2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Մարալօ» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (33)
Ունկնդրէ հաղորդաշարը

«Մարալօ» երգը գրի է առել Կոմիտասի աշակերտ Բարսեղ Կանաչեանը 1947 թուականին հայր Սուրեն Փափախեանից։ Սա սիրահար տղայի ու աղջկայ զուգերգ է, որտեղ տղան աղջկան անվանում է «Մարալօ»:

Այս բառը նշանակում է եղնիկ, որի հետ տղան փաղաքշաբար համեմատում է իր սիրած աղջկան: Երգի սկզբում սիրահար աղջիկը դիմում է տղային՝ ասելով, որ նա նման է կալատեղում դրուած նռան: Եթէ յստակ պատկերացնենք կալատեղը, որին յատուկ են դեղնած խոտի կամ ցորենի հասկի երանգները, պարզ կդառնայ, թէ կալատեղում ինչպէս աչքի կընկնի վառ կարմիր նուռը:

Այս համեմատութեամբ աղջիկն ուզում է ասել, որ իր սիրած տղան միւսներից տարբերւում է այնպէս, ինչպէս նուռը՝ դեղնած խոտերի մէջ:

Տղան ևս ետ չի մնում գեղեցիկ համեմատութիւններով, և ասում է, որ աղջիկը նման է կալի մօտ ծաղկած վարդի՝ սիրոյ տառապանքի մատնելով իր սիրտը:

Աղջկան դուր է գալիս տղայի խօսքը, և նրան անվանում է սիրուց խենթացած: Ապա սկսում է ինքն իրեն նկարագրել. աղջիկը գիտակցում է իր գեղեցկութիւնը, որը յատկապէս ընդգծւում է բարդի ծառի նման սլացիկ ու բարակ իրանով: Եւ շատ լաւ գիտէ, որ իր նազանքով ու կանացիութեամբ, կրակի նման, վառում է տղայի սիրտը: Կարելի է կարծել, որ նրանք միմեանց ձեռք բռնած զբօսնում են, և կալատեղից հասել են հանդի եզրին, որի առջև նոյնպէս աղջիկը, ինչպէս ասում է տղան, շողում է ծաղկած վարդի նման: Եւ վերջում նա համաձայնում է աղջկայ հետ, որ իր սիրտն այրւում է նրա սլացիկ ու բարակիրան կերպարանքի տեսքից:

Երգը ներկայացուած է Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Յարութիւն Թոփիկեան:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/10/2023, 08:01