Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպանը
Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ եւ լիազօր դեսպան Դոմենիկոյ Արդուինիին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ արձանագրեց, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը մարդասիրական առաքելութիւն է իրականացնում տարբեր երկրներում եւ Հայաստանում, յատկապէս մեր ժողովրդի համար այս դժուարին օրերին:
Հանդիպմանը Նորին Սրբութիւնը դեսպանին տեղեկութիւններ փոխանցեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացուող սոցիալական եւ առողջապահական ծրագերի մասին` մասնաւորաբար կարեւորելով յետպատերազմեայ շրջանում զոհուածների ընտանիքներին, վիրաւոր զինուորներին տրամադրուող հոգեւոր ու սոցիալական աջակցութիւնը:
Իր հերթին դեսպան Դոմենիկոյ Արդուինին Հայոց Հովուապետին ներկայացրեց Մարտական Ուխտի կողմից Հայաստանում իրականացուող մարդասիրական եւ առողջապահական ծրագրերը, ինչպէս նաեւ յիշեալ ոլորտներում նորարար ծրագրերի ներդրման եւ փորձի փոխանակման նախաձեռնութիւնները:
Վերջում Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնը փոխանցեց դեսպանին` մաղթելով, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի ծրագրերը բարի արդիւնաւորում ունենան:
Աղբիւրը` Արեւելք
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ