Հարցազրոյց դեսպան Կարեն Նազարեանի հետ՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 30-ամեակի առիթով
Ո՞րն է ըստ Ձեզ օրուայ խորհուրդը, ինչ ուղերձը ունէք «Վատիկան Նիուզ»-ի մեր ընթերցողներին ու ռատիօունկնդիրներին։ Թերևս առիթն օգտագործելով խօսէինք նաև արտաքին ու տարածաշրջանային քաղաքականութեան հարցում Հայաստանի կողմից ձեռնարկուելիք քայլերի մասին։
Նախ և առաջ կցանկանայի նշել, որ դեռևս 1988-ից Արցախեան շարժմամբ սկիզբ դրուած ազգային ժողովրդավարական շարժումը, իր կարևոր հանգրուանը գտաւ 1991թ. սեպտեմբերի 21-ի անկախութեան հանրաքուէի արդիւնքներում։ Այդ հանրաքուէով հայ ժողովուրդը վստահաբար իր ձայնը տուեց ազգային պետականութեան վերստեղծման արժէքներին։ Չնայած այն բարդութիւններին, որոնց մեր երկիրը բախուեց անցած 30 տարիների ընթացքում` Արցախեան առաջին պատերազմը, աւերիչ երկրաշարժն ու դրան յաջորդած ազգային տնտեսութեան և պետական ինստիտուտների կայացման բարդ ժամանակաշրջանը, անցած տարի՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ ատրբեջանաթուրքական ակրեսիայի հետևանքով տեղի ունեցած պատերազմը, հայ ժողովուրդը բազմիցս վերահաստատել է իր նուիրուածութիւնն անկախ պետականութեան գաղափարին և ժողովրդավարական արժէքներին։
Հայաստանն անկախութիւնից ի վեր եղել է և շարունակում է հետամուտ լինել Արցախի ժողովրդի իրաւունքների ու անվտանգութեան պաշտպանութեանը, այդ թւում՝ ինքնորոշման անքակտելի իրաւունքի իրականացմանը։ Այսօր պէտք է փաստել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը լուծուած չէ ու անհրաժեշտ է որպէսզի վերսկսուեն բանակցութիւնները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակներում՝ հիմք ընդունելով բանակցային գործընթացի ընթացքում մշակուած միջազգային իրաւունքի յայտնի սկզբունքները և նորմերը։ Հիմնախնդրի վերջնական կարգաւորմամբ և Արցախի կարգավիճակի յստակեցմամբ է միայն հնարաւոր տարածաշրջանում հասնել տևական և կայուն խաղաղութեան։
Անկախութեան հռչակումից ի վեր Հայաստանը հետամուտ է եղել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին՝ որպէս պատմական արդարութեան վերականգնման և հետագայում մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելման կարևոր պայմանի։ Հայաստանը սփիւռքեան կառոյցների հետ գործակցելով կարողացել է հասնել միջազգային հանրութեան կողմից Հայոց ցեղասպանութեան փաստի ճանաչմանը և ստանձնել է ցեղասպանութիւնների կանխարգելման միջազգային օրակարգի առաջամարտիկի դերը։ Այս ուղղութեամբ ևս աշխատանքները կշարունակուեն միջազգային կառոյցներում և մայրաքաղաքներում։ Որպէս միջազգային մեծ ընտանիքի պատասխանատու անդամ՝ Հայաստանը ձգտելու է զարգացնել փոխշահաւէտ յարաբերութիւններ գործընկեր ու միւս պետութիւնների հետ։
Ինչպէ՞ս կբնութագրէք Վատիկանի հետ Հայաստանի յարաբերութիւնները անցնող 30 տարիների, ու մասնաւորապէս, վերջին շրջանի զարգացումների լոյսի ներքոյ
Մեզ համար կարևոր է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական յարաբերութիւնների շարունակական զարգացումը։ Թւում է թէ պարզորոշ ձևով է ասուած այս միտքը, իրականում, մեր երկկողմ կապերն ու առնչութիւններն ունեն մեծ տարողականութիւն ու բովանդակութիւն ու դրանք սպասարկելու համար ջանքեր ու կենտրոնացում է պահանջում։ Ժամանակի սղութեան պատճառով չէի ցանկանայ մխրճուել պատմութեան էջերը, սակայն, պէտք է ընդգծեմ, որ մեծապէս գնահատում ենք որ մեր երկրին բաժին հասած դժուարագոյն մարտահրաւէրների այս փուլում Վատիկանն իր համերաշխութեան ձեռքը պարզեց մեզ։ Այն իր արտայայտութիւնը գտաւ Արցախի հանդէպ սանձազերծած պատերազմի օրերին ու դրանից յետոյ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի կողմից արուած խաղաղութեան բազմաթիւ ուղերձների, այդ թուում Լեռնային Ղարաբաղում գերեվարուածների. շուտափոյթ հայրենիք վերադարձին, Աշոցքի հիւանդանոցին մարդասիրական օգնութիւն տրամադրելու, իսկ այս ամսուայ սկզբից նաև Երևանում Առաքելական նուիրակութիւն հիմնադրելու Սրբազան քահանայապետի որոշումների միջոցով։ Բարեկամական այս քայլերը ոգեշնչեցին ու գօտեպնդեցին մեզ։
Առանձնակի գոհունակութեամբ դիմաւորեցինք նաև տարուայ փետրուարի 27-ը Հռոմէական գլխաւոր օրացոյցում որպէս Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու յիշատակի օր ներառելու Սրբազան Քահանայապետի կարգադրութիւնը, որն ընդգծում է Հռոմի կաթոլիկ և Հայաստանեայց առաքելական և հայ կաթողիկէ եկեղեցիների միջև գոյութիւն ունեցող եղբայրական յարաբերութիւններն ու անսասան կապը:
Առիթն օգտագործելով կցանկանային իմ երախտագիտութիւնը յայտնել բոլոր նրանց ովքեր Հայաստանի անկախութիւնից ի վեր նպատակաուղղուած ջանքեր են գործադրել երկկողմ յարաբերութիւնների ամրապնդման ուղղութեամբ՝ հոգևոր հայրերին, մտաւորականներին, դիւանագէտներին ու պարզապէս Հայաստանում ու սփիւռքում ապրող հետաքրքրուած մեր հայրենակիցներին։ Կցանկանայի նաև աւելացնել, որ Հայաստանի նորանկախ Հանրապետութիւնն իր գոյութեան 30 տարիների ընթացքում շարունակաբար կարևորել է սփիւռքի դերը երկրի անկախ պետականութեան կայացման գործում։ Առհասարակ, Հայաստանի ու Արցախի համար կարևոր ենք համարում Սփիւռքի ներուժի ճիշտ օգտագործումը, նրա ներգրաւումը Հայաստանի կայուն զարգացման ծրագրերում։ Այս տեսանկիւնից կարծում եմ կարևոր է որպէսզի սփիւռքահայ երիտասարդութիւնը հնարաւորութիւնն ունենայ ապրելու իր պատմական հայրենիքում ու իր փորձով և գիտելիքներով նպաստ բերի հայկական անկախ պետականութեան ամրապնդման շնորհակալ գործին։
Պարոն դեսպան մեր բոլորի ցանկութիւնն է Հայրենիքը տեսնել որպէս զարգացող ու ապահով երկիր, որտեղ ազգային արժէքների հետ մէկտեղուած է նաև արդարութեան ու ժողովրդավարական սկզբունքները։
Համաձայն եմ, մենք չունենք այլընտրանք, մեր անվտանգութեան ու զարգացման գրաւականն է ազգային ներուժի միաւորումը ու մեր դիմադրողականութեան աւելացումը։ Այսօր թէև 44-օրեայ պատերազմի և դրան յաջորդած շրջանում Ադրբեջանի գործողութիւնների հետևանքով մեր տարածաշրջանում ստեղծուել է բարդ իրավիճակ, այնուամենայնիւ Հայաստանն իր ջանքերը կշարունակի համադրել տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելուն միտուած գործընթացներում, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրաւունքների պաշտպանութեան, քաղաքացիների համար սոցիալական յաւելեալ երաշխիքների ապահովման ուղղութեամբ։ Վստահաբար կարող եմ ասել, որ հետագայում էլ անկախ առկայ մարտահրաւէրներից, ժողովրդավարութիւնը շարունակելու է լինել ուղենիշ մեր պետութեան զարգացման համար, ինչն ամրագրուած է Հայաստանի անկախութեան հռչակագրում։
Այս պատմական օրը մենք գլուխ ենք խոնարհում Արցախի ազատութեան և պաշտպանութեան համար իրենց կեանքը նուիրած ու վիրաւորած մեր բոլոր հայորդիների ու նրանց հարազատների առջև։ Հայաստանի արտաքին անվտանգութեան, ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան, պաշտպանութեան հարցերն սակարկելի չեն։ Արցախեան հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում է մնալ մեր առաջնային գերխնդիրը։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ