթողիկէ հաւատացեալը, ում երանացման եւ սրբադասման դատը բացուած է եւ, ով պէտք է մշտապէս ունենայ իրական, հանրածանօթ եւ մնայուն «սրբութեան համբաւ», այսինքն՝ հանրային կարծիք, որ նրա կեանքը եղել է կատարեալ, հարուստ քրիստոնէական առաքինութիւններով եւ նպաստաւոր՝ քրիստոնեայ համայնքի համար:
Սուրբերի դատերի վերաբերեալ 1983 թուականին ընդունուած նոր նորմերի համաձայն՝ զգալիօրէն կրճատուել է երանացման եւ սրբադասման գործընթացների համար պահանջուող ժամանակը: Անցեալում, Աստծոյ որեւէ ծառայի կեանքի, առաքինութիւնների կամ մարտիրոսութեան վերաբերեալ ուսումնասիրութիւններ սկսելու համար անհրաժեշտ էր սպասել, որպէսզի նրա մահուանից անցնի յիսուն տարի: Այսօր այլեւս այդպէս չէ, այնուամենայնիւ, դատերի քննութեան ընթացքը կախում ունի բազմաթիւ գործօններից, որոնցից մի քանիսը դատին բնորոշ առանձնայատկութիւններ են (թեկնածուների անձի կամ նրանց ապրած պատմական ժամանակաշրջանի հետ կապուած բարդութիւններ), կան նաեւ արտաքին գործօններ, ինչպէս օրինակ՝ գործը քննող պաշտօնեաների, արտաքին համագործակիցների, վկաների եւ այլոց ցանկութիւնը, պատրաստակամութիւնը եւ հասանելիութիւնը:
Իւրաքանչիւր գործ ունի իր ցուցանիշները. կարող են լինել մի քանի տասնեակ վկաներ, ինչպէս նաեւ այլ մասնագէտներ, որոնց վկայութիւնները եւ կարծիքները լսւում են գործի քննութեան թեմական փուլի ընթացքում: Երանացման եւ սրբադասման իւրաքանչիւր գործընթաց ունի նաեւ իրեն յատուկ ժամկէտները. քննութիւն, վկաների ունկնդրութիւն, « Positio »-ի (սրբադասման կամ երանացման դատի գործընթացը ղեկավարող պաշտօնեայի կողմից կազմուած հաշուետուութիւն) շարադրում, աստուածաբան-խորհրդատուների, երբեմն նաեւ պատմաբան-խորհրդատուների կողմից քննութիւն: Ժամանակ է յատկացւում նաեւ բժիշկ-փորձագէտներին, երբ քննութեան է առնուում բժշկուելու հնարաւոր հրաշքը: Եթէ ձեռնարկուած բոլոր քայլերը դրական արդիւնք են ունենում, ապա, գործը փոխանցւում է Սուրբերի Դատի Վերատեսչութեան անդամների՝ կարդինալների եւ եպիսկոպոսների հերթական նիստի քննարկմանը: Այս ամբողջ գործընթացի աւարտից յետոյ, Սուրբերի Դատի Վերատեսչութեան Կառավարիչը գործերը յանձնում է Սրբազան Քահանայապետի հաստատմանը: Քննուող գործերն իսկապէս բազմաթիւ են (այս պահին, մօտ 1500 գործ է քննուում Հռոմի շրջանակներում, մինչդեռ թեմական շրջանակներում քննուում է աւելի քան 600 գործ) եւ, այն փաստը, որ ոչ բոլոր գործերն են յաջողութեամբ պսակուում՝ վկայութիւնն է խիստ եւ ծանրակշիռ գործընթացների: Սակայն, սա չի նշանակում, որ նրանք, ովքեր չեն ներկայացուել հաւատացեալների երկրպագութեանը՝ իրենց կեանքի վկայութեամբ օրինակելի անձինք չեն եղել:
Վերատեսչութեան գործունէութեան վերջին հինգ տասնամեակների արդիւնքները ոչ միայն դրական, այլեւ անսպասելի են: Գործընթացի դիւրացումը թոյլ տուեց աւելացնել հաւատացեալների երկրպագութեանը ներկայացուող անձանց թիւը: Յաւակնորդները տարբեր ցամաքամասերից են եւ պատկանում են Աստծոյ ժողովրդի տարբեր դասակարգերին:
Սուրբերի Դատի Ժողովի հաստատումից ի վեր (1969թ.)՝ այս յիսուն տարիների հոգեւոր եւ հովուական արդիւնքները բացառիկ են: Մինչ 2020 թուականը՝ երանացուել է ընդհանուր թուով 3003 եւ սրբադասուել՝ 1479 մարդ: Որպէս կանոն, ամէն ամիս գումարւում է երկու հերթական նիստ, որոնցից իւրաքանչիւրի ընթացքում քննուում է չորս գործ: Մէկ տարուայ ընթացքում քննութեան է ենթարկուում մօտաւորապէս 80-90 գործ:
Այս եւ այլ տուեալների համար կարելի է այցելել Սուրբերի Դատի Ժողովի պաշտօնական կայքէջ (www.causesanti.va), որտեղ համապարփակ տեղեկատուութիւն է ներկայացուած Վերատեսչութեան եւ սրբութեան ճանապարհի վերաբերեալ: Մինչ օրս, կարեւոր փաստաթղթերից եւ հրապարակումներից զատ, կայքէջում զետեղուած են աւելի քան հազար տեղեկագրեր՝ վերջին եօթ քահանայապետերի օրօք երանելիներ եւ սրբեր հռչակուած մարդկանց մասին: Տեղեկութիւնները պարունակում են լուսանկարներ, մէջբերումներ, կենսագրականներ, քարոզներ, արտաքին յղումներ եւ մուլթիմետիա նիւթեր:
Հիմք ընդունելով Աստծոյ ժողովրդի շրջանում ունեցած սրբութեան համբաւը եւ նշանները՝ թեմի մէջ մեկնարկում է գործի քննութեան առաջին փուլը. գործընթացի սկիզբ, վկայութիւնների եւ փաստաթղթերի հաւաքագրում, աստուածաբան եւ պատմաբան փորձագէտների ատեանի կազմաւորում: Գործը Հռոմ ներկայացնելուց յետոյ, նշանակւում է զեկուցող, ով սրբադասման կամ երանացման դատը ղեկավարող պաշտօնեային աջակցում է գործի հատորի պատրաստման հարցում: Դատական գործի հատորի մէջ ներառուած են թեմում հաւաքագրուած բոլոր ապացոյցները եւ վկայութիւնները, որոնք համադրւում են, որպէսզի հնարաւոր լինի ճշգրտօրէն վերականգնել Աստծոյ Ծառայի կեանքը, ցոյց տալ նրա առաքինութիւնները կամ մարտիրոսութիւնը, ինչպէս նաեւ նրա սրբութիւնը խորհրդանշող նշանները կամ համբաւը, որ վայելում է ժողովրդի շրջանում: Սա կոչւում է « Positio », որն այնուհետեւ ուսումնասիրւում է աստուածաբանների խմբի կողմից, իսկ երկար տարիների վաղեմութիւն ունեցող գործերի դէպքում (եթէ յաւակնորդը ապրել է երկար տարիներ առաջ եւ չկան ականատես վկաներ) քննութեան է առնուում նաեւ պատմաբանների յանձնախմբի կողմից:
Եթէ քուէները դրական են, ապա, կազմուած գործը յանձնւում է Սուրբերի Դատի Վերատեսչութեան կարդինալների եւ եպիսկոպոսների դատին: Եթէ ստացւում է նաեւ նրանց դրական պատասխանը, ապա, Սրբազան Քահանայապետը կարող է արտօնել Աստծոյ Ծառայի առաքինութիւնների, մարտիրոսութեան կամ կեանքի նուիրաբերման վերաբերեալ հրամանագրի հրապարակումը: Այսպիսով, տուեալ անձը պատուի է արժանանում, այսինքն, նա «հերոսաբար» հետեւել է քրիստոնէական առաքինութիւնների կատարմանը (աստուածաբանական՝ հաւատ, յոյս եւ ողորմածութիւն, արմատական՝ խոհեմութիւն, արդարութիւն, ուժ եւ ժուժկալութիւն, այլ՝ աղքատութիւն, ողջամտութիւն, հնազանդութիւն, խոնարհութիւն եւ այլն, կամ հերոսական կեանք է ապրել), նահատակուել է կամ նուիրաբերել է սեփական կեանքը՝ համաձայն գերատեսչութեան պահանջների:
Երանացումը դէպի սրբադասում տանող անցումային փուլ է: Եթէ թեկնածուն հռչակւում է մարտիրոս՝ անմիջապէս դառնում է երանելի, ապա թէ ոչ, նրա բարեխօսութեամբ պէտք է հրաշք տեղի ունենայ:
Սովորաբար, այդպիսի հրաշք կարող է համարուել գիտականօրէն անբացատրելի բժշկումը, որի վերաբերեալ իր եզրակացութիւնն է յայտնել հաւատացեալ եւ ոչ հաւատացեալ բժիշկ-մասնագէտներից կազմուած փորձագիտական յանձնախումբը: Աստուածաբան խորհրդականները, նախ եւ առաջ, որոշում են կայացնում հիմք ընդունելով տեղի ունեցած հրաշքը, այնուհետեւ, Սուրբերի Դատի Ժողովի կարդինալները եւ եպիսկոպոսները եւ Սրբազան Քահանայապետը արտօնում են համապատասխան որոշման ընդունումը: Որպէսզի տուեալ անձը հռչակուի սուրբ, անհրաժեշտ է երանելիին վերագրել երկրորդ հրաշքը, որ տեղի է ունեցել նրա բարեխօսութեամբ՝ երանացումից յետոյ:
«Gaudete et exsultate» առաքելական յորդորագիրը կոչ է սրբութեան՝ ուղղուած արդի աշխարհին: Սուրբերը վկաներն են Աւետարանով ապրելու հնարաւորութեան, ո՛չ միայն նրանք, ովքեր արդէն իսկ երանացուել կամ սրբադասուել են, այլեւ, նրանք, ովքեր, ինչպէս Սրբազան Քահանայապետն է անուանում՝ «սուրբեր են, ովքեր ապրում են մեզ հետ կողք-կողքի եւ արտացոլումն են Աստծոյ ներկայութեան. դրանք այն ծնողներն են, ովքեր այնքան մեծ սիրով են մեծացնում իրենց զաւակներին, այն տղամարդիկ եւ կանայք, ովքեր աշխատում են, որպէսզի կարողանան կերակրել իրենց ընտանիքներին, այն հիւանդները եւ տարեց կրօնաւորները, ովքեր շարունակում են ժպտալ» (no 7) մի աշխարհում, որն այլեւս չի ապրում յոյսով եւ, որն անտարբեր է այլոց տառապանքի հանդէպ:
«Gaudete et exsultate» առաքելական յորդորագրում Նորին Սրբութիւնը գրում է. «Սրբութիւնը ցոյց է տալիս Եկեղեցու ամենագեղեցիկ դէմքը» (no 9):
Երանացման դատը բարդ գործ է եւ ենթադրում է որոշակի ծախսեր՝ պայմանաւորուած յանձնախմբերի աշխատանքով, փաստաթղթերի տպագրութեամբ, փորձագէտների (պատմաբաններ եւ աստուածաբաններ, որոնց վստահուած է փաստաթղթերի ուսումնասիրութիւնը, կամ, բժիշկներ, երբ գործը վերաբերում է հրաշքներին) ժողովներով: Վերատեսչութիւնը մշտապէս հետեւում է ծախսերի պահպանութեանը, որպէսզի տնտեսական խնդիրները խոչընդոտ չլինեն գործերի քննութեան ընթացքին:
Համաձայն աւետարանական այլաբանութեան՝ սուրբերը իրապէս այն սերմերն են, որոնք արդէն հասունացել են եւ առատ պտուղներ են տալիս:
Իւրաքանչիւր սուրբ նպաստում է Եկեղեցու զարգացմանն ու միասնականութեանը, իւրաքանչիւր սուրբ գիտի, որ իր պարտականութիւնը Եկեղեցու առաքելութիւն է: Սուրբերը կատարեալ մարդիկ են, նրանք ապրում են մարդկային եւ քրիստոնէական ցաւով, երկնայինը ճանաչելու ցանկութեամբ, բայց նաեւ՝ արդարութեան ծարաւով, Աստծոյ սիրով եւ եղբայրակիցների նկատմամբ համերաշխութեամբ: Քրիստոնեայ ժողովուրդը Յիսուս Քրիստոսի մէջ է ընկալում հաւատքի ճշմարիտ լինելը՝ հաշուի առնելով ինչպէս Նրա կեանքի պատմութիւնը, այնպէս էլ Նրա յարատեւ ներկայութիւնը Եկեղեցու եւ, մասնաւորապէս՝ սուրբերի մէջ:
Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ