Հայկական ժողովրդական երգեր. «Ջանոյ» երգը - Հաղորդաշար (5)
«Ջանոյ» երգի հերոսուհին հաւանաբար ծնողներից զրկուած և հօրեղբօր ընտանիքում մեծացած աղջիկ է: Այդպէս ենք ենթադրում, քանի որ նա, ամուսնութեան տարիքի հասած լինելով, դիմում է հօրեղբօրն ու նրա կնոջը՝ յայտնելով, թէ ինչպէս որ դաշտի մէջ կռունկն իր վիզը երկարացրել ու զոյգին է փնտրում, այնպէս էլ ինքն ուզում է բազմաթիւ տղաների մէջ գտնել մեկին, ում հետ կուզենար ամուսնանալ:
Թւում է, թէ ծնողներն արդեն թուել են յարմար թեկնածուների անունները, և այժմ աղջիկը յայտնում է իր կարծիքը: Նա նախ խնդրում է՝ իրեն չամուսնացնել չարչու՝ մանր առևտրականի հետ, որովհետև նա պիտի ամբողջ օրն իր ոսկիները հաշուի և անուշադրութեան մատնի ջահել կնոջը: Այնուհետև խնդրում է բացառել նաև ջուլհակ փեսացուին՝ պատճառաբանելով, թէ աշխատանքի ընթացքում եթէ յանկարծ մանած թելը խառնուի, պիտի զայրոյթը կնոջ գլխին թափի՝ ծեծելով նրան:
Իհա՛րկէ, չի կարելի միանշանակ ասել, թէ բոլոր ջուլհակներն այդպէս ջղային են եղել: Գուցէ աղջկայ շրջապատում է նման մի դէպք եղել, ասենք՝ նրա ընկերուհու կամ քրոջ ամուսինն է ջուլհակ, որն անկախ իր զբաղմունքից՝ այդպիսի բնաւորութիւն ունի և ցանկացած անյաջողութեան դէպքում բարկութիւնը թափում է կնոջ վրայ:
Կամ էլ երևի աղջիկը դիմում է փոքրիկ խորամանկութեան. ինքն ուրիշին է սիրում և ջուլհակին ու չարչուն վատաբանում է, որպէսզի ծնողներին պարզապէս համոզի իր ձեռքը տալ սիրած տղային:
Վերջապէս երգի վերջին հատուածում նա բացայայտում է, թէ ում է հաւանում. անտարբեր չէ հովուի նկատմամբ և ծնողներին համոզելու համար թուարկում է նրա առաւելութիւնները. հովիւը սարի հովին կզբօսնի իր հետ, ջահել մաքուր կաթ կտա և կքնեցնի իր գրկում:
Այս երգն ունի մի քանի տարբերակ, որոնք նմանութիւններ ունեն թէ՛ մեղեդու, թէ՛ բովանդակութեան առումով: Վանայ տարբերակն, օրինակ, սկսւում է «Կակօ մարէ, կարգէ զիս» խօսքերով, որտեղ ամուսնութեան տարիքի հասած աղջիկը նոյն խնդրով դիմում է իր ծնողներին:
Երգի տարբերակների մէջ յիշատակուող արհեստների անունները յաճախ լինում են օտար լեզուներով՝ պարսկերէն, արաբերէն, թուրքերէն: Թումաճանն, այդ երևոյթը բացատրելով, նշում է, որ դարերի ընթացքում Հայաստանին տիրող բռնակալները, տեղացի բնիկ ժողովրդի վաստակը գրաւելու ետևից ընկած, արհեստներով չեն զբաղուել:
Հայ արհեստաւորների, արուեստագէտների շատ ազգանուններ մինչև այսօր էլ օտար բառերի վրայ են կաղապարուած, ինչպէս՝ Քյոմուրջյան, Բոյաջյան, Ղասաբյան, Չիբուխչյան և այլն: Մասնաւորապէս, թուրքերը արհեստաւորներ չեն եղել:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ