Հայկական ժողովրդական երգեր. «Այսօր հրեշտակք ի բարձունս» շարականը
Քրիստոսի Յարութեանն է նուիրուած Կիլիկիայի հայկական թագաւորութիւնում ապրած 12-րդ դարի փիլիսոփայ, պետական և եկեղեցական գործիչ և երաժիշտ Ներսէս Լամբրոնացու (1153-1198) «Այսօր հրեշտակք ի բարձունս» շարականը:
Ներսէս Լամբրոնացու՝ յարութեան կանոնի շարականները բաժանւում են երկու խմբի՝ իւրաքանչիւրում հինգ շարական. «Կանոն սրբոյ Զատկին» և «Կանոն նոր կիրակէի կրկին Զատկի»: Սա առաջին խմբի շարականներից է:
Այս շարականը բաղկացած է չորս եռատող տնից: Նրա խօսքերում ասւում է, որ այս օրը (նկատի ունի յարութեան կիրակին) մարդկային ցեղի հետ միասին բարձունքներում ուրախացել են նաև հրեշտակները, որոնք երկնքից ցած իջնելով աշխարհին են հաղորդում այս աւետիսը. «Ցնծացէք այսօր, Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ամենուր կանչում են նրանք: Եւ հենց այս օրն էր, - երգւում է շարականում, - որ զուարթունը գերեզմանը ծածկած վիմաքարի վրայից ձայն տուեց խնկաբեր սուրբ կանանց ու փողահարութեամբ ազդարարեց Քրիստոսի յարութիւնը՝ յորդորելով, որպէսզի գնան և աշակերտներին պատմեն այդ մասին: Մի փոքր պարզաբանենք այս հատուածը:
«Զուարթուն» բառը, բացի «ուրախ» իմաստից, ինչպէս Ստեփան Մալխասեանցն է բացատրում , ունի նաև «հսկող» և «հրեշտակ» իմաստը: Իսկ, օրինակ, Մատթէոսի աւետարանի 28-րդ գլխի սկզբում կարդում ենք. «Շաբաթ օրուայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և միւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: Եւ ահա, մեծ երկրաշարժ եղաւ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մօտեցաւ, դռոնից վէմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրայ:
Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպէս ձիւնը: Նրա ահից պահապանները խռովուեցին ու մեռելների պէս եղան: Հրեշտակը խօսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցէք, գիտեմ, որ փնտրում էք Յիսուսին, որ խաչուեց. Այստեղ չէ նա, քանի որ յարութիւն առաւ, ինչպէս ինքն ասել էր. եկէք տեսէք այն տեղը, ուր պառկած էր: Եւ իսկոյն գնացէք, ասացէք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ»:
Ահա, աւետարանական այս պատկերն է արտացոլում Լամբրոնացու «Այսօր հրեշտակք ի բարձունս» շարականը, որը ներկայացուած է հայր Մեսրոպ Բենլեանի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ