2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Հաբրբան» երգը - Հաղորդաշար

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը
Ունկնդրէ հաղորդաշարը

Ծանօթանանք հայ ժողովրդական չափազանց գեղեցիկ մի երգի, որը մեզ է հասել Կոմիտասի գրառմամբ և մշակմամբ․ «Հաբրբան»։ Բառը, ի դէպ, հաւանաբար նշանակում է «սիրելիս»։

Այս երգի մասին Մանուկ Աբեղյանն իր և Կոմիտասի համատեղ կատարած խմբագրական աշխատանքի մասին այսպէս է գրել. «… Որովհետև «Հաբրբան ջանէ-ջան» կրկնակը Կոմիտասը երկու փոքր-ինչ տարբեր եղանակներով ունէր, այդ ինձ թելադրեց մի այնպիսի երգ խմբագրել, որ փոխնիփոխ երգեն, սիրոյ խօսքերով իրար դիմելով, տղայ և աղջիկ: Կոմիտասն սկզբում չէր ընդունում այդ` առարկելով, թէ մեր գիւղերում այդպէս չեն երգում, բայց երբ ես ցոյց տուեցի, որ ժողովրդական երգերի բանաստեղծութեան մէջ կայ փոխը, նա համաձայնեց սրան: Այս մանրամասնութիւնների մէջ մտնում եմ, որպէսզի պարզ լինի, որ Կոմիտասը, ժողովրդական երգերը մշակելով հանդերձ, ձգտում էր ըստ ամենայնի չհեռանալ բնիկ ժողովրդականից»:

Այժմ ծանօթանանք երգի բովանդակութեանը. ինչպէս տեսանք, սա սիրահար տղայի և աղջկայ երկխօսութիւն է, բնոյթով՝ կատակային: Նախ խօսում է տղան՝

յայտնելով իր սէրը և անիծելով նրան, ով իրեն չի տա իր սիրած աղջկան: Նկատի ունի նրա ծնողներին: Ապա խօսում է աղջիկը՝ հարցնելով, թէ իր պէս նազանի աղջիկը կսազի՞ նրա պէս տղային: Բայց տղան չի կորցնում իրեն և աղջկան առաջարկում է իզուր տեղը խունջիկ-մունջիկ չանել, կատակներով չփորձել իր հոգու հետ խաղալ, որովհետև ինքը լաւ գիտի, որ աղջիկը նոյնպէս ցանկանում է ամուսնանալ իր հետ: Տղային նորից պատասխանում է աղջիկը՝ ասելով, թէ սիրուց գժուածի պէս տղան մոռացել է աշխատել, և նրա գութանի տակ արդեն մոլախոտ է աճել: Նա զգուշացնում է, թէ քանի դեռ իրեն այդպէս խենթի պէս է պահում, հետն ամուսնացող չի լինի: Իսկ սիրահար տղան մի նոր խենթութիւն է խոստանում անել՝ ասելով, որ իր գութանով աղջկայ տան տակն է վարելու: Ապա սպառնում է, որ չար ագռաւի վրայ այդ ընթացքում քար կնետի. հաւանաբար նկատի ունի նրան, ով իրենց կցանկանայ խանգարել:

Իսկ իր գժութեանը խոստանում է վերջ տալ, եթէ իր սիրած աղջկան ամուսնացնեն իր հետ: Աղջիկը կարծես տղային խրախուսելու համար ասում է, որ ջուրն իր ճամբով կգնա. այսինքն, ինչպէս ջուրն իր ճամփան է գտնում, այնպէս էլ ինքը վստահ է՝ իր սիրած տղան իրեն հասնելու ելքը կգտնի, և ինչպէս ջուրն է ծողում վարդը, այնպէս էլ տղան կփարուի իրեն: Աղջիկը համոզուած է, որ իրեն սիրող կտրիճ տղան հազարների մէջ առանձնանում է այնպէս, ինչպէս թափթփուած քարերի կողքին կառուցուած անառիկ բերդը:

Վերջում տղան սկսում է աշուղի նման գովք հիւսել իր սիրած աղջկայ մասին՝ ասելով, որ նա նման է բաղի մէջ բուսած ծաղկի, և ինքը գիշեր-ցերեկ միայն նրա ներքին ու արտաքին գեղեցկութիւնների գովքն է անում իր խաղիկների՝ երգերի մէջ: Այս խօսքերից աղջիկը կարծես շատ է շոյւում ու լաւ է զգում իրեն. առաջարկում է, որ տղան միշտ այդպիսի տաղեր ասի, քանզի իրեն որքան էլ գովի, ինքն արժանի է դրան: Չէ՞ որ, ինչպէս սկզբում էր ասել, իր պէս նազանի աղջիկ էլ չկայ: Վերջում տղային անվանում է իր մոր գովական փեսայ: Այս խօսքից իմանում ենք, որ աղջկայ մայրն էլ համաձայն է դստեր ամուսնութեանն այս տղայի հետ և յաճախ ծանօթ-բարեկամների մօտ գովում է տղային՝ որպէս իր ապագայ փեսայ:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/03/2023, 07:41